ԱՄՆ ԱՆ-ն իր կայքից հեռացրել է Էփշթեյնի գործին վերաբերող 16 ֆայլ, այդ թվում՝ Թրամփի լուսանկարը
ԱՄՆ արդարադատության նախարարության հանրային վեբ-էջից անհետացել է առնվազն 16 ֆայլ, որոնք պարունակում էին դատապարտված սեռական հանցագործ Էփշթեյնի հետ կապված փաստաթղթեր, այդ թվում՝ երկրի նախագահի Դոնալդ Թրամփի լուսանկարը, հայտնում է Associated Press-ը։
Լրատվամիջոցն ընդգծում է, որ ֆայլերը հեռացվել են հրապարակումից հետո մեկ օրվա ընթացքում՝ առանց կառավարության որևէ բացատրության և առանց հանրությանը տեղեկացնելու։
Անհետացած ֆայլերը, որոնք հասանելի էին ուրբաթ և դադարեցին հասանելի լինել շաբաթ օրը, ներառում էին նկարներ մերկ կանանց պատկերներով, ինչպես նաև լուսանկարների շարք, որոնք տեղադրված էին դարակներում և սեղանի գզրոցներում։ Այդ գզրոցներից մեկում Թրամփի լուսանկարն էր՝ Էփշթեյնի, Մելանիա Թրամփի և Էփշթեյնի երկարամյա գործընկերուհի Գիսլեյն Մաքսվելի հետ։
Ավելի ուշ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտնել է․ «Լուսանկարներն ու այլ նյութերը շարունակելու են ստուգվել և խմբագրվել օրենքի համաձայն՝ առավելագույն զգուշությամբ, երբ ստացվի լրացուցիչ տեղեկատվություն»։
Հիշեցնենք, որ Էփշթեյնի գործով հրապարակվել էր նախկինում չհրապարակված մի շարք լուսանկարներ ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի և շատ քիչ լուսանկարներ Թրամփի մասնակցությամբ։ Երկուսն էլ կապված էին Էփշթեյնի հետ, սակայն հետագայում հրաժարվել էին այդ ընկերական հարաբերություններից։ Նրանցից ոչ մեկը չի մեղադրվել Էփշթեյնի հետ կապված որևէ իրավախախտման մեջ, և որևէ ակնարկ չի եղել, թե լուսանկարները դեր են խաղացել նրա դեմ հարուցված քրեական գործերում։
