ԱՄՆ-Հայաստան. Պետդեպը և Պենտագոնը պատրաստվում են բացել «Թրամփի ճանապարհը» Իրանի հետ սահմանի երկայնքով

ՀՀ Սյունիքի մարզը՝ տնտեսական և աշխարհաքաղաքական շահերի խաչմերուկում

«Թրամփի ճանապարհը դեպի միջազգային խաղաղություն և բարգավաճում» (TRIPP) նախագծի իրականացման շրջանակներում Երևանն ու Վաշինգտոնը համատեղ կոնսորցիում կստեղծեն, որտեղ Հայաստանը որոշիչ ձայնի իրավունք կունենա, վերջերս ասել է ՀՀ վարչապետը։

Շուտով կորոշվի նաև տվյալ կառույցի անվանումը, որի տնօրենների խորհրդում ներկայացված կլինեն երկու երկրները, ընդ որում, նրանց հարաբերակցությունը կախված կլինի ներդրումների մասնաբաժնից։ Բացի այդ, «Թրամփի երթուղու» գործունեությունը վերջերս քննարկվել է Կոպենհագենում Ալիևի հետ՝ ներառյալ էլեկտրահաղորդման գծի և գազատարի կառուցումը, որոնք «հնարավոր կլինի անցկացնել ամենաարագը»:

Կարդացեք նաև

Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանի խոսքով՝ ներկայումս քննարկվում է հայ-ամերիկյան համատեղ կոնսորցիումի ստեղծումը, որի շրջանակներում քննարկվելու է նաև թուրքական ընկերությունների ներգրավումը TRIPP-ի իրականացման գործում: Այս հարցի վերաբերյալ որոշումները, ինչպես և նախագծի վերաբերյալ մնացած ամեն ինչ կկայացնեն Հայաստանն ու ԱՄՆ-ը։

Հայաստանի կառավարության ղեկավարն ավելի վաղ հայտարարել էր՝ Սյունիքի մարզում երկաթուղային հատվածի շինարարությունը կսկսվի 2026 թվականի երկրորդ կեսին, այսինքն՝ հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններից հետո: Ի սկզբանե միջանցքի կառավարման համար մասնավոր ընկերություն ստեղծելու գաղափարը ծագել է հենց Թուրքիայից, որի հետաքրքրությունը Արաքս գետի երկյանքով նախկին խորհրդա-իրանական սահմանի նկատմամբ սկիզբ է առնում առնվազն 1980-1990-ական թվականների սահմանագծից։

Հավանաբար, արդեն սեպտեմբերին՝ Վաշինգտոնում Թրամփի, Ալիևի և Փաշինյանի բանակցություններից մոտ մեկ ամիս անց, Երևանում ԱՄՆ դեսպանատունը հայկական կողմին է փոխանցել TRIPP-ում ներդրումների համար պետական երաշխիքների մասին միջկառավարական համաձայնագրի նախագիծը։ Ենթադրվում է՝ ԱՄՆ-ը կերաշխավորի ճանապարհի շինարարության ֆինանսավորումը, այն դեպքում, երբ Հայաստանն ամերիկացի գործընկերներին հնարավորություն է ընձեռում կառավարել այն և փոխանցումներ հավաքել բեռնաուղևորատար հոսքի տարանցման համար՝ այս ամենը 49 կամ 99 տարի ժամկետով։

Վերջերս Երևան կատարած այցի ընթացքում ԱՄՆ Պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ղեկավար Բրենդան Հանրահանը խոստացել էր «TRIPP նախագծի իրականացման և դրա հետ կապված համաձայնագրերի ֆինանսավորման առաջին տրանշի շրջանակներում» տրամադրել 145 մլն դոլարի չափով աջակցություն։ Տեղական լրատվամիջոցների որոշ արտահոսքեր ենթադրում են՝ փողերն արդեն փոխանցված են:

Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը Հանրահանի հետ հանդիպմանը չի մոռացել նշել Բաքվի և Երևանի միջև խաղաղության առաջմղման գործում Վաշինգտոնի ունեցած «կարևորագույն դերը»: Պետքարտուղարության պաշտոնյան առանձին շփվել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հետ՝ քննարկելով երկկողմ տնտեսական կապերի ընդլայնման և առևտրի ծավալների ավելացման ուղիները:

Զրուցակիցները պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքեր գործադրել տնտեսական կապերի ամրապնդման, ներդրումային միջավայրի բարելավման և նոր նախաձեռնությունների խրախուսման ուղղությամբ: Հետաքրքրություն հայտնելով նախագծի և դրա ենթակառուցվածքի նկատմամբ՝ Պապոյանը հանդիպումից հետո տեսաուղերձում պատմել է TRIPP-ի՝ «գործնական իրականացման» փուլ անցնելու մասին։

Նոյեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ընթացքում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ալիսոն Հուքերը հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Սոնատա Քոուլթերի գլխավորությամբ երկկողմ աշխատանքային խմբերի գործարկման մասին՝ TRIPP նախագծի իրականացման համար: ՀՀ վարչապետը ուշադրություն է հրավիրել երկու երկրների միջև համագործակցության նոր մակարդակի վրա՝ հաճոյախոսություններ անելով Սպիտակ տան տիրոջը։

«Պետքարտուղարի տեղակալն ընդգծել է՝ ԱՄՆ-ի և Հայաստանի միջև շարունակվող համագործակցությունը, զուգորդված Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի ձեռքբերման և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի հետ, խոստանում է Հարավային Կովկասը բացել՝ որպես կենսական առևտրային ուղի:

Նրա կարծիքով՝ դա զգալի առավելություններ կստեղծի՝ ինչպես ամերիկացի, այնպես էլ՝ հայ ժողովուրդների համար, ինչը հնարավոր է դարձել նախագահ Թրամփի և ՀՀ վարչապետի առաջնորդության շնորհիվ»,- հայտնել են նրա մամուլի ծառայությունից։

Երևանում «կարևոր են համարում ամերիկացի գործընկերների աջակցությունը սահմանային մաքսային հսկողության ենթակառուցվածքի կատարելագործման և մաքսավորների ներուժի շարունակական զարգացման հարցերում», դեկտեմբերի 8-ին հայտարարել է Պետեկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը ԱՄՆ Պետդեպարտամենտի արտահանման վերահսկողության և սահմանների անվտանգության ծրագրի (EXBS) տարածաշրջանային խորհրդական Քերն Չեյսնիի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան թմրանյութերի դեմ պայքարի և իրավապահ համագործակցության վարչության (INL) ղեկավար Զաքարի Բարտերի հետ բանակցությունների ընթացքում:

Զրուցակիցները քննարկել են «Մաքսային ռիսկերի կառավարման համակարգի կատարելագործման, այդ թվում՝ վերլուծական կարողությունների բարձրացման տեսանկյունից» ԱՄՆ աջակցության ծրագրի (2018թ․) իրականացումը: Ըստ վերջնական կոմյունիկեի՝ կողմերը «․..պատրաստակամություն հայտնեցին առաջիկայում շարունակել ձեռք բերված պայմանավորվածությունները և ընդլայնել համագործակցությունը, այդ թվում՝ հաշվի առնելով տարածաշրջանային նոր նախաձեռնությունները», որոնց էությունը կռահելն այնքան էլ դժվար չէ։

Ամերիկայի հետ ռազմաքաղաքական գործընկերության ակտիվ զարգացման մասին է վկայում նաև դեկտեմբերի 10-12-ը Պենտագոնի պատվիրակության այցը Հայաստան՝ Եվրոպական հրամանատարության գործընկերության, անվտանգության համագործակցության և զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի գծով փոխտնօրեն Քրիս Մակքինիի գլխավորությամբ՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին Սպիտակ տանը կայացած գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածություններին աջակցելու նպատակով»:

Ըստ Երևանում ԱՄՆ դեսպանատան՝ Եվրոպական հրամանատարությունը «սերտորեն համագործակցում է ՀՀ ներքին գործերի և պաշտպանության նախարարությունների հետ՝ կայուն խաղաղությանը նպաստող ընդհանուր նպատակներին հասնելու համար, ներառյալ՝ քիմիական, կենսաբանական, ռադիոլոգիական և միջուկային պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնումը և ՀՀ զինված ուժերի շարունակական արդիականացումը»:

Մինչդեռ արտասահմանյան լրատվամիջոցները շարունակում են մեկնաբանել Սպիտակ տան՝ քննարկվող «Թրամփի երթուղուն» (Բաքվի իշխանությունների տերմինաբանությամբ՝ «Զանգեզուրի միջանցք») ԱՄՆ ռազմական ներկայության տարրեր ներառելու ծրագրերը:

Դեռևս սույն թվականի հուլիսի վերջին Անկարայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել էր, որ Վաշինգտոնը պատրաստ է վարձակալության պայմանագիր կնքել Հայաստանի և Իրանի միջև սահմանի մի հատվածի համար՝ ակնհայտ աշխարհաքաղաքական պրոյեկցիայով դեպի Մերձավոր Արևելք, որտեղ ԱՄՆ-ը փորձում է տարբեր տեսակի նախագծեր իրականացնել բիզնես և քաղաքական կոմբինացիաների հանգույցում (տխրահռչակ «Գազայի գործարք», սիրիական էներգետիկայի վերականգնման նախագծեր և այլն)։

Տարածաշրջանային առաջադեմ անկայունության ներկայիս պայմաններում դժվար է պատկերացնել TRIPP նախագծի իրականացումն առանց ուժային բաղադրիչի՝ ի դեմս որևէ մասնավոր ռազմական ընկերության կամ նույնիսկ Իրանի հետ սահմանի մոտ գտնվող բազայի։ Հազիվ թե Երևանի չափազանց սերտ ռազմաքաղաքական մերձեցումը Սպիտակ տան հետ՝ ներառյալ Հայաստանում ԱՄՆ հետախուզական հնարավորությունների հնարավոր ընդլայնումը արհեստական ինտելեկտի տեխնոլոգիաների զարգացման շղարշից այն կողմ, դրական կընկալվի Թեհրանում։

Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր․ «Զանգեզուրի միջանցքով» երկաթուղային հաղորդակցության բացումը սպասվում է 2028 թվականին՝ Հորադիզ-Աղբենդ 130 կիլոմետրանոց հատվածի շինարարության ավարտից և այլ կազմակերպատեխնիկական աշխատանքներից հետո: Թուրքիայի կողմից միջանցքի «արևմտյան» շարունակությունը կլինի Կարս-Դիլուջու 224 կիլոմետրանոց երկաթուղին, որի բացումը նախատեսվում է 2029 թվականին։

Ենթադրություններ են արվում, որ նորահայտ երթուղին կլցնեն, ի թիվս այլ բաների, Հայաստանի խոշորագույն ձեռնարկություններից մեկի՝ Քաջարանի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից մատակարարումները։ 2024 թվականին այդ երկրից արտահանվել է 342 հազար տոննա պղինձ-մոլիբդենային խտանյութ (558 մլն ԱՄՆ դոլար), որի 78%-ը (435 միլիոն ԱՄՆ դոլար) ուղղվել է Չինաստան։

Ամերիկացիների ձգտումն՝ այս կամ այն կերպ «հեծնել» Եվրասիայում քիչ թե շատ նշանակալի առևտրային ուղիները, հաճախ և ողջամտորեն դիտարկվում են Չինաստանի հետ բնական ռեսուրսների հասանելիության համար սրվող դիմակայության համատեքստում։ Ըստ որոշ տվյալների՝ Սյունիքի մարզը թաքցնում է մոլիբդենի համաշխարհային պաշարների մինչև 8 տոկոսը, այնպես որ, Կովկասում «ռեսուրսային պատերազմների» հերթական փուլը բնավ վերացական հեռանկար չէ։

Ռուսական կողմը պատրաստ է խորհրդակցել Երևանի հետ «Թրամփի ճանապարհ» նախաձեռնության պարամետրի և ռուսական հնարավոր մասնակցության վերաբերյալ, հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը: «Հայ-ամերիկյան նախագծի մանրամասները դեռ պետք է ուսումնասիրվեն։ Պատրաստ ենք խորհրդակցել հայ գործընկերների հետ՝ քննարկելու՝ ինչպես նախաձեռնության չափորոշիչները, այնպես էլ՝ ռուսական հնարավոր մասնակցությունը», քանի որ «առկա են բավարար հիմքեր»։

Ըստ էության, մեր առջև եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում համաձայնեցված երթուղու հատված է։

«Ռուսական երկաթուղիների» դուստր ձեռնարկությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը, ունի Հայաստանի երկաթուղային ցանցի կառավարման կոնցեսիա։ Տարածաշրջանում օգտագործվում է ռուսական երկաթգծերը։ Բացի այդ, ենթադրյալ «ճանապարհը մեծամասամբ անցնելու է մեր սահմանապահների պատասխանատվության գոտով։ Պետք է հաշվի առնել նաև ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության գործոնը։ Ակնհայտ է՝ առանց Ռուսաստանի գործընկերները չեն կարող»։

Կարելի է ենթադրել՝ վաղեմի նախագծի իրականացման հարցերը, որը գալիք տարում կարող է մտնել գործնական իրականացման հարթություն, այսպես թե այնպես կքննարկվեն մոտ ժամանակներս ռուս-հայկական բանակցությունների և խորհրդակցությունների շրջանակներում, և ընդհանուր առմամբ TRIPP-ի ապագան մեծապես կախված է այն բանից, թե արդյո՞ք շահագրգիռ կողմերը կկարողանան այն պաշտպանել աշխարհաքաղաքական մրցակցությունից: Ամենայն հավանականությամբ, դա անելը շատ դժվար կլինի։

ԴՄԻՏՐԻ ՆԵՖՅՈԴՈՎ

fondsk.ru

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս