Իրանն ու Ռուսաստանը խորացնում են համագործակցությունը Հարավային Կովկասում, հնարավորությունները սահմանափակ են. Վերլուծաբան
Օրերս ՌԴ ԱԳ նախարարությունում տեղի ունեցան Ռուսաստանի ու Իրանի ԱԳ նախարարների բանակցությունները։ ՌԴ պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Կովկասին, Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարեց, թե Իրանը համոզված է, որ Կովկասի ու Կենտրոնական Ասիայի անվտանգությունն ու կայունությունը պետք է հենց այդ տարածաշրջանի երկրների միջոցով ապահովվի:
«Այդ շրջանակներում Իրանը Կովկասի համար 3+3 մեխանիզմն է առաջարկել և լրջորեն հետամուտ է դրան: Այժմ էլ պլանավորվում է այդ ձևաչափով ԱԳ նախարարների հաջորդ հանդիպումը»,- նշել էր ԻԻՀ ԱԳ նախարարը։
Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ Արաղչիի և Լավրովի հանդիպման ընթացքում շեշտվել է քաղաքական համախոհությունը գլոբալ հարցերում։ Նշվում է, որ Թեհրանն ու Մոսկվան ունեն գրեթե նույն դիրքորոշումները միջազգային հարցերի շուրջ: Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Թեհրանի և Մոսկվայի միջև խորհրդակցությունները շարունակվում են, երկկողմ համագործակցությունն օրեցօր խորանում է։
Ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ կողմերը մանրամասն քննարկել են միջազգային ընթացիկ հարցերը և արձանագրել, որ երկու երկրների դիրքորոշումներն առանցքային հարցերում խիստ մոտ են։ Փորձագետները համոզված են, որ համախոհությունը վերաբերում է նաև տարածաշրջանային հարցերին, այդ թվում՝ TRIPP-ի նախագծին։
168.am-ի հետ զրույցում իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարն ասաց, որ Իրանի ու Մոսկվայի օրերս կայացած բանակցությունները բավականին լայն օրակարգով էին։ Ըստ Բարզեգարի՝ կողմերը ստորագրեցին 3-ամյա համագործակցության ծրագիր՝ 2026-28 թվականների համար, որը նախատեսում է դիվանագիտական, տնտեսական, անվտանգության և քաղաքական համատեղ օրակարգ։
Նա նշեց, որ Ռուսաստանի ու Իրանի հարաբերությունները հասել են նոր փուլի և փոխըմբռնման նոր մակարդակի։
«Քննարկվել է Իրանի միջուկային ծրագիրը և դիվանագիտական մարտահրավերներին արձագանքելը, Մերձավոր Արևելքի հակամարտությունները, մասնավորապես՝ պաղեստինյան հարցը, Կովկասի և Կենտրոնական Ասիայի անվտանգությունը, որտեղ Իրանը հատուկ ընդգծում է, որ ցանկացած արտաքին ուժի առկայությունն այնտեղ պետք է որոշվի տարածաշրջանի երկրների կողմից»,- նշեց Կայհան Բարզեգարը՝ հավելելով, որ Իրանն այս շեշտադրումներն անում է՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական ներկայիս միտումները։
Նա վստահեցնում է՝ Իրանի ու Ռուսաստանի համար Հարավային Կովկասն առանցքային ռեգիոններից մեկն է։
«Գլխավոր արձանագրումն այն է, որ Հարավային Կովկասի վերաբերյալ Իրանի ու Ռուսաստանի մոտեցումները գնալով սերտանում են բոլոր հարցերում՝ թե աշխարհաքաղաքական, թե ռեգիոնալ ենթակառուցվածքային, ուստի Իրանն ու ՌԴ-ն փորձում են անել ամեն բան, որպեսզի առաջ մղեն 3+3 պրոյեկտը, որը կարող է հավասարակշռել ռեգիոնալ ազդեցությունները։
Դեռ ներուժ կա այս համագործակցությունը խորացնելու համար, սակայն Ռուսաստանն ու Իրանն արդեն իսկ բազմաթիվ խնդիրներ ունեն Արևմուտքի հետ, սահմանափակ դիվանագիտական հնարավորություններ, ուստի աշխատում են դեռ փոխելու համար իրավիճակը, որտեղ միտումն Արևմուտքի դիրքերի ամրապնդումն է»,- ասաց Կայհան Բարզեգարը։
