Արցախյան 44-օրյա պատերազմը մի ամբողջ կյանք տարավ․ ինձ թվաց՝ երեխայիս մեծանալը բաց եմ թողել․ Արմեն Գրիգորյան
«Այն ամենը, ինչին նայում ենք, կարող է դառնալ հեքիաթ»,- ասել է դանիացի գրող Հանս Քրիստիան Անդերսենը։ Իսկ, թե մեր օրերում ինչպե՞ս են ծնվում հեքիաթները, այս մասին զրուցել ենք հեքիաթագիր, մանկագիր Արմեն Գրիգորյանի հետ։

– Ինչպե՞ս են ստեղծվում Ձեր հեքիաթները։
– Հեքիաթները ստեղծվում են երաժշտություն լսելով, լռության մեջ և, իհարկե, շատ գրքեր կարդալուց, երեխաների հետ շփվելուց հետո գալիս են հետաքրքիր մտքեր։
– Ինչի՞ մասին է եղել առաջին հեքիաթը և արդյո՞ք տպագրվել է։
– «Կանը և կախարդական բանալու գաղտնիքը» հեքիաթն է եղել, տպագրվել է 2015թ․։ Այդ ժամանակ փորձում էի մուլտֆիլմի, ֆիլմերի սցենարներ գրել։ Հետո գրեցի «Օպերայի բակում»-ը, որը երեխաների կյանքի, դպրոցական խնդիրների մասին է։ Երեխաները նաև տեղափոխվում են հեքիաթային աշխարհ, որտեղ խոսում են հայ մեծերի արձանները, խորհուրդներ տալիս։ Այնտեղ գաղտնիքներ են ներկայացվում մեծերի կյանքից։ Հիմա փորձում եմ երկրորդ մասը գրել, հուսով եմ՝ մեկ տարի անց կտպագրվի։
– Նախքան թեմայի ընտրությունն ինչ-որ ուսումնասիրություններ կատարո՞ւմ եք, կամ զրուցո՞ւմ եք երեխաների հետ՝ հասկանալու, թե ինչպես կընկալվի։
– Երեխաների հետ շփումը միշտ գիրքը տպագրելուց կամ շնորհանդեսից հետո է լինում։ Հետաքրքիր ու երբեմն բարդ հարցեր են տալիս, որոնց պատասխանները ես էլ չունեմ։ Այդ հարցերից էլ երբեմն առաջանում են մտքեր, գաղափարներ։
– Օպերայի բակով շատերս ենք պարբերաբար անցնում։ Այն կարծես վերածվել է խաղահրապարակի, նկատում եմ, երեխաները հարգանք չունեն մշակութային միջավայրի նկատմամբ։ Կանգնում, նստում են արձաններին։ Ձեր հեքիաթներում անդրադարձ չկա, նոր հատորում գուցե լինի՞ կրթական հատված։
– Դաստիարակչական, կտրուկ բաները լավ չեն աշխատում երեխաների դեպքում։ Նույնիսկ չար, վատ կերպարի արարքը, եթե ինչ-որ բան է անում, ու դա ներկայացնում ես, որ լավ չէ, կարող է հակառակը լինել։ Բայց կան հատվածներ, որ փորձել եմ նրբորեն բացատրել երեխաներին։ Հետաքրքիր միտք հայտնեցիք, բայց գրում ես այն, ինչ քեզ հետաքրքրում է, ու շատ չես սևեռվում անպայման դաստիարակչական սա պետք է լինի, նա լինի։ Սահմաններ կան՝ երեխային չվնասելը, հոգեբանական, տարիքային շեմը պահելը։ Եթե երեխան 10 տարեկան է, չպետք է լինեն բաներ, որ 15 տարեկանները պետք է հասկանան։ Արձանների նկատմամբ վերաբեմունքը հետաքրքիր գաղափար է, կփորձեմ այդ մասին մտածել մյուս գրքի դեպքում։
– Մեր ժամանակներում գրողները գրում են առօրյա խոսակցական ոճով, կիրառում են այնպիսի բառեր, որոնք հասանելի են մեծերին, փոքրերին, անձնանուններ, որոնց նրանք ծանոթ են։ Ինչո՞ւ չկան բառեր, որոնց իմաստը չհասկանան ու փորձեն փնտրել։
– Փորձում եմ այն բառապաշարով գրել, որ երեխաները հեշտ կարդան, բայց չեմ օգտագործում «ա»-ն, օրինակ՝ «գնացել ա» չեմ գրում։ Չեմ օգտագործում փողոցային բառեր, գրում եմ հայոց լեզուն հարգելով, բայց պարզ լեզվով, որ երեխաները կարդալուց չտանջվեն։ Այն բառերը, որ պետք է փնտրեն՝ դպրոցական դասագրքերում հաստատ կլինեն։ Եթե 3-4-րդ դասարանում լինեի, ինձ հաճելի կլիներ, որ այսպես գրված լիներ, պատմությունը սկզբից մինչև վերջ կարդայի, մտքերն ու գաղափարներն ավելի հեշտ տրվեին։ Լիներ լիքը նկարազարդումներով, մեծ տառերով։

– Չեք նկատե՞լ, որ երեխաները հիմա չունեն բառապաշար և պատկերացում։ Ուզոււմ եք՝ հզոր պատկերազարդում արեք, իմաստը չեն հասկանա: Սա ինչի՞ հետևանք է։
– Մի քիչ համաձայն չեմ, որովհետև երեխաներն իմ գրքերը կարդալիս այնպիսի հարցեր են տալիս, որ հասկանում ես՝ ամբողջ գիրքը, կերպարներին հասկացել են։ Բառապաշարի առումով, իհարկե, ունենք խնդիրներ, բայց չեմ կարծում, որ համատարած է։
– Ֆանտաստիկայի ժանրում ստեղծագործողները կարծես ապագան կանխագուշակում են։ Ինչպիսի՞ ապագա եք կանխատեսում։
– Ինձ թվում է՝ դա արվում է ենթագիտակցորեն։ Շատ հնարավոր է՝ ապագայում ինչ-որ բան լինի ու քո գրքում այդ մասին գրված լինի։ Բայց, երբ ուղիղ հարցնեն, թե ի՞նչ կկանխագուշակես, մի քիչ դժվար է ասել։ Երբ գրում ես՝ միտքդ, ուղեղդ լարվում է ու գրում ես լավագույնը, որ կարող ես մտածել։ Իսկ առօրյա կյանքում առօրյա խնդիրների մասին ես մտածում։ Հուսով եմ, արհեստական բանականության զարգացումը կշարունակվի ներկայիս ուղիով։ Ծրագրերը մեզ օգնում են կատարել առօրյա աշխատանքները։
– Արհեստական բանականությունը մարդուն չի՞ դարձնի ավելի շատ նստակյաց կյանքով ապրող և չմտածող։
– Ժամանակին շատ տեխնոլոգիական զարգացումների, համակարգչի, ինտերնետի դեպքում եղել են հարցեր, որ հնարավոր է՝ մարդիկ դառնան նստակյաց, ու այո, ավելի նստակյաց են, բայց մարդուց շատ բան է գալիս՝ լինել ակտիվ, զբաղվել սպորտով և օգտվել տեխնոլոգիայից այնպես, ինչպես ճիշտ է։ Փորձենք եղածից քաղել լավագույնը։
– Ստեղծագործող մարդու ստեղծագործությունն առաջին հերթին փոխում է իրեն, նոր դիմացինին։ Ձեր մեջ ի՞նչ փոխվեց։
– Կա նման բան, որովհետև այն մտքերը, որ գրում ես, մտածում ես դրանց մասին։ Ավելի ուշադիր եմ իմ կողքինների նկատմամբ, և կարծում եմ՝ կողքինի մասին մտածելը շատ կարևոր է։ Գրքում հատվածներ կան, որ ընկերներն իրար օգնում են, ու ես ինձ հարցնում եմ՝ արդյո՞ք նույն ձև կվարվեի, ինչպես գրում եմ։ Դա շատ հետաքրքիր է։
– Կվարվեի՞ք։
– Մտածում եմ՝ կվարվեի՞, թե՞ չէ։ Հուսով եմ՝ այո։
– «Ամանորյա հեքիաթում» կատարվում են երեխաների տարբեր ցանկությունները․ մեկն ուզում է անտեսանելի դառնալ, մյուսը՝ թռչել։ Ո՞րն է Ձեր ցանկությունը։
– Կուզեի իմ սցենարի հիման վրա մուլտֆիլմ նկարվեր։ Գրքերն էլ էին ինձ համար երազանք, արդեն 4-ն են, ու մի քիչ անհավատալի է։
– Կա՞ հեքիաթագիր, ում կուզեիք հանդիպել, և ի՞նչ հարցեր կքննարկեիք։
– Ջոան Ռոուլինգին կուզեի հանդիպել։ Շատ եմ սիրում «Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը»։ Կուզեի իմանալ՝ ինչո՞ւ նա փոխեց իր անունը։ Հետաքրքիր կլիներ շփվել ֆանտաստիկայի հոր՝ Ռուել Թոլքինի հետ։

– Կարծես թվարկված հեղինակներն էլ Ձեզ ոգեշնչել են։
– Կարելի է այդպես ասել։
– Ինչպե՞ս հանդգնեցիք հեքիաթ գրել, չէի՞ք վախենում, որ չի ստացվի։
– Ուժեղ երևակայություն ունեմ, սիրում եմ ֆանտաստիկան ու հեքիաթը։ Շատ չեմ մտածել վախենալու մասին։ Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանն է ինձ շատ օգնել, ասում էր՝ շատ բանաստեղծներ կան, բայց հեքիաթագիրներ այդքան շատ չունենք, ու հենց հեքիաթի նկատմամբ սերն օգնեց շարունակել գործը։ Ես նաև շատ եմ սիրում երեխաներին և կարծում եմ՝ ճիշտ ուղղությամբ գնացի։ Հեքիաթը ոչ միայն սովորեցնում է, այլև օգնում է մի քիչ դուրս գալ իրականությունից։ Մեր իրականությունը բարդ է ու խնդիրները շատ են, և երբեմն կորչում ես այդ ամենի մեջ։ Հեքիաթն, օրինակ, ինձ օգնում է գրելու ժամանակ կտրվել իրականությունից ու հետ վերադառնալ ավելի ուժեղ։
– Չար, նախանձ մեծահասակը հեքիաթ կարդա՝ կբարիանա՞։
-Կարծում եմ՝ մեծերին օգնում է իրականության մեջ գտնել հեքիաթ, որը քիչ է։ Ամեն գրքից հետո դու մի քիչ փոխվում ես։ Կուզեի, որ իրականությունում հեքիաթայինն ավելի շատ տեսնեինք։
– Մասնակցել եք Արցախյան 44-օրյա պատերազմին, գիրք գրե՞լ եք տեղի ունեցածի վերաբերյալ։
– Գրել սկսել եմ հենց այնտեղ։ Փորձում էի հենց այնտեղ էլ փնտրել իրականությունից կտրվելու հատվածը։ Օրերով պատմություն դարձավ։ Առաջարկեցին գիրք դարձնել, բայց ինչ-որ բան խանգարում էր, որովհետև իմը հեքիաթն է, դրա համար պատմություններն օրերով ամբողջականացրեցի ու տպագրվեց «Գրեթերթում»։ Ընթերցողներն այնպիսի հարցեր էին տալիս, կարծես ինձնից պատասխաններ էին ուզում ստանալ, որոնք չունեի։ Ուղղակի ներկայացրել էի, թե ինչ է եղել։ Սխալ էր գիրք դարձնելը, որովհետև կարդալու էին ու պատասխան էին փնտրելու։ Ավելի շատ դառնալու էր բիզնես գաղափար, որովհետև, եթե չունես այն, ինչ պետք է ստանար մարդը, պետք չէ հուսախաբ անել։

– Մոտ 50 օր եղել եք ռազմի դաշտում․ այդ օրերն ի՞նչ բերեցին ու ի՞նչ տարան Ձեզանից։
– Կարծես մի ամբողջ կյանք տարավ․ աղջիկս 6 ամսական էր, ու հեքիաթային տարիքն է երեխային սիրելու, և այդ հատվածը որ բաց թողեցի՝ ինձ թվաց, որ երեխայիս մեծանալը բաց եմ թողել։ Տվեց ընկերներ, կյանքը գնահատել, կողքինի նկատմամբ ուշադիր լինել։ Մինչև պատերազմ գնալն ավելի էգոիստ էի, հետո մի քիչ, կարծում եմ, փոխվել եմ։
