Մեղրաջո՞ւր, սոդա՞, վիտամիննե՞ր, թե՞ պատվաստանյութ․ ինչպե՞ս խուսափել գրիպից

ՀՀ-ում շարունակում է արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվություն: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնի դեկտեմբերի 15-ի տարածած հաղորդագրությամբ՝ ընդհանուր դեպքերի 80%-ը կազմում է 0-18 տարեկանների խումբը, առավել բարձր ցուցանիշ շարունակում է արձանագրվել 0-14 տարեկանների շրջանում: Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի բժիշկ-վարակաբան Լիանա Ղազարյանի հետ զրուցել ենք հիվանդության, բարդությունների և դրանցից խուսափելու մասին։

– Գրիպի ո՞ր ենթատեսակն է այժմ տարածված։

– Սեզոնային առումով ձմեռվանից մինչև գարուն համարվում է սուր շնչառական հիվանդությունների ակտիվացման ժամանակահատված ու այն ներառում է մի քանի հիվանդություններ։ Ներկայումս շրջանառվում է գրիպի A տեսակի վիրուսը՝ իր հիմնական դրսևորումներով։

Կարդացեք նաև

Որո՞նք են ախտանշանները, և ովքե՞ր են թիրախում։

– Ջերմության բարձրացում, ընդհանուր թուլություն, մկանացավ, գլխացավ, քթի փակվածություն, ցավի, քերոցի զգացում կոկորդում։ Առաջին օրերին՝ քթի փակվածություն, ավելի ուշ կարող է միանալ քթահոսությունը։

Սուր շնչառական հիվանդությունները հիմնականում վիրուսային ծագման վարակներ են, ու ինչպես ցանկացած ինֆեկցիոն հիվանդություն՝ տարբեր ընթացքներով կարող է ընթանալ՝ անախտանիշից մինչև թեթև, միջին, ծայրահեղ ծանր ընթացք։ Գրիպը ևս բացառություն չէ։ Վտանգավոր է խոցելի խմբերի համար՝ երեխաները, հիմնականում կրծքի հասակի, հղիները, տարեցները և քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք՝ ներառյալ իմունոդեֆիցիտային վիճակը, որի ժամանակ կարող է բարդանալ ու գումարվել բակտերիալ վարակը, որի դեպքում բուժական տակտիկան փոքր-ինչ այլ է։ Առաջին հայացքից թվում է, որ անմեղ հիվանդություն է, բայց, ցավոք, այդպես չէ։

Քանի՞ օր կարող է մարդը բուժվել տանը և ո՞ր պահին պետք է դիմի բժշկի։

– Հիմնական ախտանշանների ի հայտ գալուն պես, երբ թեթև ընթացք է, կա ընդհանուր թուլություն, թույլ արտահայտված քթահոսություն, ոչ շատ բարձր ջերմություն, այս փուլում նախընտրելի է մեկուսանալ, բուժում ստանալ տան պայմաններում՝ կապ հաստատելով բժշկի հետ, լինել հսկողության ներքո։ Իսկ ռիսկի խմբում գտնվողներն անմիջապես պետք է դիմեն բժշկի։ Չբարդացած գրիպի դեպքում մինչև մեկ շաբաթ վարակիչ է համարվում, իսկ բարդացած դեպքում մինչև երկու շաբաթ կարող է վարակիչ լինել։ Առավել վտանգավոր են առանց ախտանշանների և թեթև հիվանդությունները, որոնց ժամանակ վարակակիրն ակտիվ տարածում է վարակը՝ երբեմն չիմանալով այդ մասին։ Բուժման տեսանկյունից պետք է հստակ իմանալ, որ վիրուսների դեպքում հակաբիոտիկների կիրառումը ոչ միայն էֆեկտիվ չէ, այլև կարող է վնասել։

Մեկ-մեկ ասում են՝ մի քանի հոգու վարակեմ՝ լավանամ, կա՞ նման բան։

– Ոչ, դա միֆ է։ Վիրուսը տարածվում է, ունի իր առանձնահատկությունները, սեզոնայնությունը։ Սեզոնին կանխարգելիչ միջոցառումներ պետք է ձեռնարկել՝ փակ տարածությունում կրել դիմակ, չլինել ավելի մարդաշատ տարածքներում, պատվաստվել, հաճախ լվանալ ձեռքերը, օդափոխել տարածքը։ Փոխանցման ուղին օդակաթիլային եղանակն է, չի բացառվում նաև կոնտակտայինը՝ ձեռքերի միջոցով։ Վիրուսը փոխանցվում է հազալու, փռշտալու, անգամ խոսելու ընթացքում։ Իսկ աղտոտված մակերեսներից ձեռքերի միջոցով անցնում է շնչուղիներ։

Կորոնավիրուսը և՞ս տարածված է։

– Ինչպես մյուս վիրուսները, այնպես էլ կորոնավիրուսը մեզ հետ ապրում է և ապրելու է միշտ։ Գրիպը նախորդ դարում պանդեմիա առաջացնող վիրուս էր, բայց հիմա կա և այդպես վտանգավոր չէ։ Նույնը կորոնավիրուսն է։

– Նշեցիք, որ ռիսկի խմբում նաև հղիներն են, ի՞նչ վտանգ է սպառնում, եթե վարակվեն գրիպով։

– Պետք է հաշվի առնել այն, որ մեկ կյանքի հետ գործ չունենք, այլ երկու։ Բնությունն ինչ-որ չափով պաշտպանում է բալիկին, բայց ինչ-որ չափով՝ մոր առողջության հաշվին։ Առաջանում է իմունոդեֆիցիտ վիճակ, որը հիվանդությունը ծանր տանելու ռիսկ է։

Գրիպից խուսափելու համար մարդիկ մեղրաջուր են օգտագործում, լիմոնով, սոդայաջրով բերանն են ողողում, վիտամին C են օգտագործում, անգամ սիստեմաներ ընդունում. դրանք կանխո՞ւմ են։

– Վարակվում են, ուղղակի օրգանիզմի առանձնահատկությունից ելնելով՝ ծանրությունը տարբեր է լինում։ Գրիպը հիմնականում սիպտոմատիկ բուժում է պահանջում, որի մեջ մտնում են առատ հեղուկները։ Եթե խմելը բավարար չէ՝ տոքսիկ վիճակով պայմանավորված, այո, ստիպված ենք լինում դիմել նաև ներերակային հեղուկների ներմուծմանը, իհարկե, խորհուրդ ենք տալիս նաև վիտամին C-ի կիրառումը, որը կարող է լինել խմելու տարբերակով, սննդի, դեղորայքի տեսքով։

– Ո՞ր դեպքում պետք է զգոն լինել։

– Երբ ունեն բարձր, կայուն ջերմություն, երեխաների դեպքում՝ քնկոտություն, ուտելու ցանկության բացակայություն, շնչարգելություն, դժվարաշնչություն, շրթունքների կապտություն, հևոց, օդի պակասի զգացողություն, պետք է դիմել բժշկի, որովհետև չի բացառվում՝ բակտերիալ վարակով բարդացում լինի, ինչը համարվում է գրիպի ամենաառաջին բարդություններից մեկը։

Տեսանյութեր

Լրահոս