Աթաթուրքից հետո խոշոր հաղթանակը․ Էրդողանը որոշել է՝ ով է Հայոց հաջորդ Կաթողիկոսը․ թուրքական ԶԼՄ-ներ
Թուրքական երկու խոշորագոյն լրատվամիջոցներից «Aydınlık»-ը և «Sözcü»-ն դեկտեմբերի 19-ին և 20-ին Հայաստանի մասին ծավալուն հոդված են հրապարակել՝ նշելով, Թուրքիան վերջնականապես փորձում է հաստատել Հայաստանի վրա հսկողություն, այդ թվմ՝ նշանակել Ամենայն Հայոց Կաթողիկոսին:
«Aydınlık»-ը, մասնավորապես, գրում է․ «Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը։ Ու՞մ է աջակցում Անկարան․ ՀՀ վարչապետ Փաշինյանը բազմիցս հայտարարել է երկրի հոգևոր առաջնորդին՝ կաթողիկոսին, փոխարինելու իր ցանկության մասին։ Սակայն գլխավոր հարցը մնում է՝ ո՞վ կզբաղեցնի նրա տեղը։
Այժմ, ըստ «Քյուլիյեի» աղբյուրների, այս որոշումը կկայացվի ոչ թե Հայաստանի հոգևոր կենտրոնում՝ Էջմիածնում, այլ Անկարայում և Ստամբուլում։»
5 մլն հետևորդ ունեցող թուրքական լարտվամիջոցը շարունակում է․ «Թուրքիան կանգնած է Աթաթուրքից ի վեր իր ամենամեծ արտաքին քաղաքականության հաղթանակի շեմին: Նախագահ Թայիփ Էրդողանը մոտ է Հայաստանի հետ անմիջական մերձեցման վերջին խոչընդոտը վերացնելուն։
Այդ խոչընդոտը Գարեգին Բ կաթողիկոսն է՝ Հայ եկեղեցու առաջնորդը։ Նրա հեռացումը Հայաստանը կվերածի Թուրքիային բարեկամ երկրի, իսկ Երևանի աշխարհիկ կառավարությունը չի դիմադրի Անկարայի պահանջներին։
Նիկոլ Փաշինյանը վաղուց հրաժարվել է հայկական քաղաքականության անկյունաքարից՝ «Ցեղասպանության» քարոզչությունից: Այս քայլը թուլացրել է կապերը Ֆրանսիայի և Ռուսաստանի մեծ հայկական սփյուռքի հետ։
Լեռնային Ղարաբաղի հարցում Փաշինյանը պահպանում է Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքականությանը մոտ քաղաքականություն:
Թուրքիայում Հայոց եկեղեցու առաջնորդ Սահակ պատրիարքի թեկնածությունն են քննարկում վերոնշյալ շրջանակները, որն այժմ գտնվում է Ստամբուլում, հարցը քննարկվում է նախագահ Էրդողանի և նրա խորհրդականների կողմից։ Հավանական է, որ այս թեկնածուն աջակցություն կստանա ոչ միայն թուրքական իշխանությունների, այլև Անթիլիասի Հայ Առաքելական եկեղեցու և Լիբանանի հայ հոգևորականության կողմից։
Որ թեկնածուն էլ հաղթի, Էրդողանը զգալի առավելություն կստանա Հայաստանի հոգևոր շրջանակներում։ Սա թուրքական քաղաքականության համար զգալի առաջընթաց կլինի», – իր տեղեկություններն է փոխանցում թուրքական լրատվականը։
Հավելենք սակայն, որը ըստ CivilNetCheck-ի, Aydınlık-ում հրապարակված հոդվածը ամբողջությամբ հիմնված է անանուն աղբյուրների վրա։ Նյութում օգտագործվում են «մեր աղբյուրներով», ինչպես նաև «Քյուլիյեի աղբյուրներ» (Külliye çevreleri) ձևակերպումները։ Վերջինս թուրքական մամուլում սովորաբար օգտագործվում է նախագահի աշխատակազմին կամ նախագահական համալիրին մոտ ենթադրվող անանուն շրջանակներ նկարագրելու համար:
Aydınlık-ը թուրքական լրատվամիջոց է, որը հայտնի է իր սկանդալային և հաճախ սենսացիոն հրապարակումներով՝ հատկապես արտաքին քաղաքականության և տարածաշրջանային զարգացումների թեմաներով։ Լրատվամիջոցի նյութերի մեծ մասը կառուցվում է անանուն և ստուգման համար անհնարին աղբյուրների վրա՝ օգտագործելով «իրավիճակին ծանոթ աղբյուրներ», «իշխանությանը մոտ շրջանակներ» և նմանատիպ ձևակերպումներ։
Aydınlık-ը Թուրքիայում գործող «Հայրենիք» կուսակցության (Vatan partisi) լրատվամիջոցն է։ Կուսակցության նախագահը ծայրահեղ ազգայնական դիրքորոշումներով հայտնի գործիչ Դողու Փերինչեքն է։ Նա հայտնի է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման դեմ իր գործունեությամբ։ Նա Շվեյցարիայում 2005-ին դատապարտվել էր 90-օրյա պայմանական ազատազրկման կամ դրան համարժեք տույժի՝ այնտեղ կազմակերպված գիտաժողովի ընթացքում Հայոց ցեղասպանությունը «միջազգային սուտ» որակելու համար։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, սակայն, հետագայում գտել էր, որ Շվեյցարիան խախտել է Փերինչեքի խոսքի արտահայտման ազատության իրավունքը՝ նշելով, որ նրա հայտարարությունները չեն պարունակել բռնության կամ ատելության կոչ։
Բացի այս, Փերինչեք հայտնի է իր ռուսամետ հայացքներով. «Հայրենիք» կուսակցությունը բացահայտ պահանջում է Թուրքիան դուրս բերել ՆԱՏՕ-ից և ճանաչել Աբխազիան ու Ղրիմը որպես անկախ պետություններ կամ Ռուսաստանի մաս։
Վերջին տարիներին, ինչպես փաստագրել են, միջազգային լրատվամիջոցներն ու փաստեր ստուգող կազմակերպությունները, Aydınlık-ն օգտագործվել է կրեմլամետ և հակաուկրաինական պատմույթներ տարածելու համար։
Օրինակ՝ 2022-ի մարտին, երբ միջազգային հանրությունը արձանագրում էր Ուկրաինայի Բուչա քաղաքում խաղաղ բնակիչների զանգվածային սպանությունները, Aydınlık-ը հրապարակեց հոդված՝ պնդվելով, թե տեղի ունեցածը «բեմադրություն» է և չի կարող համարվել ռուս զինվորականների կողմից իրականացված հանցագործություն։ Նյութը հիմնված էր բացառապես անանուն աղբյուրների վրա և որևէ անկախ ապացույց կամ միջազգային հետաքննության տվյալ չէր ներկայացնում։ Հոդվածը հետագայում լայնորեն տարածվեց ռուսական պետական լրատվամիջոցներում՝ օգտագործվելով որպես «արտասահմանյան աղբյուր»՝ հերքելու Բուչայի իրադարձությունների վերաբերյալ միջազգային հետաքննությունների և լուսանկարային ապացույցների արդյունքները։
Միջազգային հետազոտությունները պարզել են, որ Aydınlık-ը ռուսական պետական քարոզչության մեջ օգտագործվում է որպես «արտասահմանյան անկախ աղբյուր»՝ ապատեղեկատվությունը լեգիտիմացնելու համար։ Ըստ ուսումնասիրության՝ կրեմլամետ պատմույթները սկզբում հրապարակվում են Aydınlık-ում՝ առանց ապացույցների և անանուն աղբյուրների հղումներով, ապա արագ վերահրապարակվում ռուսական պետական լրատվամիջոցների կողմից՝ ներկայացվելով որպես թուրքական մամուլի «բացահայտումներ»։ Այս մեխանիզմի միջոցով, փաստացի, ռուսական մեդիան ձևավորում է անկախ աղբյուրից հաստատման պատրանք՝ ապատեղեկատվությունը միջազգային հարթակներում շրջանառելու համար։
Իսկ ահա թուրքական մյուս մեծ լրատվականը՝ «Sözcü»-ն, փոխանցում է․
«Կաթողիկոսական շփոթ․
Միակ կառոյցը, որը Հայաստանին նույնիսկ սահմանափակ անկախության զգացողություն է հաղորդում, Հայ Առաքելական Եկեղեցին է։
Փաշինյանը բազմիցս արտահայտել է կաթողիկոսին փոխարինելու իր ցանկության մասին, բայց հիմնական անորոշությունն այն է, թե ով կզբաղեցնի նրա տեղը։
Այս անորոշությունն այժմ, ինչպես ասվում է, վերացել է․ Անկարան և Ստամբուլն ավելի վճռորոշ դեր են խաղում, քան Էջմիածինը»։
Ովքե՞ր են թեկնածուները․
Իրավիճակին ծանոթ մեր աղբյուրներից ստացված տեղեկությունների համաձայն՝ Թուրքիան որոշել է մեկ թեկնածուի շուրջ: Նախագահ Էրդողանը և նրա խորհրդականները քննարկում են Հայ Առաքելական Եկեղեցու՝ Ստամբուլի Սահակ պատրիարքի թեկնածությունը:
Ըստ տեղեկությունների՝ Սահակ II-ը «հավանաբար կստանա թուրքական իշխանությունների աջակցությունը»։
Վերլուծությունն ավարտվում է այն պնդմամբ, որ անկախ նրանից, թե որ թեկնածուն կընտրվի, Թուրքիան վճռորոշ վերահսկողություն կստանա Հայաստանում: Այս իրավիճակը «արդյունավետորեն անհնար կդարձնի թուրքական քաղաքականությանը հակազդելը»:
Երբ այս գործընթացն ավարտվի, Հայաստանում քաղաքական և սոցիալական որոշումների կայացման մեխանիզմները ամբողջությամբ կձևավորվեն արտաքին գործոններով:», – նշվում է «Sözcü»-ի հոդվածում։
