ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԼՎԱՆՈՒՄ Է ՁԵՌՔԵՐԸ. ՕՊՏԻՄԱԼԱՑՆՈՒՄ ԵՆ ԱՆԳԱՄ ՎՏԱՆԳԱՎՈՐ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՆՈՒՇ ՊՈՂՈՍՅԱՆ

2026 թվականի հունվարի 3-ից շտապօգնության մի շարք կանչեր ամբողջությամբ փոխանցվելու են Առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) ծառայությանը` որպես Առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպություններին ուղղորդվող կանչեր, որոնք ենթակա են սպասարկման մինչև 120 րոպեի ընթացքում (եթե կանչը փոխանցվում է հերթապահության ավարտին, սպասարկվում է հաջորդ աշխատանքային օրվա առաջին ժամերին)։

Այս մասին 168TV«Առողջ որոշում» հաղորդաշարի ժամանակ ասաց «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը:

Այս անգամ նա խոսել է Հայաստանի առողջապահական համակարգի հերթական «նորամուծության» մասին, այս անգամ արդեն՝ շտապ բուժօգնության ծառայությանը վերաբերող:

«ԱԱՊ-ին են փոխանցվելու հետևյալ կանչերը․

Կարդացեք նաև

  • Մինչև 38.5°C ջերմություն, առանց կյանքին կամ առողջությանը վտանգ սպառնացող ախտանիշների
  • Հարբուխ, ռինիտ, տոնզիլիտ
  • Առանց կլինիկական արտահայտված ախտանիշների զարկերակային գերճնշում (>140/90)
  • Քրոնիկական հոդացավեր և մկանացավեր
  • Քրոնիկական ալկոհոլիզմով կամ այլ քրոնիկական հիվանդություններով անձանց կրկնակի կանչեր նույն օրը, առանց սրացման
  • Նորագոյացություններով հիվանդների կրկնակի կանչեր, առանց նոր սրացած ախտանիշների
  • Նույն հասցեից, նույն պատճառով 24 ժամվա ընթացքում կրկնակի կանչ, եթե առաջին կանչի ժամանակ անհետաձգելի վիճակ չի արձանագրվել
  • Նույն հասցեից 24 ժամվա ընթացքում կրկնակի կանչ, եթե պացիենտը հրաժարվել է հոսպիտալացումից»,- ասաց Անուշ Պողոսյանը:

Նրա խոսքով՝ այս ամենը բժիշկների աշխատավարձի վրա որևէ կերպ չի անդրադառնալու։

«Առողջապահության նախարարությունը ապահովագրված քաղաքացիներին առաջարկում է էնդովասկուլյար վիրաբուժություն մինչև 78 տարեկանը։ Էնդովասկուլյար (անոթների ներսից իրականացվող ինվազիվ) վիրաբուժությունը կիրառվում է հետևյալ դեպքերում․

  • Վերջույթների պերիֆերիկ զարկերակային հիվանդություն
  • Աթերոսկլերոզ, անոթների նեղացումներ և խցանումներ
  • Անևրիզմներ (աորտայի, պերիֆերիկ)
  • Սուր և քրոնիկ թրոմբոզներ
  • Կրիտիկական իշեմիա
  • Վարիկոզ հիվանդություն (լազերային կամ ռադիոհաճախային մեթոդներով)
  • Վիսցերալ անոթների հիվանդություններ (երիկամային, միջընդերային)
  • Արյունահոսությունների կառավարում
  • Որոշ ուռուցքների սնուցող անոթների էմբոլիզացիա:

Սակայն գործող կարգավորումների համաձայն՝ այս կենսական նշանակություն ունեցող բժշկական միջամտությունները ապահովագրության շրջանակում նախատեսված են միայն մինչև 78 տարեկան անձանց համար»,- նկատեց Անուշ Պողոսյանը:

Վերջինս հավելեց՝ այսպիսով, ՀՀ-ում ավելի քան 100․000 քաղաքացի, ովքեր 78 տարեկանից բարձր են, զրկվում են անոթների ինվազիվ վիրահատություններն ապահովագրությամբ իրականացնելու հնարավորությունից՝ անկախ բժշկական ցուցումներից, ռիսկից կամ կյանքի պահպանման անհրաժեշտությունից։

«Փաստացի տարիքային չափանիշը դառնում է ոչ թե բժշկական, այլ բացառող գործոն, և պետությունը տարեց քաղաքացիներին առաջարկում է այլընտրանքային, փաստացի սահմանափակող ապահովագրական մոտեցում։ Սա առողջապահական քաղաքականություն չէ, այլ տարիքային խտրականություն, որը հակասում է՝ ինչպես առողջության իրավունքի տրամաբանությանը, այնպես էլ՝ համընդհանուր ապահովագրության գաղափարին»,- ասաց առողջապահության ոլորտի փորձագետը:

Ըստ նրա՝ Առողջապահության նախարարությունը օպտիմալացնում է ամեն ինչ՝ նույնիսկ վտանգավոր հիվանդությունները: 34-ից 9 Հայաստանի Հանրապետությունում երկար տարիներ շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդություններ։

«Սրանք այն վարակիչ հիվանդություններն են, որոնք կարող են արագ տարածվել՝ առաջացնելով համաճարակային վտանգ և պահանջելով պետության անմիջական, պարտադիր և համակարգային միջամտություն։ Այս հիվանդությունների դեպքում պետությունն ունի հստակ սահմանված գործառույթներ։

Պետության անելիքը շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքում՝

1․ Վարակիչ հիվանդությունների վաղ հայտնաբերում և պարտադիր գրանցում

2․ Յուրաքանչյուր դեպքի օպերատիվ համաճարակաբանական հետազոտություն 3․ Վարակված անձանց մեկուսացում և բուժման կազմակերպում պետական պատվերի շրջանակներում

4․ Կոնտակտավոր անձանց հայտնաբերում, հսկողություն և կարանտին 5․ Պետական պատվաստումների իրականացում և օջախներում լրացուցիչ իմունիզացիա

6․ Անվճար կամ պետական պատվերով բուժօգնության կազմակերպում 7․ Ինֆեկցիոն ծառայությունների և լաբորատոր կարողությունների ապահովում 8․ Սանիտարահիգիենիկ վերահսկողություն՝ հանրային վայրերում, սննդի և ջրի ոլորտում

9․ Հանրային իրազեկում և պաշտոնական հաղորդակցություն

10․ Պարտադիր ցուցումների տրամադրում բժշկական և ոչ բժշկական կազմակերպություններին

11․ Համաճարակային իրավիճակում ժամանակավոր սահմանափակումների կիրառում

12․ Բուժանձնակազմի պաշտպանություն և ապահովում անհրաժեշտ միջոցներով 13․ Պետական պահուստների ձևավորում (դեղեր, պաշտպանիչ միջոցներ) 14․ Իրավական վերահսկողություն և պատասխանատվության կիրառում խախտումների դեպքում

15․ Միջգերատեսչական համակարգված աշխատանք (ԱՆ, ՏԻՄ, ոստիկանություն, կրթական կառույցներ): Սակայն այսօր հայտարարվում է, որ այս հիվանդությունների ցանկը կտրուկ կրճատվում է, և այսուհետ հատուկ վտանգավոր կհամարվեն ընդամենը 9 հիվանդություններ։

Եվ այո, այս իրավիճակում կարելի է միայն մեկ բան ասել․ պետությունը բառացիորեն «ձեռները լվանում է»»,- եզրափակեց Անուշ Պողոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժանորդագրվեք յութուբյան մեր ալիքին https://www.youtube.com/@168amofficial, գրեք ձեր հարցերը ձեզ հուզող խնդիրների մասին:

Տեսանյութեր

Լրահոս