Բաժիններ՝

Սիրիական բանակը Հալեպի շրջանում կենտրոնացրել է մինչև 70.000 զինծառայող և 300 տանկ

Al-Hadath News-ի փոխանցմամբ՝ սիրական բանակը ձեռնամուխ է եղել Հալեպ քաղաքի և նույնանուն նահանգի ազատագրմանը միտված «Հյուսիսային Փոթորիկ» գործողության առաջին փուլի իրագործմանը: Սիրիական բանակը հարձակում է գործել նահանգի արևմտյան ու հարավային հատվածներում գտնվող բնակավայրերում զինյալների դիրքերի վրա՝ նպատակ հետապնդելով շրջապատել Հալեպը:

Գործողության առաջին փուլի նպատակն Անդան քաղաքում զինյալներին շրջափակելն է, թուրք-սիրիական սահմանին ընկած Աազազ քաղաքը Հալեպին կապող դաշնային ճանապարհի ազատագրումն է, որը մեկ տարուց ավելի է, ինչ վերահսկվում է զինյալների կողմից և ներկայացնում է ռազմավարական կարևորություն Հալեպում զինյալների լոգիստիկ ապահովման համար:

Նշվում է, որ Լիբանանին սահմանակից Ալ-Քուսեյր քաղաքում տարած հաղթանակը և դրանից հետո Հալեպի նահանգում սիրիական բանակի ձեռնարկած վճռական գործողությունները, ինչպես նաև արտաքին զինված միջամտության հետ կապված հույսերի մարումը վերջնականապես կաթվածահար են արել զինյալներին, որոնց բազմաթիվ հրամանատարներ փախել են Թուրքիա:

Այժմ սիրիական բանակը վերջացնում է վերջին նախապատրաստությունները՝ երկրի հյուսիսային խոշորագույն քաղաք Հալեպն ու նրա շրջակայքը զինյալներից մաքրելու համար: Քաղաքում ու նրա շրջակայքում բնակվում է 4 միլիոն մարդ:

Սիրիական բանակը Հալեպի ու նրա շրջակայքը զինյալներից մաքրելու համար կենտրոնացրել է 60.000-70.000 զինծառայող: Վերջին օրերին սիրիական ավիացիան ակտիվորեն հետախուզական թռիչքներ է գործում զինյալների դիրքերի նկատմամբ՝ լուսանկարելով տեղանքը:

Նշվում է, որ քաղաքի համար ճակատամարտը կարող է մեկնարկել հաշվված օրերի կամ ժամերի ընթացքում: Սիրիական բանակի հրամանատարությունը Հալեպ է փոխադրել 300 տանկ, 400 դաշտային հրանոթ, 200 ռեակտիվ հրետանային սարք: Բացի այդ, ուղղաթիռներով Հալեպ են տեղափոխվում հատուկջոկատայիններին ու դեսանտայինների ընտրյալ զորամասեր: Նրանց քանակը կարող է հասնել 3000-ի:

Հալեպում բնակվում է մոտ 300.000 շիա, որոնք կառուցել են բարիկադներ և պարեկություն են կատարում իրենց թաղամասերում՝ կանխելու համար զինյալների առաջխաղացումը: Շիաները դիմադրում են զինյալներին և սպասում են Հալեպի համար մեծ ճակատամարտի սկսվելուն:

Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ սիրիացի ապստամբներն ահազանգել էին, որ «Հզբոլլահի» ավելի քան 4000 զինյալ Ալ-Քուսեյրից ժամանել է Հալեպ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս