Բաժիններ՝

«Հզբոլլահի» ավելի քան 4000 զինյալ ժամանել է Հալեպ. սիրիացի ապստամբներ

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սիրիական բանակն Ալ-Քուսեյր քաղաքն ազատագրելիս ոչնչացրել է 900 զինյալի: Գերի է վերցվել ավելի քան 300 զինյալ, որոնց թվում կան արաբական ու իսլամական երկրները ներկայացնող բազում վարձկաններ:

Մոտ 1500 զինյալ Ալ-Քուսեյրից փախել է Լիբանան: Ալ-Քուսեյրում գերի է վերցվել «Ջաբհաթ ան-Նուսրա» ծայրահեղական խմբավորման ջոկատների երկու դաշտային հրամանատար, որոնք ուղղաթիռով բերվել են Դամասկոս՝ հարցաքննության համար:

Միևնույն ժամանակ Սիրիական ազատ բանակի մամլո ներկայացուցիչ Լուայ Մեկդադը Ash-Sharq al-Awsat-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հալեպում «Հզբոլլահի» զինյալների քանակը գերազանցել է 4000-ը:

Նրանք տեղակայվել են Ռազմական ինժեներային ակադեմիայի զորանոցներում և պատրաստվում են քաղաքի գրոհին: Չնայած դրան՝ Մեկդադը հայտարարել է, որ չի հավատում, թե Հալեպի ճակատամարտին «Հզբոլլահի» զինյալների մասնակցությունը կփոխի ուժերի հավասարակշռությունը:

Նա ընդգծել է, որ իրենք լավ պատրաստվել են գրոհից պաշտպանվելուն և դրան կդիմակայեն նախապես ամրացված շրջաններում: Սիրիական զինվորական հրամանատարությունը մտադիր է հանգիստ չտալ ապստամբներին և Ալ-Քուսեյրից անմիջապես անց սկսել Հալեպի համար ճակատամարտը, որի կեսը վերահսկվում է ապստամբների կողմից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս