Հայաստանի անվտանգության պատմական համակարգը
Հայաստանի անվտանգության հարցեր
Գրառում Բ
Մաս 1
Հին շրջան. ապահովություն և դավադրություն
Եթե աշխարհագրությունը որևէ երկրի անվտանգության հիմքերի հիմքն է, ապա անվտանգության երկրորդ կարևոր հենքը տվյալ երկրի պատմությունն է: Ի հակադրություն աշխարհագրական գործոնի, որն աչքի է ընկնում կայունությամբ, անփոփոխությամբ և տևականությամբ, պատմականը՝ դինամիկ, փոփոխական բևեռն է: Այս երկու հակադիր միտումների միջակայքում էլ, որպես երկուսի բարդ հավասարակշռություն, տեղակայված է որևէ երկրի անվտանգությունը:
Նախորդ գրառմամբ բարձրացրեցինք Երևանակենտրոն Հայաստանի խնդիրը՝ աշխարհագրական տվյալների, հատկապես՝ նախիջևանյան հարցի հետ դրա կապի մեջ: Երևանակենտրոն Հայաստանի խնդիրը միայն այդքանով չի սահմանափակվում: Բայց նախքան դրա մյուս առումներին անդրադառնալն օգտակար է մի ամփոփ պատմական ակնարկի տեսքով փորձել հասկանալ, թե ինչո՛ւ և ինչպե՛ս է Երևանը դարձել Հայաստանի կենտրոն: Սա կարևոր է ոչ միայն՝ զուտ հետաքրքրության համար, այլև այն պատճառով, որ ակնհայտ հակասություն կա Հայաստանի՝ որպես անկախ պետություն, անվտանգության հիմնարար մարտահրավերների՝ մի կողմից, և նրա Երևանակենտրոն կառուցվածքի միջև՝ մյուս կողմից:
Այսինքն՝ եթե որևէ մեկն ուզեր ներկայիս սահմաններով անկախ Հայաստանի կենտրոն ընտրել, ապա նրա ընտրությունը չպետք է կանգներ Երևանի, ոչ էլ ընդհանրապես Արարատյան դաշտի վրա: Բայց այն, որ չնայած դրան, Երևանը Հայաստանի կենտրոնն է, պատմական ժառանգության, այլ ոչ թե՝ գիտակցված ընտրության խնդիր է: Փոխվել են պատմական պայմանները, որոնցով պայմանավորված՝ Երևանը հայտնվել է կենտրոնի դերում, բայց պատմական ինքնահոսի (իներցիա) հետևանքով, կենտրոնական դիրքը մնացել է՝ հակասելով առկա իրականությանը: Դա նշանակում է, որ ներկա իրականությունը չունի բավականաչափ սեփական գիտակցություն՝ ինքն իրեն ձևավորելու համար՝ համապատասխան սեփական կարիքների:
Մեր պատմական ակնարկը կբաժանենք երկու-երեք մասի՝ ընթերցողին չծանրաբեռնելու նպատակով: Նախ՝ կներկայացնենք հին և միջնադարյան շրջանի իրողությունները, ապա՝ նոր ժամանակներինը:
Մարտահրավեր և պատասխան
Արարատյան դաշտը հնագույն ժամանակներից ի վեր եղել է տնտեսական, մշակութային և հոգևոր կենտրոն, սակայն նրա՝ որպես քաղաքական կենտրոն ձևավորվելը պայմանավորված է ոչ միայն այդ՝ տնտեսական և մշակութային, այլ նախ՝ անվտանգության հիմքով:
Առաջին պետությունը, որը քաղաքականապես միավորել է Հայկական լեռնաշխարհը, Վանի Թագավորությունն էր կամ Ուրարտուն: Հենց Վանի Թագավորության շրջանում էլ Արարատյան դաշտը մտնում է ռազմաքաղաքական պատմական ասպարեզ՝ որպես այդ թագավորության երկրորդ, այսպես ասած, պահուստային կենտրոն (բուն կենտրոնը, ինչպես պարզ է հենց պետության անվանումից, Վանա լճի ավազանն էր):
Վանի թագավորության կազմավորումը և նրա թագավորների կողմից Հայկական Լեռնաշխարհի միավորումը հենց ինքը պատասխան էր անվտանգության հիմնարար մի մարտահրավերի՝ Լեռնաշխարհից հարավ ընկած Ասորեստանյան Կայսրության հզորացման: Արագ հզորացող Ասորեստանի արքաները մ.թ.ա 9-րդ դարի կեսերից հաճախակի են դարձնում իրենց արշավանքները դեպի ՀԼ-ի հարավ: Այդ արշավանքները պայմանավորված էին նրանով, որ Եփրատի և Տիգրիսի միջին հոսանքի դաշտում տեղակայված Ասորեստանի նկատմամբ Հայկական Լեռնաշխարհի հարավային մասը բարձրադիր բերդի դիրք ուներ, և բնական էր հզորացող Ասորեստանի ձգտումը՝ խաղաղեցնել կամ վերահսկողության ինչ-որ կերպ հաստատել այդ տարածքի նկատմամբ:
Հայկական Լեռնաշխարհի քաղաքական կազմակերպման կերպն այդ շրջանում անջատ-անջատ մանր իշխանություններն էին՝ գավառապետություններ կամ ձորապետություններ: Սա Հայկական Լեռնաշխարհի աշխարհագրական պայմաններից բնականորեն բխող քաղաքական կազմակերպման կերպն է: Պետք էր արտաքին հզոր մարտահրավեր, որպեսզի այդ գավառապետությունների ուժերի միավորման անհրաժեշտություն ստեղծվեր: Լեռնաշխարհի իշխանություններն առանձին-առանձին ի զորու չէին դիմադրել հաճախակիացող ասորեստանյան արշավանքներին: Որպես պատասխան այդ մարտահրավերին՝ գոյացավ Վանի Թագավորությունը, որը միավորեց Լեռնաշխարհի իշխանապետությունները: Միավորումը, իհարկե, խաղաղ չէր, այլ իրացվեց, ինչպես նման դեպքերում լինում է՝ երկաթով և արյամբ:
Թիկունքային ռազմավարությունը
Երբ Վանի թագավորները ստեղծեցին իրենց պետության միջուկը Հայկական Լեռնաշխարհի հարավ-արևելքում (Վանա լճի ավազան և շրջակա տարածքներ), ապա նրանց հայացքներն ուղղվեցին դեպի հյուսիս և հյուսիս-արևելք: Ասորեստանյան ներխուժման վտանգն այս տարածքներին չէր սպառնում անմիջականորեն, բայց Վանի Թագավորության տեսակետից դրանք բնական թիկունք էին, որտեղ ամրանալով՝ նրանք կարող էին ավելի վստահորեն դիմակայել Ասորեստանին, և նույնիսկ, հզորանալով, իրենց հերթին՝ մարտահրավեր նետել Ասորեստանի գերիշխանությանը Մերձավոր Արևելքի հյուսիսում:
Մ.թ.ա. 8-րդ դարի առաջին կեսում Վանա արքաները՝ Մենուան, Արգիշտի Ա-ն, Սարդուրի Բ-ն, մի շարք համառ, արյունալի և կրկնվող արշավանքների ընթացքում կարողացան իրենց ենթարկել հյուսիսը, այդ թվում՝ ներկայիս Հայաստանի տարածքի մեծ մասը: Չնայած նվաճումը դժվար էր և պահանջեց լուրջ ջանքեր, սակայն, ի վերջո, այն տվեց կայուն և տևական արդյունք: Հատկապես Արարատյան դաշտը Վանի թագավորները դարձրեցին իրենց գերիշխանության երկրորդ կենտրոն՝ կառուցելով այստեղ քաղաքներ, բերդեր, տաճարներ, այգիներ, ջրանցքներ:
Ասորեստանի դեմ պայքարում Արարատյան դաշտն իդեալական թիկունքային հենք էր Վանի համար: Այն ժամանակվա ռազմական կազմակերպության մակարդակի պայմաններում դա անհասանելի էր ասորեստանցիների համար: Այս թիկունքն այնքան ապահով էր, որ ուրարտական վերջին արքաները, պետության ընդհանուր թուլացման պայմաններում, իրենց վերջին ապաստանը գտան հենց Արարատյան դաշտում:
Այդու՝ Արարատյան դաշտի քաղաքական կենտրոնի վերածվելը պայմանավորված էր նախ՝ անվտանգությամբ: Վանի թագավորները նվաճելով Արարատյան դաշտն ու ամրացնելով այն ռազմական, վարչական և տնտեսական առումներով՝ հիմքը դրեցին Հայաստանի պատմության մեջ դրա կենտրոնական դերի: Ցայսօր էլ ապրում ենք Արգիշտիի և մյուսների ստեղծած միջավայրում, չնայած վաղուց գոյություն չունի Վանի Թագավորությունը և դրա ձևավորումը պայմանավորած հանգամանքները:
Ապահովության դարեր
Երբ մ.թ.ա. 4-րդ դարի վերջում Աքեմենյան Կայսրության փլատակներում ձևավորվեց Հայկական Թագավորությունը՝ Մեծ Հայքը, ապա Արարատյան դաշտը դարձավ նրա բնական կենտրոնը: Նա շարունակում էր կատարել իր թիկունքային հենակետի դերը՝ անվտանգության տեսակետից լավագույն կենտրոնը, որի վրա հենվելով՝ կարելի էր կառուցել թագավորության ինքնիշխանությունը:
Հյուսիսից և հյուսիս-արևելքից Արարատյան դաշտին լուրջ վտանգ չէր սպառնում, քանի որ, չնայած նրան, որ այդ ուղղություններից Արարատյան դաշտ ներխուժելը համեմատաբար հեշտ էր, բայց Հայքից հյուսիս եղած պետությունները՝ Վիրքն ու Աղվանքը, չափից ավելի թույլ էին Մեծ Հայքի համեմատ, և բացի այդ՝ հայկական քաղաքական և մշակութային ազդեցության գոտում էին: Կովկասից այն կողմ ընկած տափաստաններից մերթ ընդ մերթ լինում էին քոչվորների ներխուժումներ, բայց դրանք, թեև ավերիչ էին, բայց երկարաժամկետ հետևանքներ չէին կարող ունենալ, քանի որ այդ ցեղերը ոչ նպատակ, ոչ էլ հնարավորություն ունեին նվաճելու երկիրը:
Արևմուտքից և հարավից Արարատյան դաշտն անհասանելի էր ռազմական արշավանքների համար՝ մինչև հռոմեական զորքերի հայտնվելը Հայքի սահմաններին մ.թ.ա 1-ին դարում: Արարատյան դաշտ հասնելու համար արևմուտքից կամ հարավից անհրաժեշտ էր անցնել-կտրել մի քանի լեռնային տարածք՝ հընթացս հաղթահարելով տեղացիների դիմադրությունը, ինչն անլուծելի խնդիր էր հունամակեդոնական փաղանգի համար, որը մինչև հռոմեացիների հայտնվելը՝ զորական կազմակերպության գերիշխող ձևն էր Արևմուտքում:
Արարատյան դաշտի համար միակ պոտենցիալ լուրջ վտանգը հարավ-արևևլյան ուղղությունն էր՝ Իրանի տարածքից Ատրպատականի վրայով: Իրանական տիպի զորքի հիմնական հարվածային ուժը ոչ թե հետևակն էր, ինչպես հունականի դեպքում, այլ ավելի արագ և շարժունակ հեծելազորը: Բայց այդ վտանգն ակտուալ էր դառնում միայն Իրանում միասնական, հզոր պետության ստեղծման դեպքում, ինչն իրականություն դարձավ միայն Պարթևների տերության հզորացմամբ մ.թ.ա 2-1 դդ.:
Արշակունիների մուտքը թիկունքից
Համեմատաբար ապահով այս իրավիճակի մեջ փոփոխություններ մտան, ուրեմն, մ.թ.ա 1-ին դարից, երբ Մերձավոր Արևելքում հայտնվեցին արևմուտքից՝ հռոմեացիները, իսկ արևելքից՝ իրենց գերիշխանությունն Իրանի և Միջագետքի նկատմամբ ամրապնդեցին պարթևները (Արշակունիները): Սպառնալիքների ծավալը Մեծ Հայքի կենտրոնի համար մեծացավ, թեև ոչ այն աստիճանի, որ Արարատյան դաշտը կորցներ անվտանգության կենտրոնի իր նշանակությունը:
Արևմուտքից սպառնալիքի գոյացման պատճառը հռոմեական զորքի նոր՝ կարգով ավելի բարձր որակն էր՝ հելենականի համեմատ: Հելենականի պես՝ հռոմեական զորքը գերազանցապես հետևակային էր, սակայն սա անհամեմատ ավելի կազմակերպված, կարգապահ, շարժունակ և մեծաքանակ հետևակ էր (հետաքրքրվողներն ավելի մանրամասն կարող են ծանոթանալ այս խնդրին Հանս Դելբրյուկի «Ռազմական արվեստի համընդհանուր պատմություն» քառհատորյակում): Թեև հռոմեական բանակի համար էլ Արարատյան դաշտ հասնելը հաղթական արշավանքով բարդ խնդիր էր, բայց դա այլևս անլուծելի չէր: Մի քանի փորձից հռոմեացիները կարողացան հասնել այդ նպատակին: Այդուհանդերձ, դա չէր նշանակում՝ հռոմեացիների կողմից Հայաստանը նվաճելու հնարավորություն: Հասնել Արարատյան դաշտ հռոմեացիներն ի զորու էին, բայց կայուն վերահսկողություն սահմանել՝ ոչ:
Արևմուտքից հռոմեական սպառնալիքին զուգահեռ՝ ակտուալ դարձավ և հարավ-արևելյան՝ իրանական ուղղության սպառնալիքը: Սակայն սա էլ սկզբնապես ավելի մեղմ դրսևորում ուներ: Արարատյան դաշտին ավելի լուրջ սպառնալիք ստեղծելու համար անհրաժեշտ էր ապահով վերահսկողություն Ատրպատականի նկատմամբ: Ատրպատականն այդ շրջանում եղել է կիսաանկախ թագավորություն, որը, նայած հանգամանքների, ընդունել է մե՛րթ հայերի, մե՛րթ պարթևների գերիշխանությունը: Երբ ուժեղացել է Ատրպատականում հայկական ազդեցությունը, ապա դրանով իսկ լուծվել է Արարատյան դաշտի անվտանգության խնդիրն այդ ուղղությամբ: Երբ ուժեղացել է իրանական ազդեցությունը, ապա ուժեղացել է և սպառնալիքը Հայաստանի կենտրոնի նկատմամբ:
Արդեն մեր թվարկության 1-ին դարում պարթևներին հաջողվեց ավելի կայուն և ամուր գերիշխանություն հաստատել Ատրպատականում. հայ-իրանական մրցակցությունն այդ երկրամասի վերահսկողության համար ավարտվեց իրանական կողմի հաղթանակով: Թեև Ատրպատականը մնաց թագավորություն՝ պահպանելով որոշ չափի ինքնավարություն, սակայն այստեղ սկսեց իշխել Պարթև Արշակունիների կրտսեր ճյուղը, և երկիրը փաստացի դարձավ Պարթևների տերության մաս: Սրա շնորհիվ արդեն պարթևների սպառնալիքն Արարատյան դաշտի ուղղությամբ դարձավ ավելի նյութական:
Ճիշտ է, նույնիսկ այս դեպքում դա բավական չէր Մեծ Հայքի անվտանգության համակարգը վերջնականապես հավասարակշռությունից հանելու և երկիրը նվաճելու համար, քանի որ մինչև 5-րդ դար հայկական պետության մասն էր Ատրպատականին սահմանակից Ուրմիա լճի ավազանը, որը հարավ-արևելյան ուղղությամբ Արարատյան դաշտ ներխուժելու առավել հարմար ճանապարհն էր: Այսինքն՝ նույնիսկ Ատրպատականի վերահսկողության դեպքում Իրանի կողմից ճնշումն Արարատյան դաշտի ուղղությամբ թեև ուժեղանում էր, բայց Հայքի կենտրոնն ուներ պաշտպանության առնվազն մեկ բնագիծ ևս:
Սակայն Ատրպատականում պարթևական գերիշխանության ամրացումն էլ բավական եղավ, որպեսզի պարթևները կարողանան հաստատել հայկական գահին Արշակունի տոհմի կրտսեր ներկայացուցիչներին, այսինքն՝ «փափուկ» կերպով ներխուժեն Հայաստանի կենտրոն և անուղղակի վերահսկողություն սահմանեն դրա նկատմամբ: Թեև հռոմեացիները փորձեցին խոչընդոտել պարթևների այդ ծրագրին, հատկապես օգտագործելով մի կարճատև պահ ուժեղացած Վրաստանի դիրքն Արարատյան դաշտի նկատմամբ, սակայն պարթևների խաղաքարտերն ավելի ուժեղ էին այս խաղում: Հայաստանը չկորցրեց իր անկախությունը և պահպանեց իր անվտանգության համակարգը, սակայն, զգալիորեն թուլացած տարբերակով: Այս նոր համակարգը պահպանվեց մինչև 4-5-րդ դդ.:
Հակաարարատյան դավադրություն և փլուզում
3-4-րդ դդ.-ում իրավիճակ փոխվեց Հայաստանի շուրջ: Ե՛վ Իրանում, և՛ Հռոմում 3-րդ դարի երկրորդ կեսին տեղի ունեցան պետությունների վերակազմավորման, իշխանության նոր հիմքերով կենտրոնացման գործընթացներ: Հատկապես Իրանում Արշակունիներին գահընկեց արած Սասանյանները ստեղծեցին ավելի կենտրոնացված համակարգ՝ սկսած հոգևորից՝ մինչև վարչական: Նախկին կիսաանկախ թագավորություններն ու իշխանությունները, որոնք գոյություն ունեին հռոմապարթևական սահմանում՝ ընդունելով մեկ կամ մյուս մեծ տերության գերիշխանությունը, վերացան՝ ուղղակիորեն միացվելով Իրանին կամ Հռոմին: Հայաստանն այդպիսի բուֆեր պետություններից ամենամեծն ու հզորն էր, և նրա ինքնիշխանության վերացումն ավելի մեծ ջանք և տևական ժամանակ էր պահանջում:
Սասանյանները վերջնականապես վերացրեցին նաև Ատրպատականի ինքնավարությունը, որը շարունակում էր պահպանվել պարթևների օրոք: Այժմ Ատրպատականը վասալ երկրից վերածվեց Իրանի մարզի: Սրա շնորհիվ Արարատյան դաշտի նկատմամբ իրանական ճնշումն ուժեղացավ:
Հայաստանի թագավորներն ունեին իրենց հակածրագիրը: Սկսած Տրդատ Մեծից՝ նրանք ևս փորձեցին ավելի կենտրոնացնել իրենց իշխանությունը: Այդ քաղաքականության մասերից էր, օրինակ, քրիստոնեության ընդունումը: Մոտ մեկ դար հայոց արքաները կարողացան հետաձգել Հայոց Թագավորության անկումը: Սակայն խնդիրը միայն ներքին չէր: Հայկական վերնախավերը բաժանված էին՝ ըստ արտաքին կողմնորոշման՝ արևմտամետ և արևելամետ, որով մեծ տերությունները հնարավորություն ունեին անընդհատ միջամտելով երկրի ներքին գործերին՝ խանգարել հայոց արքաների կենտրոնացման քաղաքականությունը:
Հատկապես արևմտամետ հոսանքի ջանքերով հայ Արշակունիների նկատմամբ իսկական քարոզչական պատերազմ ծավալվեց, որով մեր մատենագրության մեջ Տրդատ Մեծի գրեթե բոլոր ժառանգները ներկայանում են՝ որպես թուլակամ, այլասերված սրիկաներ: Նրանց մեղքը Հայքի անկախության համար պայքարելն էր, որի պատճառով նրանք սևացվեցին արտաքին հովանավորություն ունեցող քարոզչությամբ:
Ատրպատականի ավելի ամուր վերահսկողությունն ու իրանական պետության ընդհանուր կենտրոնացումը հիմք դարձան պարսկական մի քանի արշավանքների դեպի Մեծ Հայք: Երկիրը զենքի ուժով չնվաճվեց, սակայն աստիճանաբար թուլանում էր: Արարատյան դաշտն այլևս ապահով թիկունք չէր, այլ եթե ոչ՝ անմիջապես ռազմաճակատ, ապա՝ ռազմական վտանգի տակ հայտնված երկրամաս: Արարատյան դաշտի վերահսկողության վրա հիմնված հայոց արքաների իշխանությունը, բնականաբար, թուլանում էր:
Երկիրը դեռ պահպանում էր իր անկախությունը, քանի դարերի ընթացքում կառուցած անվտանգության համակարգը բավականաչափ ամուր էր՝ միանգամից կազմաքանդվելու համար: Այն ուներ դիմադրողականության որոշ պահուստ, և հեշտ մարսելի կտոր չէր որևէ մեծ տերության համար այն պայմանով:
Բայց երբ մեծ տերությունները՝ Հռոմն ու Իրանը, միավորվելով՝ համաձայնության եկան Հայքը բաժանելու, ապա արդեն այդ միասնությանը և երկկողմանի հզորացող ճնշմանը դիմադրելու ներուժ հայոց պետությունը չուներ: Երկիրը ոչ միայն բաժանվեց, այլև նրանից անջատվեցին ծայրամասային կարևոր գավառներ, այդ թվում՝ Ուրմիա լճի ավազանը՝ Արարատյան դաշտի պաշտպանության կարևորագույն բնագիծը:
Այդու ՝անվտանգության հին հայկական համակարգը քանդվեց: Արարատյան դաշտն այլևս ապահով թիկունք չէր, որի վրա հիմնվելով՝ կարելի էր կառուցել հայկական ինքնիշխանությունը, և երբեք նորից չդարձավ այդպիսին: