ՀՀ գոյության համար ամենամեծ ռիսկն այս իշխանությունների պաշտոնավարումն է. Մամիջանյան
«Հայաստանի Հանրապետության պատմության մեջ երբևէ չի եղել դեպք, որ ընդդիմությունը լինի ավելի պետականամետ, քան իշխանությունը: Հիմա մենք էդ իրավիճակում ենք: Իշխանություն կոչեցյալը պատրաստ է քաղաքական դիվիդենտի համար կասկածի և վտանգի տակ դնել պետականության ցանկացած դրսևորում: Վստահ եմ, որ ընդդիմության այսօրվա ներկայացուցիչները երբեք այդ ուղով չեն գնա: Եվ երկրորդ՝ իմ կարծիքով, Հայաստանի գոյության և ապագայի համար ամենահանարավոր մեծ ռիսկը այս իշխանությունների պաշտոնավարման շարունակությունն է»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը կուսակցության Գերագույն մարմնի նիստից հետո:
Ինչ վերաբերում է իմպիչմենթի հնարավոր ձախողմանը, Մամիջանյանը լսարանին հարց ուղղեց:
«Աստված մի՛ արասցե, եթե իմպիչմենթը չհասավ իր տրամաբանական հանգրվանին, ձեր կարծիքով՝ Փաշինյանը ո՞ր պարագայում կդիմի ավելի լկտի, ավելի խայտառակ կեղծիքների՝ հանգիստ, հանդարտ պարագայո՞ւմ, երբ սովորական քարոզարշավ կընթանա, թե՞ այն պարագայում, որ ՀՀ քաղաքացիները փողոցում, օրենքով չարգելված եղանակով տեր են կանգնում, իրենց իրավունքներին: Ես կարծում եմ՝ պատասխանը պարզ է: Ուստի պետք է ընդգծեմ՝ իմպիչմենթի գործընթացը և ընտրությունները ո՛չ իրար հետ իրավական հակասություն ունեն, ո՛չ էլ քաղաքական: Այս գործընթացը ուղղված չէ ո՛չ որևէ անձի դեմ, բացի Նիկոլ Փաշինյանից, ո՛չ էլ սահմանադրական որևէ պրոցեսի դեմ»,-ասաց Հայկ Մամիջանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:



