Այս ընտրությունը կա՛մ որոշում է, որ մենք ունենալու ենք ինքնուրույն պետություն, կա՛մ գնալու ենք թուրքացման ճանապարհով. Արմեն Ռուստամյան
2026 թ. մարտի 1-ին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը Մոնրեալում մասնակցել է Դաշնակցության 135-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որն անցկացվել է «Միասնություն՝ հանուն պետականության» կարգախոսով. տեղեկանում ենք ՀՅԴ Հայաստան Ֆեյսբուքյան էջից:
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև պատանեկան միությունից երիտասարդական շարքեր անցնելու հանդիսավոր արարողություն։
Օրվա գլխավոր բանախոս Արմեն Ռուստամյանն իր խոսքում անդրադարձել է վերջին ութ տարիների զարգացումներին՝ կարևորելով անցած ճանապարհի համարժեք գնահատումն ու առաջիկա փուլերի հստակ ուղղության ձևակերպումը։
«Այս ընտրությունը կա՛մ որոշում է, որ մենք ունենալու ենք ինքնուրույն պետություն, ունենալու ենք մեր ազգային արժանապատուությունը պաշտպանող պետություն, կա՛մ գնալու ենք թուրքացման ճանապարհով և անընդհատ մեր կորուստները ավելի ու ավելի են շատանալու:
Ես վստահ եմ, որ մեր սերունդը այդ հաղթանակը կերտող սերունդը կարող է լինել, ազատամարտը հենց այս սերունդն է իր աչքերով տեսել, և մենք պիտի վերադառնանք մեր ակունքներին և այդ հաղթանակը չի ուշանա՝ վասն հայրենյաց և վասն հավատի: Կեցցե՛ հայությունը և Հայաստանը: Կեցցե՛ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը»:



