Չափ ու ձև իմացե՛ք, բերաններս մի՛ բացեք, 100 տոկոս տակ եք տալու… էնքան ձիերի հետ համեմատեմ՝ հոգնեն. Կալիգուլայի ձիուն հիշո՞ւմ եք. Արման Աբովյան

Փաշինյանի թիմը «ցնցումների մեջ է», քանի որ հասկանում է՝ կարող է պարտվել հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում։ Իշխանության ներկայացուցիչները փորձում են ցույց տալ, թե ընտրությունների ելքը կանխորոշված է, ամեն ինչ որոշված է, բայց իրականում ոչինչ որոշված չէ. եթե որոշված լիներ, նրանք «այսպիսի ցնցումների մեջ չէին լինի»։ Այս մասին 168TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարեց «Կամուրջ» քաղաքացիական նախաձեռնության համահիմնադիր, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը՝ ներկայացնելով Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը և պատասխանելով իշխող ՔՊ կուսակցության ներկայացուցիչների հայտարարություններին։

««Առաջարկ Հայաստանին» կոնցեպտն իր մեջ ներառում է այնպիսի դրույթներ, որոնք ոչ թե փակված կաբինետներում կոստյումներով մարդիկ են գրում, այլ պրոֆեսիոնալ մարդիկ։ Ասեմ ավելին, արդեն կա հստակ գաղափար, օրինակ՝ երաշխավորված խաղաղության շուրջ։ Առավոտից իրիկուն այս իշխանությունը ճղում է իրեն, որ խաղաղություն է բերել։ Սա խաղաղությո՞ւն է. երկրի կեսը էն մի կեսին ատում է՝ սկսենք դրանից, ՀՀ ինքնիշխան տարածքներն օկուպացված են, ՀՀ բազմաթիվ բնակավայրեր գտնվում են ուղիղ նշանառության տակ, թուրքի գնդացիրը նայում է, օրինակ, Սյունիքում բնակվող մարդկանց բնակարանների և տների մեջ։

Է՞դ ա ձեր բերած խաղաղությունը։ Եթե իրենք խաղաղություն են բերում կամ ասում են՝ վերջ, խաղաղություն է հաստատվել, ապա այդ խաղաղությունը Հայաստանի Հանրապետության հետ ընդհանրապես ոչ մի կապ չունի։ Դա միայն և միայն «արևմտյան Ադրբեջանի» համար է խաղաղություն։ Իսկ գիտե՞ք՝ ինչու, որովհետև երաշխավորված չէ, երաշխիքն Ալիևի ստորագրությունը չի՝ էն Ալիևի, որը մեզ կենդանիների հետ էր համեմատում, այն Ալիևի, որն ընդամենը մի քանի օր առաջ ասաց՝ «թշնամիները», այսինքն՝ հայերը, «պետք է վախենան մեզնից, ու ինչքան շատ վախենան, այդքան խաղաղությունը երկար կտևի»։ Չհասկացանք, մեզ ինչի՞ տեղ են դրել»,- պարզաբանեց Արման Աբովյանը։

Կարդացեք նաև

Նա առաջիկա ընտրությունների առնչությամբ կոչ է անում իշխանություններին «ցնցումների մեջ չընկնել» և «չդղրդալ» «փչացած սառնարանի պես».

«Առավոտից իրիկուն դղրդում են. ոնց որ փչացած սառնարան լինեն։ Դուք ինչի՞ց եք ցնցվում։ Երկրորդ, մենք երբեք մեզ թույլ չենք տվել, և մեր քաղաքական ուժի սկզբունքն է, կյանքում չանցնել անձնական դաշտ և վիրավորել։ Բազմաթիվ անգամ թե՛ Գագիկ Ծառուկյանը, թե՛ Իվետա Տոնոյանը, թե՛ Միքայել Մելքումյանը, թե՛ ես, որքան էլ կոշտ լիներ քննադատությունը, երբեք սահման չենք անցել։ Իսկ դուք ի՞նչ եք անում՝ «Նոյյան տապան» գաղափարը, որն իր մեջ կարևորագույն՝ մարդկության փրկության գաղափարն է պարունակում, որովհետև, այո՛, Հայաստանի Հանրապետությունը և մենք բոլորս հիմա գտնվում ենք մեկ նավի մեջ, բայց դրա հետ մեկտեղ՝ անունը դրել են խաղաղություն, ինչքան ուժ ունեն՝ հատակը ծակում են, և «Նոյյան տապան»-ի գաղափարն ասում է մի բան՝ մեր փրկությունը միայն միասնության մեջ է։

Նույնիսկ, եթե մենք ունենք տարաձայնություններ, միայն տապանի ներքո է հնարավոր փրկվել, այլաբանություններով խոսեմ, որովհետև իրենք սիրում են այլաբանություններ, որ հասկանալի լինի՝ այս փոթորկոտ ծովի մեջ, աշխարհաքաղաքական այս աննորմալ, բոլոր կանոններից դուրս իրավիճակում։ Կանգնում, մարդկանց «անասուն» են ասում։ Իրենք՝ իշխանության ներկայացուցիչները, ասում են՝ Նոյյան տապանում «անասուններ» են։ Ես չգիտեմ՝ իրենք ո՞ւմ հետ են ինչ ասոցացնում, չեմ էլ ուզում իմանալ, բայց իրենք դրանով վիրավորում են բոլորին, բոլոր մարդկանց, նույնիսկ իրենց համակիրներին։ Կամ՝ մի արտահայտություն էին արել՝ «տրոյական ձի»։ Էնքան ձիերի հետ համեմատեմ՝ իրականում հոգնեն։ «Տրոյական ձին» ո՞րն է»։

Արման Աբովյանը հետ է գնում դեպի պատմության խորքերը և հիշում Հռոմի կայսր Կալիգուլայի (մ.թ. 12-41) հայտնի ձիուն՝ Ինցիտատին կամ Ինկիտատոսին, որին Հռոմի կայսրն, ըստ լեգենդի, սենատոր էր նշանակել.

«Օրինակ՝ Ինցիտատ անունով ձի կար՝ Կալիգուլայի ձին էր։ Կալիգուլան էդ ձիուն տարավ-դարձրեց պատգամավոր։ Ուզում էր կոնսուլ դարձնել՝  չհասցրեց։ Էդ ձին ուներ մարմարե ձիարշավարան, խմում էր ոսկյա ամաններից, ուտում-խմում էր… Բայց ձի էր ինքը, հասկանո՞ւմ եք։ Հիմա երբ համեմատություններ են անում, որքա՞ն կոռեկտ կլինի՝ ես հիմա խորանամ, թե ով ինչ կենդանի է։ Դա են ուզո՞ւմ։ Հարգելինե՛րս, չափ ու ձևը իմացե՛ք, բերաններս բացել մի՛ տվեք, որովհետև եթե հին հռոմեական կամ հին հունական պատմագրության մեջ խորանանք և սկսենք համեմատություններ անցկացնել, 100 տոկոս տակ եք տալու։ Մի՛ արեք։ Առանց այդ էլ՝ մարդիկ արդեն գժվել են էս ատելությունից, որովհետև անհնար է ապրել այն մթնոլորտում, որը դուք հատուկ գեներացնում եք։ Ձեր ուզածն ի՞նչ է։ Ի՞նչ եք ուզում։ Ուզում եք՝ ձեր «պադավատները» մնա՞ն, ձեր պարգևավճարները մնա՞ն, ձեր առանձնասենյակները մնա՞ն։ Թույլ տվեք՝ թող ժողովուրդը որոշի՝ կմնա՞, թե՞ չէ։ Իրենք իրենցով ինչ-որ դավադրապաշտական տեսություններ են հորինում, ցնցումների մեջ են ընկնում, չգիտես՝ ինչեր են խոսում։ Մեկն ասի՝ այ ընկե՛ր, մի հատ հլը կողքից լսի քեզ՝ դու ընդհանրապես ինչ ես դուրս տալիս։

Եկե՛ք՝ իրենց համար գաղտնիք բացենք։ Էս մարդիկ տեղյակ չեն։ Բացում եմ գաղտնիք՝ ժողովրդավարությունը հետևյալ սկզբունքով է աշխատում՝ մարդիկ գնում-ընտրում են քաղաքական ուժ, ընդ որում՝ կապ չունի, թե այդ ուժը իշխանության դուրը գալիս է, թե չէ։ Միգուցե դա իրենց մանկության բարդույթների հետ կապված խնդիր է, որ իրենք իշխանություն են ու իրենք պետք է միշտ լինեն։ Ուրեմն, քանզի իրենք տեղյակ չեն, կամաց եմ ասում, հանգիստ եմ ասում՝ ժողովրդավարությունն այն է, երբ մարդիկ են որոշում՝ պարգևավճար ստացած չինովնիկը մնո՞ւմ է, թե՞ չէ, «պադավատ» ունեցող չինովնիկը մնո՞ւմ է, թե՞ չէ, և երբ իրենք ասում են՝ իրենք թույլ չեն տա «Գյումրի 2», իսկ Գյումրիում ի՞նչ է կատարվել։ Ես ոչ մի պարագայում չեմ տանում դեպի այն ուղղությամբ, որ կլինի «Գյումրի 2», «Գյումրի 3» … Էդ ի՞նչ խոսալու ձև է։ Գյումրիում պարտվել են ընդդիմությանը, ընդդիմությունը միավորվել է, իրենց ասել է՝ գնացեք տուն։ Հիմա ի՞նչ է նշանակում, որ ասում են՝ թույլ չենք տա։ Թույլ չեք տա մարդկանց ազատ կամարտահայտությո՞ւնը։ Ի՞նչ պիտի անեք»։

«Բավակա՛ն է՝ մարդկանց վախեցնեք պատերազմով։ Հերիք էղավ, բոլ էղավ։ Առավոտից իրիկուն ասում են՝ «մեզ չընտրեք՝ պատերազմ է լինելու»։ Փաստորեն, դո՞ւք եք պատերազմ բերող-չբերողները։ Այդպես է, չէ՞, ստացվում։ Պատերա՞զմ է լինելու։ Այսինքն՝ դուք կարողանում եք կառավարել պատերազմ լինել-չլինելը, շանտա՞ժ եք անում ժողովրդին։ Չի՛ լինելու։ Իսկ եթե դուք մնացիք, լինելու է արհավիրք։ Այո՛, ձեր քաղաքականությունը բերում է արհավիրք, և մի գաղտնիք էլ բացեմ՝ ոչ մի իշխանություն հավերժ չէ. ինչ-որ մի ժամանակ է գալիս, երբ իշխանությունը պետք է փոխվի, ու փոխում է այդ իշխանությունը ժողովուրդը։

Ժողովուրդն է փոխում, մի՛ վախեցեք, մի՛ վախեցեք, որ ժողովուրդը ձեզ գնահատական կտա։ Չնայած, եթե վախենալու բան ունեք, էդ արդեն դուք գիտեք։ Ես չգիտեմ։ Եվ, այո՛, եթե ժողովուրդը որոշեց, որ դուք պետք է գնաք, ուրեմն պիտի գնաք, եթե ձեզ համարում եք ժողովրդավար։ Առավոտից իրիկուն մարդկանց տեռորի են ենթարկում՝ տեղեկատվական տեռորի… Ժողովո՛ւրդ ջան, եթե խաղաղությունը երաշխավորված չէ, ուրեմն դա խաղաղություն չէ, դա զինադադար է՝ մինչև թշնամին պատրաստվի։ Իսկ եկեք ու պատմեք մեզ հեքիաթներ ԹՐԻՓՓ միջանցքի մասին, որը իրականում «Զանգեզուրի միջանցք» է՝ սիրուն ամերիկյան փաթեթավորմամբ թուրքերին եք տալիս։ Մի հատ հլը էկեք՝ դրա մասին էլ հեքիաթներ պատմեք մեզ։ Տարրական հարցի պատասխան չեք կարողանում տալ՝ հայ սահմանապահը և մաքսավորն իրավունք կունենա՞ն արգելել, օրինակ՝ այս բեռը մտնում է Հայաստան, իրավունք ունի՞ ասելու՝ չէ, մի մտի։ Սաֆարովն ա գալիս Հայաստան՝ Գուրգեն Մարգարյանին սպանողը. կտենա՞ էդ գյադուն, որ ասի՝ արա՛, մի՛ արի ստեղ… Ասում են՝ սկաներներ ա լինելու, չգիտեմ՝ ինչեր ա լինելու… Յաթաղանով մտնում են տունդ, արա՛, ի՞նչ սկաներներ, ի՞նչ եք դուրս տալիս»,- նաև հավելեց զրուցակիցս։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031