Մինչև 300.000 դրամը չգերազանցող ակտը վարչական վերաքննիչ դատարանը չի քննի. Գալյան
Մինչև 300 հազար դրամը չգերազանցող ակտը, եթե վճռվել է հօգուտ քաղաքացու, այլևս վարչական վերաքննիչ դատարանում չի կարող բողոքարկվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
«Սա նշանակում է, որ բոլոր նմանատիպ բողոքների քննությունն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո պետք է ավարտվի, իսկ այն բողոքները, որոնք ներկայացվել են օրենքն ուժի մեջ մտնելու դրությամբ, պետք է չընդունվեն դատարանի վարույթ։ Սա մի նախաձեռնություն է, որը վարչական վերաքննիչ դատարանի ծանրաբեռնվածությունը կրճատելու է 30%-ով, ինչը հնարավորություն է տալու դատարանին կենտրոնանալ այլ գործերի քննության վրա՝ ապահովելով արդյունավետություն»,- ասել է Գալյանը։
Գալյանի խոսքով՝ նույն նախագծով սահմանվում է, որ վարչական վերաքննիչ դատարանը գործի քննությունը պետք է ավարտի 6 ամսում։
Նա նշել է, որ դատարանին հնարավորություն կտրվի ընդամենը մեկ անգամ երկարաձգել գործի քննությունն առավելագույնը 6 ամսով։



