Իմպիչմենտի առավելությունն այն է, որ Փաշինյանից կա զրո տոկոս կախում. Մամիջանյան

«Եթե  հաջողվի հասնել միասնական իմպիչմենտի, մնացածն արդեն իրավական գործընթաց է»,- այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք հասարակությունը հերթական անգամ չի՞ հիասթափվի փողոցային պայքարից ՀՀԿ նոր առաջարկի ֆոնին։

Նա հիշեցրեց, որ եթե դիտարկենք մինչ այսօր տեղի ունեցած լայնամասշտաբ ակցիաները՝ ՀՓՇ-ն, «Դիմադրության» շարժումը, «Սրբազան» պայքարը, ապա կտեսնենք, որ յուրաքանչյուր հաջորդը եղել է ավելի բազմամարդ ու մեծ, քան նախորդը։

«Տեսական մակարդակում կարող եմ հասկանալ, բայց փորձս ցույց է տվել, որ դա այդպես չէ։ Մարդիկ, ովքեր լեփ-լեցուն լցրել էին Հանրապետության հրապարակը «Սրբազան» պայքարի հիմնական միջոցառումների ժամանակ, ոչ մի տեղ չեն վերացել»,- ասաց նա՝ շարունակելով, որ ՀՀԿ-ն առաջարկում է պայքարի «կրակը» օրենքով չարգելված միջոցներով ուղղել ի բարօրություն, ի փոփոխություն։

Հայկ Մամիջանյանը նաև նշեց, որ փողոցային բոլոր պայքարների ժամանակ ՀՀԿ-ն իր դերակատարումն ունեցել է, այն բացթողումները, սխալները, որոնք առկա էին նախորդ պայքարների դեպքում, դրանց մասին հրապարակային խոսելու իմաստը Մամիջանյանը չի հասկացել։

Կարդացեք նաև

«Սխալներից որոշ հատված վերջում հանգում են այս կամ այն սխալ որոշման, դրա վերաբերյալ կարծիքը երկու գործընկերներ կարող են հեռախոսով հայտնել, քննարկումների ժամանակ վերլուծել»,- ասաց նա։

ՀՀԿ-ն, ըստ նրա, մաքսիմալ անկեղծ է։

«Հստակ բացատրում ենք, սիրելի քաղաքացիներ, այս գործիքը կախված չէ Փաշինյանից, իմպիչմենտի առավելությունն այն է, որ Փաշինյանից կա զրո տոկոս կախում»,- ասաց նա։

Ուստի նա նշեց, որ ՀՀԿ-ն քաղաքացիներին ասում է՝ եթե  հաջողվի հասնել միասնական իմպիչմենտի, մնացածն արդեն իրավական գործընթաց է, դրա համար անհրաժեշտ է, որ  քաղաքացիները օրենքով չարգելված միջոցներով իրենց կամարտահայտությունն արտահայտեն և այն երեսփոխանները, որոնք դեռ չեն միացել իմպիչմենտին, հասկանան, որ իրական ժողովրդի պահանջը կայանում է դրանում։

Տեսանյութեր

Լրահոս