Նախիջևանյան խնդիրը և Հայաստանի ապակենտրոնացումը

Հայաստանի անվտանգության հարցերի շարք

Գրառում Ա.

Որևէ երկրի անվտանգության հիմքն աշխարհագրությունն է՝ տարածքը, սահմանները, ճանապարհները, ժողովրդագրությունը, վերջապես՝ աշխարհագրական միջավայրը՝ այն տարածաշրջանը, որի մասն է տվյալ երկիրը:

Աշխարհագրական տվյալները, ի տարբերություն համեմատաբար ավելի արագ փոփոխվող իրավիճակային քաղաքական, տնտեսական և այլ տվյալների, կայուն են և ավելի դանդաղ փոփոխվող: Հետևաբար՝ դրանց ազդեցությունը մի կողմից՝ ավելի հիմնարար է, մյուս կողմից էլ՝ ամենօրյա իրավիճակում ոչ այնքան նկատելի և հաճախ մոռացության մատնվող:

Աշխարհագրությունը ճակատագիր է: Կարող ենք մի օր ունենալ բարեկեցիկ հասարակություն, արդյունավետ տնտեսություն և քաղաքական համակարգ, անկաշառ պաշտոնեություն, բայց այդ ամենը, որքան էլ կարևոր է հենց նույն անվտանգության տեսակետից, կարող է մեկ օրում դառնալ ոչինչ, եթե անվտանգության աշխարհագրական հիմքը չդառնա մեր քաղաքական գիտակցության մաս, եթե աշխարհագրական ճակատագի՛րը չվերծանվի՝ իբրև նոր քաղաքական այբուբեն:

Մեկ երկիր՝ երկու մարմին

Որպես աշխարհաքաղաքական միավոր՝ Հայաստանի Հանրապետությունը ոչ միայն գերխոցելի է, այլև փաստացի մասնատված՝ երկու մասի բաժանված տարածք է: Հայաստանը միասնական է միայն ըստ ձևի՝ Սահմանադրությամբ և քարտեզով: Բայց եթե ուշադիր նայենք քարտեզին, կտեսնենք, որ կա մի բարակ թելով իրար կցած երկու առանձին մարմին, մեկը՝ Քյարքիի և Սելիմի լեռնանցքներից հարավ, մյուսը՝ դրանցից հյուսիս: Հարավ ընկած կտորը՝ Վայոց Ձորի, Սյունիքի մարզերն են, նաև Արցախը՝ իր ազատագրված տարածքներով, իսկ հյուսիսային կտորը մնացած Հայաստանն է: Սա ո՛չ չափազանցություն է, ո՛չ էլ այլաբանություն: Չափազանցություն և այլաբանություն է հենց Հայաստանի թղթային միասնությունը: Կարելի է ասել՝ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ոչ թե՝ որպես իրավական-ձևական սահմանում, այլ՝ որպես կենդանի իրականություն, պատրանք է:

Այս իրողության հիմքում Նախիջևանի Հանրապետության դիրքն է՝ Երևանը որպես կենտրոն ունեցող Հայաստանի նկատմամբ, որը դաշույն է մեր կոկորդին՝ պատրաստ ցանկացած պահի կտրելու Հայաստանի կենտրոնի՝ պայմանական «գլխի» և «ոտքերի»՝ հարավի միջև կապը: Սա սովորական խնդիր չէ, պատմական հայրենիքի ևս մեկ կտորի կամ աշխարհագրական ինչ-որ անհարմարության հարց չէ: Նախիջևանի հարցն այնպիսի որակի, մակարդակի և կենսականության խնդիր է, որ, թերևս, չենք չափազանցնի, եթե ասենք, որ անիմաստ են երկրի ներկայի և ապագայի մասին մնացած բոլոր թեմաները, եթե նախևառաջ չի խոսվում սրա՛ մասին:

Դաշույնի հարվածը

Նախիջևանյան խնդրի էությունը երկար ու բարակ բացատրելու չէ: Հայաստանի մայրաքաղաքը երկրի հարավային հատվածի հետ կապող կարճագույն և բնական՝ աշխարհագրորեն պարտադրված ճանապարհը, առնվազն՝ իր Երասխ-Արենի հատվածում, Նախիջևանից նախաձեռնված մեկ հարվածով կարող է կտրվել, և Հայաստանի՝ երկու մարմնի բաժանվելն ակնհայտ կդառնա (չենք ասում՝ «մասի», այլ՝ հենց «մարմնի», որպեսզի ավելի ընկալելի լինի, որ խոսքը ոչ թե վերացական, այլ կենդանի իրողության մասին է): Մեր բախտը պարզապես բերել է, որ Արցախյան պատերազմի ժամանակ այս գործողությունն ինչ-ինչ հանգամանքների բերումով չի իրացվել:

Ոչ մի բարդ կոմբինացիա այստեղ պետք չէ. ընդամենը մեկ անսպասելի ու արագ հարված, և Երևանի կապը Եղեգնաձորի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրու, Ստեփանակերտի, մյուս կողմից էլ՝ Իրանի հետ, եթե չասենք՝ իսպառ վերանում է, ապա՝ գոնե վերածվում է Երևան-Սելիմի լեռնանցք 2-3 անգամ ավելի երկար ճանապարհով կապ պահելու խնդրի (էլ չասած, որ նույնիսկ դա վտանգի տակ կլինի): Սրան ավելացնենք նաև Երևանի հասանելիությունը և խոցելիությունը Նախիջևանից իրացվող ռազմական գործողությունների նկատմամբ, և պատկերը եթե ոչ՝ կամբողջանա, ապա՝ գոնե կուրվագծվի իր երկու հիմնական սպառնալիքներով:

Իհարկե, այսքանով գյուտ չենք անում: Ցանկացած մարդ սա ինքնուրույն էլ կարող է հասկանալ: Մեր խնդիրը ոչ թե գյուտ անելն է, այլ այս թեմայով խոսակցության անհրաժեշտությունը շեշտելը: Որովհետև, եթե այս և նման իրողությունները չենք քննարկում, իբրև հանրույթ՝ նմանվում ենք անհոգ անչափահասների մի խմբի, որը խաղալով՝ ավազե քաղաքներ է կառուցում հրաբխի գագաթին՝ չգիտակցելով, որ դրանց ճակատագիրն ի սկզբանե կանխորոշված է:

Պատերազմի և խաղաղության միջակայքում

Կա՞ն արդյոք գոնե տեսականորեն հնարավոր լուծումներ:

Ռազմական լուծումը, իհարկե, այս պահին հնարավոր չէ: Դրանից, անշուշտ, չի բխում, որ, ինչպես շատերը կարծում են, դա հնարավոր չէ պատկերացնել առհասարակ որևէ ժամանակում: Ժողովուրդների պատմությունը ո՛չ այսօրով է չափվում, ո՛չ տարիներով, ո՛չ էլ անգամ՝ տասնամյակներով, այլ՝ դարերով: Պարզ է, որ տևական հեռանկարում հնարավոր է այն ամենը, ինչն այսօր անիրական է: Ընդ որում՝ այդ տեսական հեռանկարը կարող է իրողություն դառնալ հենց վաղը կամ 100 տարի անց. դա ոչ ոք ի զորու չէ կանխատեսել: Ղարաբաղի միանալը Հայաստանին որքան անիրատեսական էր 1954 թ.-ին, նույնքան էլ՝ 1984 թ.-ին, բայց փաստ դարձավ 1990-ականների սկզբին։ Եվ ոչ ոք մեզ նախապես չզգուշացրեց, որ այդ հնարավորությունը մոտ ժամանակներում բացվելու է: Բայց հենց այն պատճառով, որ անկանխատեսելիության գործոնն այս հարցում հիմնարար է, իմաստ չունի խորանալու այս ելքի մեջ: Փաստն այն է, որ այսօր դա իրացվելիք չէ, իսկ երբ դառնա՝ կախված այդ պահի Հայաստանի քաղաքական վերնախավի գիտակցության և կամքի աստիճանից՝ կա՛մ կիրացվի, կա՛մ չի իրացվի։

Որոշ չափով նույնն է նաև Հայաստան-Ադրբեջան երբևէ հաստատվելիք խաղաղության շրջարկում հարցի լուծման տարբերակը: Պարզ է, որ խաղաղության հաստատումը միայն միակողմանի և նույնիսկ երկկողմանի ցանկությամբ չէ, այլ կախված է բազմակողմանի հարաբերություններից, հանգամանքներից և ձգտումներից: Երբ այդ բոլորը համընկնեն, խաղաղությունը կարող է հաստատվել՝ նույնիսկ առանց մեր ցանկության: Մեր նպատակը խաղաղության ձգտելն է, բայց դրան հասնելը միայն մեր կամքից չէ կախված։ Իսկ «ե՛րբը» գրեթե նույնքան անկանխատեսելի է, որքան Նախիջևանի հարցը ռազմական ճանապարհով լուծելու հնարավորությունը: Այնպես որ, այստեղ էլ պետք է ելնենք այն իրողությունից, որն այսօր առկա է:

Բացի այդ՝ նախիջևանյան խնդիրն այնպիսին է, որ նույնիսկ Հայաստան-Ադրբեջան կայուն խաղաղության հաստատման դեպքում սպառնալիքը լիովին չի վերանում, քանի որ այն ոչ թե զուտ ռազմաքաղաքական, այլ աշխարհագրական է. Երևանը որպես կենտրոն ունեցող Հայաստանը կա՛մ պետք է իր կազմի մեջ ներառի Նախիջևանը, կա՛մ տեղափոխի իր կենտրոնը (տե՛ս ստորև): Որևէ խաղաղություն հավետ չէ, և երկնային դրախտը, ուր բոլորը բոլորի հետ ապրում են հաշտ ու խաղաղ, իսկ ժողովուրդների փոխհարաբերության միակ ձևն առևտուրն ու մշակութային փոխանակումն է, ուտոպիա է, որն իր տեղը կարող է ունենալ միայն որևէ կրոնական համակարգում, բայց ոչ՝ քաղաքական աշխարհում: Հիմնավոր՝ դարեր տևող խաղաղությունը հնարավոր է միայն հիմնավոր հակասությունների լուծմամբ, իսկ Նախիջևանի հարցն այնպիսի հակասություն է, որը դժվար լուծելի է զուտ խաղաղության պայմանագրով: Նույնիսկ խաղաղ վիճակում Նախիջևանը սպառնալիք է Հայաստանին, որը կարող է օգտագործվել հարաբերությունների լարման պարագայում:

Խախտված ծանրության կենտրոնը

Մնում է, ուրեմն, փնտրել այս երկուսից դուրս մի որևէ տարբերակ: Երկատված Հայաստանը, ինչպես նշեցինք, Երևան-Նախիջևան հարաբերության խնդիրն է: Երևանակենտրոն Հայաստանը կա՛մ պետք է ներառի Նախիջևանը, կա՛մ հրաժարվի Վայոց Ձորի և նրանից հարավ ընկած տարածքների ապահով վերահսկողությունից: Եթե Երևանն ու Նախիջևանը (քաղաքը) տարանջատված են, և եթե երկուսն էլ կենտրոնն են այն միավորների, որոնց մասն են կազմում, ապա Վայոց Ձորը բնականից որպես ձգողական կենտրոն է ունենում Նախիջևանը, ինչպես և եղել է Երևանի և Նախիջևանի խանությունների օրոք: Թվում է՝ սրանք զուտ տեսական դատողություններ են, քանի որ ահա՛ մեր աչքի առջև է այն փաստը, որ 1921 թ.-ից գոյություն ունի այսպիսի կոնֆիգուրացիայով Հայաստանի Հանրապետություն: Բայց որքան էլ տարօրինակ թվա, այդ փաստը ոչինչ չի հիմնավորում: Համեմատաբար կայուն աշխարհաքաղաքական պայմաններում այսպիսի թույլ և աշխարհագրորեն անհիմն սահմանները կարող են գոյատևել շատ երկար, բայց հեռանկարում ցանկացած լուրջ աշխարհաքաղաքական ճգնաժամ հարցականի տակ է դնում դրանց կենսունակությունը և ստեղծում է օրհասական վիճակներ:

Հայաստանը ծանրության կենտրոնի շեշտված խախտմամբ մարմին է, ծայրահեղ անհավասարակշիռ աշխարհաքաղաքական համակարգ: Հավասարակշռությունը հնարավոր է վերականգնել կա՛մ տարածքային ընդլայնմամբ, սահմանների փոփոխմամբ, կա՛մ էլ ծանրության կենտրոնը տեղափոխելով: Այլ կերպ ասած՝ եթե այս պահին հնարավոր չէ միացնել Նախիջևանը, ապա անհնար չէ որպես ռազմավարական նպատակ ընդունել Երևանից Հայաստանի կենտրոնի աստիճանական տեղափոխումը: Բնականաբար, խոսքն այն չէ, որ հենց վաղը մի որևէ պայմանական «հեռվաշեն» հռչակենք մայրաքաղաք: Խոսքը ռազմավարական ուղենշի մասին է, որի իրագործման մեխանիզմները և ժամկետները պետք է առանձին մշակվեն:

Լուծումը. նոր կենտրոն կամ ապակենտրոնացում

Նախիջևան-Երևան ներկա հարաբերությամբ ստեղծվող երևանակենտրոն Հայաստանի երկատվածության խնդիրը լուծելու համար պետք է Հայաստանի ծանրության կենտրոնը տեղափոխվի այնպե՛ս, որ նոր կենտրոնի համար Վայոց Ձորի և նրանից հարավ ընկած տարածքների հետ կապի բնական և կարճ ճանապարհն անցնի Սելիմի, այլ ոչ թե Քյարքիի լեռնանցքով: Մյուս կողմից՝ դա պետք է հնարավորինս կարճ և հարմար ուղիով կապված լինի նաև Երևանի և Արարատյան դաշտի հետ, ուր, ուզենք-չուզենք, կենտրոնացած է մնալու Հայաստանի բնակչության մեծ մասը: Նոր կենտրոնի այլ հանգամանքներն այժմ չենք քննարկում. հարցը դեռ դիտարկում ենք միմիայն մեր քննարկած խնդրի տեսակետից:

Աշխարհագրորեն առավել հարմար տեղանքը, որը մի կողմից՝ հարավի հետ բնականորեն կապվում է Սելիմով, իսկ մյուս կողմից՝ համեմատաբար արագ և հարմար հասանելի է Երևանից, Սևանա լճի ավազանի հյուսիս-արևմտյան հատվածն է՝ Սևան և Գավառ քաղաքների միջև: Այսպիսի տեղադրումն ունի և այլ առավելություններ, բնականաբար՝ նաև թերություններ, որոնք այստեղ չենք հիշատակում, քանի որ մեր բարձրացրած՝ երկրի փաստացի երկատվածության խնդիրը հիմնարար է, որով ցանկացած այլ խնդիր երկրորդական մանրամասն է դառնում:

Իսկ ռազմավարական այս խնդրի իրացման մարտավարությունը կարելի է տարբեր կերպ պատկերացնել. սկսած նոր մայրաքաղաքի հիմնումից կամ հռչակումից՝ մինչև Հայաստանի ընդհանուր ապակենտրոնացում, այսինքն՝ ոչ թե նոր՝ մեկ կենտրոնի ստեղծում, այլ բազմակենտրոնություն՝ կենտրոնի գործառույթների տեղադրում մի քանի վայրերում:

Իհարկե, այն, ինչ առաջարկեցինք, կատարյալ լուծում չէ: Անկախ նրանից, թե որտե՛ղ և ինչպե՛ս կտեղափոխվի Հայաստանի կենտրոնը. դա լուծում է միայն երկրի երկատվածության խնդիրը, բայց չի լուծում բնական պատճառներով Հայաստանի բնակչության առավելագույն կենտրոնացման վայրի՝ Արարատյան դաշտի, և Երևանի՝ անգամ կենտրոնի գործառույթներից զրկված խոշորագույն քաղաքի նվազագույն անվտանգության խնդիրը: Սակայն երկրի ընդհանուր անվտանգությունը փոքր-ինչ բարձրանում է, քանի որ նվազագույն պաշտպանություն է ստանում երկրի կառավարման կենտրոնը, և ապահովվում է երկրի փաստացի ամբողջականությունը:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Լուսանկարը՝ Sputnik-ի

Տեսանյութեր

Լրահոս