ԷՍ Ի՞ՆՉ ԵՔ ԱՆՈՒՄ, ԴՈՒՔ ՄԱՆԿԱՄԻ՞Տ ԵՔ… ՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻՆԵԼ-ՉԼԻՆԵԼՈՒ ՀԱՐՑՆ Է. ՄԻ ԿՐԱԿՈՑ, ՈՒ ՍՅՈՒՆԻՔ ՄԵՔԵՆԱ ՉԻ ԳՆԱ. ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին վարչապետ (1992-93թթ.), ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին նախագահ Խոսրով Հարությունյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Բացառված է, որ եթե նախկինում մեր հարևան Իրանում լիներ նման իրավիճակ, իշխանությունը կուսակցական քարոզարշավ աներ կուկուռուզ ու պերաշկի ուտելով… Ի՞նչ մեսիջ ենք իշխանության այդ վարքագծից մենք հիմա ստանում: Արդյո՞ք պերաշկի ուտելը խոսում է այն մասին, որ մեր երկիրն անվտանգային խնդիրներ չունի: Իհարկե ո՛չ: Չեն լուծվել այն խնդիրները, որոնք ի հայտ են եկել 44-օրյա պատերազմից հետո: Մեր ինքնիշխան տարածքի 200 կմ-ից ավելին այսօր գտնվում է թշնամու ռազմական վերահսկողության ներքո: Սոթք-Խոզնավարից մինչև Նոյեմբերյան-Ագարակ հատվածի բոլոր մեր դիրքերը գտնվում են թշնամու դիտարկման տակ: Արդյո՞ք այս բոլոր թվարկածներս անվտանգային սպառնալիք չեն մեզ համար… Բոլորովին վերջերս Իրանի սահմանին կուտակված իրանական զորքն Ադրբեջանը դիտարկեց որպես սպառնալիք: Իր պետության անվտանգությամբ քիչ թե շատ մտահոգ ղեկավարը պետք է գիտակցի, որ ռազմավարական բարձունքներ գրաված թշնամին մեծ առավելություն ունի, ու այս իրավիճակում այս մանկամիտ վարքագիծը չի կարող բնորոշ լինել Հայաստանի ղեկավարին:
- Իրանի տարածքում տեղի ունեցողը բարբարոս հանցագործություն է: Ավիահարվածներ հասցնել իգական դպրոցին, հիվանդանոցին, ունենալ հարյուրավոր զոհեր… միջազգային պրակտիկայում այլ կերպ, քան տեռորիստական ակտ, տեղի ունեցածը չի բնորոշվում: Ես կարծում եմ, որ իր վարքագծով Իսրայել պետությունը մոտեցել է ԻԳԻԼ-ին: Սա, կրկնում եմ, տեռորիստական ակտ էր:
- Ենթադրել, որ Խամենեիին վերացնելով՝ կարող էին հասնել ռեժիմի փոփոխությանը ու վերահսկողություն հաստատել Իրանում, անհեռատեսություն է, որի հետևանքները հետո են տեսնելու: Իր վարքագծով Թրամփը կասկածի տակ է դրել նաև «Աբրահամյան համաձայնագրերը»: Իսրայելում էլ են սկսել հասկանալ, որ Հոլոքոստի թիկունքում թաքնված այս քաղաքականությունը վաղ թե ուշ պատասխան է ստանալու միջազգային հանրության ու մարդկության կողմից: Դրա համար են հատկապես վերջին շրջանում Իսրայելում ասում, որ սիոնիզմը կապ չունի հրեական ազգի հետ:
- Միջուկային զենքի վերացման քողի տակ Իսրայելն ուզում է տիրապետել Իրանի հարուստ ընդերքին: Այս պատերազմը, թերևս, դրա համար է:
- Փորձագետները խոսում են, որ մեծ ավերածություններով հանդերձ՝ ԱՄՆ-Իսրայել զույգը պարտվելու է, որովհետև երկարաժամկետ պատերազմի դեպքում այլ տարբերակ պարզապես չի կարող լինել: ԱՄՆ-ի ամենամեծ ստրատեգիական վրիպումն այն էր, որ մտածում էր՝ Խամենեիին վերացնելով՝ կարող են հասնել իրենց նպատակին: Խոսքը հազարամյակների պատմություն, քաղաքակրթություն ունեցող ժողովրդի և պետության մասին է: Այդ ժողովուրդը երբևէ չի հնազանդվել ու չի հաշտվել այն մտքի հետ, որ կարող է հայտնվել այլ երկրի տիրապետության կամ վերահսկողության տակ: Թրամփը կզգա իր երկրի ներսում իր վրիպումների գինը փրայմերիզում: Դա իր համար հետևանքներ է ունենալու:
- Ենթադրենք՝ փախստականների հոսք եղավ, Հայաստանի իշխանություններ, ի՞նչ եք անելու: Իրավիճակին չտիրապետելը զգացվում է անգամ ՀՀ պաշտոնյաների խոսույթից: Իշխանություններն այսօր ստեղծված սպառնալիքներին ադեկվատ չեն, անպատասխանատու են ստեղծված իրավիճակում հնարավոր զարգացումների առումով:
- Խոսքը սովորական քաղաքացու մասին չէ, երկրի ղեկավարի մասին է, ով հարևան Վրաստանում թմբուկ է նվագում, երբ հարևան Իրանում հարյուրավոր երեխաներ են հուղարկավորում: Սրանից միայն ցավ է պետք ապրել…
- Կարևորության առումով մեզ համար ամենա ոչ բարենպաստ որոշումը եղել է 2020թ. դեկտեմբերի 17-ի՝ Նիկոլ Փաշինյանի ու Վաղարշակ Հարությունյանի որոշումը: Կուբաթլուից 17 կմ զորքը հետ քաշեցին, ինչից կարճ ժամանակ անց Կապանի բարձունքները հանձնվեցին: Մինչև 2020թ. պատերազմը, ինչ կատարվում էր, Արցախի մասին էր, սակայն Նոյեմբերի 9-ից հետո արդեն՝ Հայաստանի մասին է: Որևէ մեկի մոտ կասկած կա՞, որ Ադրբեջանի ղեկավարությունը խնդիր է դրել զրոյացնել հայոց պետականության աշխարհաքաղաքական ազդեցությունը: Ադրբեջանի գործող իշխանությունն այլ նպատակ չունի: Սա սկսվեց նրանից, որ մեր իշխանությունը պատերազմի նկատմամբ ժողովրդի մեջ վախ սերմանեց, ու Ալիևը լավագույնս օգտվեց դրանից: Հիշո՞ւմ եք՝ Կիրանցում հայրենի իշխանությունը, ով կոչված է ՀՀ քաղաքացու անվտանգությունը պաշտպանել, ասում է՝ եթե չհանձնենք, պատերազմ կսկսվի: Մեր ժողովուրդը մնացել է դեմ հանդիման ոչ միայն թշնամու, այլև Հայաստանի իշխանության առաջ:

- Հաջորդը պահանջելու են անկլավները: Արդեն այդ խոսույթն էլ կա: Մեկը հարցնող լինի՝ եթե Տիգրանաշենը զիջեցիք, ու այն դարձավ ռազմական հենակետ, Արծվաշենն ի՞նչ եք անելու: Սա Սյունիքը դատարկելու ամենակարճ, ամենա ոչ ռազմական ճանապարհով հանձնելու ճանապարհն է: Բավական է ադրբեջանական մի քանի կրակոց, այլևս Սյունիք մեքենա չի գնալու:
- Ի՞նչ է նշանակում Փաշինյանի ասածը, թե՝ բանակը պետք է լինի պաշտպանունակ, ոչ թե մարտունակ: Խելագարվելու բան է, երբ այդ մասին երկրի ղեկավարն է ասում: Մարտունակ բանակ չի նշանակում՝ հարձակվող, նշանակում է՝ սպառնալիքին դիմագրավելու ունակ բանակ, պաշտպանունակ, որպես կանոն, լինում է երկիրը: Որպեսզի ունենաս պաշտպանունակ պետություն, պետք է ունենաս մարտունակ բանակ: Կա՞ Հայաստանի Զինված ուժերի կոնցեպտը, վերլուծություններ արվե՞լ են 44-օրյա պատերազմի արդյունքներից:
- Նույնիսկ բեսեդկայում նստած, բլոտ ու նարդի խաղացող տղաների համար են այս իշխանության կայացրած բոլոր որոշումները վիճելի:
- Ալիևը պատահաբար չէ մեզ բոլորիս անվանում տեռորիստ ու նացիստ, թեպետ տարածաշրջանի համար 1 ֆաշիստը, նացիստն ու տեռորիստը, ռևանշիստն ինքն է՝ Ալիևը, իզուր չէ, չէ՞, խոսում Նյուրնբերգներով… Դա նա անում է վաղվա համար: Արցախն իր կոկորդին կանգնած է, ու նա դա չի մարսելու: Դատապարտված վիճակում ինքն է ընդունելու իր սխալը:
- Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակը գլոբալ մակարդակում բավականին լուրջ պրոբլեմներ է ստեղծում: Այսօր մենք արդեն համաշխարհային շուկայում տեսնում ենք նավթամթերքի կտրուկ աճ: Կա կարծիք, որ եթե այդպես շարունակվի, շատ ու շատ էներգակիր օգտագործողներ կհայտնվեն բարդ վիճակում, և առաջին հերթին դա վերաբերում է եվրոպական երկրներին: Ծոցի երկրներն իրենց էներգակիրները մեծապես արտահանում են Հորմուզի նեղուցով:
- Մեր բոլոր ապրանքները գալիս են Բանդերաբաս նավահանգստով: Այն գրեթե դադարել է գործելուց, և սա լուրջ պրոբլեմ է: Նույնիսկ այն բրինձը, որ բերում էինք Թաիլանդից, թանկանալու է: Սարսափելի մեծանալու են բեռնափոխադրումների ապահովագրական ծախսերը, որն անպայման ազդեցություն է թողնելու բերվող ապրանքների գների վրա: Պատկերացրե՛ք, եթե մենք ԵԱՏՄ-ում չլինեինք, հիմա ինչ բարդ կացության մեջ էինք հայտնվելու…
- Հիմա լուծումներից մեկը պետք է լինի շուկաների դիվերսիֆիկացիան, որն ուղղակիորեն կապ ունի լոգիստիկայի հետ: Այսօր, ցավոք, էներգետիկան ու լոգիստիկան աշխարհաքաղաքականություն են: Իրանը սա շատ լավ հասկանում է, ասում է՝ եթե դուք սա եք անում, ես էլ տարածաշրջանը կենթարկեմ տնտեսական կոլապսի: Իրանը հիմա իր լինել-չլինելու խնդիրն է լուծում և գնում է լինելու ճանապարհով, իսկ ժողովուրդն էլ կանգնեց իր պետության կողքին: Խամենեին իր կենդանության օրոք արդեն հրահանգներ էր տվել. ուժային կառույցները ենթարկեցրել էր Ալի Լարիջանիին, ով բավականին ազդեցիկ ու հեղինակավոր գործիչ է: Իրանում պատրաստ էին այս պատերազմին:
- Առաջին անհրաժեշտության պարենային պաշարների կուտակման ռազմավարական անհրաժեշտություն կա: Մենք այդ փորձն ունեցել ենք 90-ականներին: Չի բացառվում՝ հիմա էլ այդ խնդիրը լինի:

- Հայաստանը պետք է ամրացնի իր պաշտպանական կարողություններն ու չցցվի: Առավել ևս, որ այդ կարողություններն էլ չունի:
Հիշեցնենք, այս տարվա փետրվարին Նիկոլ Փաշինյանը ՀԷՑ-ը խլելու գործընթացից անցավ Հայաստանի երկաթուղուն, որի կառավարման իրավունքը կոնցեսիոն պայմանագրով տրված է Ռուսաստանին: Փաշինյանն առաջարկում է, որ ՌԴ-ն վաճառի ՀՀ-ի երկաթուղու կառավարման իրավունքը բարեկամ երկրի:
«Ռուսաստանի կողմից երկաթուղու կառավարման առումով մեր ռազմավարական դիրքերի և մրցակցային առավելության կորուստ ենք ունենում»,- այդ մասին ասել էր նա` անդրադառնալով «Թրամփի ուղու» շրջանակում երկաթուղու գործարկմանը և դրա որոշ հատվածների` Ռուսաստանի կողմից վերականգնմանը։
Նրա խոսքով` կան ուժեր, որոնք ասում են` այնպես պետք է անել, որ Մեղրիից հետո, երբ երկաթգիծը մտնում է Նախիջևան, դրանից հետո շրջանցի Հայաստանը. «Բնականաբար, մեր միջազգային գործընկերներն ասում են` ինչպե՞ս կարող է երկաթգիծը շրջանցի Հայաստանը. Հայաստանը մեր գործընկերն է, նա այս ծրագրի մի մասն է, և այդտեղ նրանք, որոնք ուզում են Հայաստանը շրջանցել, ասում են` Հայաստանի երկաթուղին Ռուսաստանի կառավարման ներքո է»,- հայտարարել էր Փաշինյանը՝ ավելացնելով, որ Ռուսաստանի և շատ երկրների հարաբերություններ այսօր բավականին սրված են, և ՀՀ իշխանություններն ամեն անգամ բացատրում են` թեև երկաթուղին ՌԴ կառավարման ներքո է, սակայն Հայաստանի սեփականությունն է։
«Ռուսաստանը, մեր համոզմամբ, որևէ ձևով չի ցանկանում ու գործնականում որևէ կերպ չի խոչընդոտի մեր տարածաշրջանային նախագծերին: Այս մասին ես ՌԴ նախագահի հետ էլ եմ խոսել, և ես գիտեմ, որ նա աջակից է բոլոր այս ծրագրերին։ Ուղղակի խնդիրն այն է, որ մի շարք երկրներում ավելի ծանրակշիռ է դառնում այն կարծիքը, որ Նախիջևանից հետո չպետք է Հայաստանով շարունակել, քանի որ երկաթուղին գտնվում է ՌԴ կառավարման ներքո։ Հիմա ես ասում եմ, ու այս տեղեկատվությունը պետք է թափանցիկ կիսենք Ռուսաստանի մեր գործընկերների հետ, որ մենք տեսնում ենք, որ նրանք, որոնք ասում են` պետք է Հայաստանը շրջանցել, նրանց թիվը մեծանում է։ Մենք հիմա նման իրավիճակի առաջ ենք հայտնվել»,- հայտարարել էր նա։
Ըստ նրա՝ իրենք՝ ՀՀ իշխանությունները, ՌԴ-ի դեմ որևէ բան անելու որևէ ցանկություն կամ մտադրություն ոչ ունեցել են, ոչ էլ ունեն, սակայն հիմա երկաթուղու` ՌԴ կողմից կառավարման առումով Հայաստանը ռազմավարական դիրքերի կորուստ է ունենում։
Փաշինյանի պատկերացրած լուծումն այն է, որ մի այնպիսի երկիր, որը բարեկամական հարաբերություններ ունի և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի հետ, ուղղակի ՌԴ-ից գնի կոնցեսիոն կառավարման իրավունքը։
Թե որ երկրի մասին է խոսքը, նա չի որոշակիացրել, և նաև անպատասխան է թողեց լրագրողի դիտարկումը` արդյոք դա կարո՞ղ է լինել Իրանը, միայն նշել է. «Օրինակ` Ղազախստանը, ԱՄԷ-ն, Կատարը կամ որևէ այլ երկիր, որը հիմա իմ մտքով չանցավ, որոնք նույնքան ջերմ հարաբերություններ ունեն և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի հետ։ Ես գոնե այդպիսի երեք երկիր գիտեմ»։
ՀՀ նախկին վարչապետ և ԱԺ նախկին նախագահ Խոսրով Հարությունյանը Փաշինյանի հայտարարությունները երկաթգծի մասին մեծագույն սուտ և բլեֆ է համարում:
- Դա բլեֆ է: Բոլոր բեռնափոխադրողներին մի բան է հետաքրքրում՝ տնտեսական էֆեկտիվություն: Բեռնափոխադրողը չի նայում՝ ով է կոնցեսիոն կառավարիչը: Նա նայում է՝ ով է էժան ծառայություններ մատուցում, ով՝ թանկ: Բաքվով, TRIPP-ով, Երասխով, Ախուրիկով մինչև Ղարս 1215 կմ է. որևէ բեռնափոխադրողի ձեռք տալո՞ւ է այդ ճանապարհից օգտվելը: Խնդիրը ռուսներին հանելն է: Եթե, պարոն Փաշինյան, դու ուզում ես՝ երկիրը դառնա տրանզիտ կենտրոն, պիտի խոսես Բաքու-Ղազախ-Իջևան-Դիլիջան-Վանաձոր-Գյումրի-Ղարս երկաթգծի մասին, որը 600 կմ է: Դու էլ հո իջևանցի՞ ես, գիտես դրա կարևորությունը: Բեռնափոխադրողին ո՞րը ձեռք կտա՝ 1215 կմ-ո՞վ, թե՞ 600 կմ-ով իր բեռը փոխադրելը: Երբ ես վարչապետ էի, ադրբեջանական իմ պաշտոնակիցը խնդրեց Մեղրիի ճանապարհը բացել բեռնափոխադրումների համար, ես ասացի՝ բացառված է, դա անելու դեպքում Մեղրին կկորցնեմ, ու առաջարկեցի նշածս երկաթուղին: Անգամ Խորհրդարանում խնդրեցի թույլ տալ անհրաժեշտության դեպքում պայթեցնել Մեղրիի երկաթգիծը: Բանը հասավ անգամ Իրանի նախագահ Ռաֆսանջանի-Լևոն Տեր-Պետրոսյան շփումներին այդ թեմայով, բայց ես, միևնույն է, հրաժարվեցի բացել Մեղրիի երկաթգիծը: TRIPP-ի 42 կմ-անոց հատվածը տնտեսական առումով մեզ ոչինչ չի տալու: Ապաշրջափակման միակ սխեման իմ նկարագրած սխեման է: Հետագայում եթե Ադրբեջանի հետ իսկապես խաղաղություն լինի, ինչ ուզում եք, արեք: Այլապես հիմա դա անելով՝ Հայաստանը դարձնում եք деловой двор: Մենք ոնց նստած էինք տարածաշրջանային մայթեզրին, այնպես էլ հիմա ենք նստած TRIPP-ի պարագայում:
- Իրանն Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհ կառուցել էր դեռևս 1992 թվականին: Այն ժամանակ դա գրունտային ճանապարհ էր: Այդ ճանապարհը վաղուց է գործող: Ադրբեջանցիները չեն խոսում առհասարակ Ադրբեջան-Նախիջևան կապի մասին, այլ Սյունիքով կապի մասին, որ այստեղ հաստատեն նախ՝ իրենց տնտեսական, ապա՝ ռազմական գերակայությունը: Սա հրեական սցենար է՝ «не мытьем, так катаньем»… Չստացվեց «Զանգեզուրի միջանցքով», կանենք այսպես: Ու դրանում նրանց օգնում է ԱՄՆ-ը:

- Ես Ամերիկայի հետ համագործակցությանը դեմ չեմ, նույնիսկ կողմ եմ, եթե դա արվի այնպես, ինչպես հայտարարվել է, բայց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցության բարձրագույն փաստաթուղթ՝ խարտիա ստորագրեց, իսկ Հայաստանի պարագայում՝ ընդամենը հուշագիր, մտադրությունների նկարագրում, ցանկություն, առանց որևէ իրավական պարտավորության: Սակայն ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բացակայության պարագայում սա էլ է դրական բան: Բայց պետք չէ սրանից մեծ բան սարքել: Վենսի նպատակն Ադրբեջանն էր, այստեղ եկել էր սոսկ որպես Փաշինյանի վստահված անձ, որ աջակցի Փաշինյանին ընտրություններում: Վենսը թեպետ փոխնախագահ է, բայց երկրորդական դեմք չէ, տարբերվում է շատ փոխնախագահներից: Նրան համարում են Թրամփի անվտանգային որոշումների ճարտարապետը: Անգամ նրա՝ Ցեղասպանության մասին գրառումը հանելը մեսիջ էր Թուրքիային, ասում էր՝ մենք այդպես ենք մտածում, բայց որոշ իրողություններ հաշվի առնելով՝ այսպես ենք վարվում:
- Առաջիկա ընտրությունները մի հարցի են պատասխանելու՝ սեփական, պատմականորեն իրեն տրված տարածքում ՀՀ քաղաքացին, հայ ժողովուրդն իր պետականությունն ամրապնդելն իր զավակների, թոռների ու ծոռների համար կարևորո՞ւմ է, թե՞ ոչ, թե՞ մենք բոլորս եկել ենք հայոց պատմության վերջին էջը շրջելու: Ես շատ բան չեմ ուզում. ուզում եմ թոռներս անվտանգ ապրեն մեր երկրում: Ի դեպ, բոլորն են սա ուզում: Առաջիկա ընտրություններն իշխանություն ձևավորելու մասին չեն, պետության լինել-չլինելու մասին են: Եթե մեր քաղաքացին սա գիտակցի, իրենց հետույքները գետնից կտրեն, գնան կես ժամ հատկացնեն, քվեարկեն ընդդիմադիր թեկնածուներից որևէ մեկի օգտին, սրանց կճանապարհենք, ժողովուրդն էլ ղեկը կվերցնի իր ձեռքը:
Մանրամասները՝ տեսանյութում։



