Էրդողանը հայտնել է, որ իրանական հրթիռի բեկորների անկման միջադեպով Թուրքիան մշտական կապի մեջ է ՆԱՏՕ-ի հետ
Թուրքիան սերտ կապի մեջ է ՆԱՏՕ-ի հետ իրանական հրթիռային միջադեպից հետո և ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցները։ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտարարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Անկարայում ունեցած ելույթում։
«Մենք երբեք չենք թողնում մեր երկրի անվտանգությունը պատահականության վրա։ Ինչպես այսօրվա միջադեպի դեպքում (Իրանից եկող հրթիռի խոցումը), մենք ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ միջոցները՝ սերտ խորհրդակցություններով մեր ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ և անհրաժեշտության դեպքում անմիջապես կմիջամտենք։ Մենք նաև ամենախիստ նախազգուշացումներն ենք տալիս՝ նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար», – ասել է նա։
Ավելի վաղ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Արևելյան Միջերկրական ծովում գտնվող ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են Իրանից արձակված բալիստիկ հրթիռը։ Այն ուղղվում էր դեպի Թուրքիայի օդային տարածք՝ Իրաքի և Սիրիայի օդային տարածքով անցնելուց հետո։ Հրթիռի և խափանող սարքի մնացորդները ընկել են Թուրքիայի Հաթայ նահանգի Դյորթյոլ շրջանում։ Վիրավորներ չկան։
Ըստ NTV-ի` հրթիռը խափանելու համար օգտագործվել է Aegis հակահրթիռային պաշտպանության համակարգը։




