Կոշիկներ Դանուբի ափին և ոչ միայն
Դանուբ գետի արևելյան ափին քարացած կոշիկները հիշեցնել են տալիս մարդկային գազանի այն ոճիրը, որը կոչվում է ցեղասպանություն-հոլոքոստ:
«Կոշիկներ Դանուբի ափին» հուշարձանը կառուցվել է Բուդապեշտում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մասսայական գնդակահարությունների պատճառով զոհված հրեաներին հարգանքի տուրք մատուցելու համար:
Ֆաշիստական «Խաչված նետեր» կուսակցությունը Դանուբի ափին շարել է տվել հրեաներին՝ հրամայելով հանել կոշիկները (կոշիկները վերցրել են՝ զինվորներին տալու համար), ապա փամփուշտները խնայելու նպատակով գնադակահարել են միայն առաջին շարքում կանգնածներին, վերջիններս էլ, ընկնելով գետը՝ իրենց հետ տարել են մյուսներին։
Իսկ քանի՞ մարդ մնաց «առանց կոշիկ» ու քանի երեխա՝ առանց ծնող ու քանի ծնող՝ առանց զավակ 1915 թվականին։ Թիվ, որ կհիշեն հարյուրամյակներ հետո՝ անվանելով հոլոքոստ՝ ցեղասպանություն։
1911 թ. Սալոնիկ քաղաքում տեղի ունեցած գաղտնի ժողովում որոշվում է, որ կայսրության տարածքում բնակվող մահմեդականները պետք է թուրքացվեն, իսկ քրիստոնյաները՝ բնաջնջվեն։ Ծրագրի հեղինակներն էին Թալեաթ փաշան (ներքին գործերի նախարարը), Էնվեր փաշան (ռազմական գործերի նախարարը), Ջեմալ փաշան (Պաղեստինյան ճակատի հրամանատարը), Բեհաեդդին Շաքիր բեյը (երիտթուրքական կենտրոնական կոմիտեի անդամ) և ուրիշներ։
Գյավուրներից ազատվել՝ նշանակում էր ազատվել նաև Հայկական հարցից։
Թե հրեաները Դանուբի ափ հասան կոշիկներով, մեզ Դեր Զոր, Ռաուլ-Այնի, Ռաքքայի հասցրեցին պայտերով:
Ցեղասպանության հետևանքները զգում է յուրաքանչյուր հայ: Մարդկային կորուստներից բացի կորցրեցինք նաև մշակութային ժառանգություն, մտավորականություն, հայրենիք…
Թուրքիայի Հանրապետությունը, հանդիսանալով Օսմանյան կայսրության իրավահաջորդը, շարունակում է Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականությունը: Աշխարհի վերաբերմունքը մարդկության դեմ նման հանցագործություներին չպիտի սկսվի ու ավարտվի միայն հուշարձանների կառուցմամբ: Այսօր էլ աշխարհում շարունակում են իրականացվել ցեղասպան գործողություններ: Թուրքերը և այն բոլոր ազգերը, որ իրականացրել են ցեղասպանություն, պետք է պատասխանատվություն կրեն: Աշխարհում այլևս ոչ մի կոշիկ չպիտի մնա առանց տեր՝ այն էլ գետերի ափերին, գետերը պիտի սնեն հողը և ոչ թե ցամաքեն դիակներով…
Զարա Ղազարյան