Կարևոր է, որ կողմերը դրսևորեն զսպվածություն. ԵՄ-ն արձագանքել է երևանյան իրադարձություններին

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ԵՄ անդամ պետությունների դեսպանությունները հայտարարություն են տարածել Հայաստանում ընթացող վերջին քաղաքական զարգացումների վերաբերյալ։

Սահմանադրական բարեփոխումների արդյունքում Հայաստանի անցմանը խորհրդարանական համակարգի հետևեցին նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալությունը ս.թ. ապրիլի 9-ին և Սերժ Սարգսյանի ընտրությունը վարչապետի պաշտոնում ս.թ. ապրիլի 17-ին: Հայաստանի Ազգային ժողովը ս.թ. ապրիլի 11-ին միաձայն վավերացրեց Հայաստանի ևԵվրոպական միության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը:

Այս համատեքստում Եվրոպական միությունը վստահ է, որ Հայաստանի կողմից նոր ջանքեր կգործադրվեն բարեփոխումների ընդգրկուն գործընթացի իրականացման՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների, օրենքի գերակայության ներառյալ դատաիրավական համակարգի ամրապնդման ուղղությամբ:

Եվրոպական միությունը ուշադրությամբ հետևում է Երևանում և Հայաստանի մյուս քաղաքներում տեղի ունեցող զարգացումներին: Համաձայն օրենքի՝ քաղաքացիներն ունեն խաղաղ հավաքների ազատության իրացման օրինական իրավունք:

Կարդացեք նաև

Պետական մարմինները պարտավորություն ունեն ապահովելու հանրային անվտանգությունը և առողջապահությունը օրենքի արդար և համաչափ կիրառման միջոցով: Կարևոր է, որ ներգրավված բոլոր կողմերը շարունակեն դրսևորել զսպվածություն և պատասխանատվություն:

Եվրոպական միությունը պատրաստ է շարունակել համագործակցությունը պետական գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության հետ՝ աջակցելու Հայաստանի կողմից ժողովրդավարական և տնտեսական բարեփումների իրականացմանը ի շահ քաղաքացիների:

Տեսանյութեր

Լրահոս