ԽՍՀՄ-ի ժամանակ իրավական առումով անկլավ գոյություն չի ունեցել․ քաղաքագետ
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ քաղաքագետ Միհրան Շահզադեյանն ասաց՝ Խորհրդային Միության տարիներին իրավական առումով անկլավներ գոյություն չեն ունեցել, կամ նման եզրույթ որևէ իրավական ակտում կիրառված չէ։
Նրա փոխանցմամբ՝ այդպիսի կարգավիճակ սահմանող կամ նույնիսկ եզրույթն օգտագործող որևէ իրավական ակտ չի ընդունվել։
«Նման բան հնարավոր չէ գտնել ո՛չ ԽՍՀՄ Սահմանադրությունում, ո՛չ միութենական հանրապետությունների սահմանադրություններում, ո՛չ էլ խորհրդային որևէ այլ նորմատիվ իրավական ակտում։ Հետևաբար՝ Տիգրանաշենը կամ որևէ այլ բնակավայր «անկլավ» անվանելը չունի իրավական հիմք»,- նշեց քաղաքագետը։
Նրա կարծիքով՝ նման ձևակերպումների օգտագործումը լավագույն դեպքում պայմանավորված է իրավական հարցերի ոչ լիարժեք ընկալմամբ, իսկ վատագույն դեպքում՝ հանրային կարծիքի վրա ազդելու քաղաքական մանիպուլյացիայով։
Միհրան Շահզադեյանն ընդգծեց՝ ՀՀ տարածքի որևէ հատվածի նկատմամբ «անկլավ» եզրույթի կիրառելիությունը չի կարող հիմնվել միայն քարտեզագրական կամ պատմական փաստաթղթերի վրա, այդ հարցը պետք է գնահատվի բացառապես գործող միջազգային իրավունքի, ՀՀ իրավական ակտերի և Հայաստանի ու հարևան պետությունների միջև իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող համաձայնագրերի համատեքստում։
Նրա խոսքով՝ ԽՍՀՄ սահմանադրական համակարգում միութենական հանրապետությունների տարածքային փոփոխությունները չէին կարող կամայականորեն արվել։ Եթե մի հանրապետության տարածքի որևէ հատված պետք է մյուսին փոխանցվեր, ապա դրա համար անհրաժեշտ էր ոչ միայն համապատասխան հանրապետությունների համաձայնությունը, այլև ԽՍՀՄ բարձրագույն մարմինների հաստատումը։
Նա շեշտեց՝ ուսումնասիրությունների ընթացքում չի հայտնաբերվել որևէ իրավական ակտ, որով Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքում «անկլավներ» են ստեղծվել։

