Լեհաստանը դիմել է Ֆրանսիային՝ Էպշտեյնի գործով հետաքննությանն աջակցելու խնդրանքով․ RMF FM
Ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի գործով օգնություն ստանալու համար լեհ հետաքննիչները դիմել են ֆրանսիացի գործընկերներին։ Այս մասին հայտնում է RMF FM ռադիոկայանը։
Խոսքը վերաբերում է ֆրանսիացի մոդելային գործակալ, Էպշտեյնի մտերիմ զինակից Ժան-Լյուկ Բրունելի գործունեության հետաքննությանը։ Վերջինս մեղադրվում է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեջ և 2022 թվականին մահացած է գտնվել բանտախցում։
«Լեհ դատախազներն այսպես կոչված եվրոպական հետաքննչական օրդեր են ուղարկել ֆրանսիական կողմին։ Նպատակն է ստանալ Բրունելի և նրա հետ համագործակցած անձանց վերաբերյալ ֆրանսիական հետաքննության ընթացքում հավաքված ձայնագրություններն ու ապացույցները», — նշված է հաղորդագրության մեջ։
Լեհաստանի ազգային դատախազությունն ավելի վաղ հետաքննություն էր սկսել Էպշտեյնի գործի շրջանակում սեռական շահագործման նպատակով անչափահասների հավաքագրման դեպքերի վերաբերյալ։ Հանրապետության ազգային դատախազությունը փետրվարին հայտնել էր, որ Արդարադատության նախարար, Լեհաստանի գլխավոր դատախազ Վալդեմար Ժուրեկը խումբ է ձևավորել՝ Էպշտեյնի գործում «լեհական հետքերն» ուսումնասիրելու համար։
2019 թվականին ԱՄՆ-ում Էպշտեյնին մեղադրանք էր առաջադրվել սեռական շահագործման նպատակով անչափահասների թրաֆիքինգի համար։ Նույն թվականի հուլիսին նա մահացել էր բանտում․ հետաքննությունը հանգել էր ինքնասպանության վարկածին։ ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Թոդ Բլանշը հունվարի 30-ին հայտարարել է Էպշտեյնի գործով նյութերի հրապարակման ավարտի մասին։ Հանրայնացված տվյալների ընդհանուր ծավալը գերազանցել է 3,5 միլիոն ֆայլը։

