Այս պահին Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններ չեն ընթանում. Իրանի ԱԳՆ
Իրանն այս պահին որևէ բանակցություն չի վարում ԱՄՆ-ի հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։
«Մենք երբեք չենք խուսափել դիվանագիտական գործիքի կիրառումից՝ մեր ազգային շահերը պաշտպանելու համար։ Քանի դեռ հակառակ կողմը զբաղված է Իրանի դեմ ագրեսիայով և հարձակումներով, մեր ուշադրությունը կենտրոնացած է բացառապես պաշտպանության վրա… Այս պահին ԱՄՆ-ի հետ որևէ բանակցություն չի ընթանում»,- Իրանի պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է Բաղային։
Նրա խոսքով՝ քանի դեռ ԱՄՆ-ն չի փոխել իր դիրքորոշումը, «խելամիտ» դիվանագիտական գործընթացն անհնար է։
Հիշեցնենք` Թեհրանն ու Վաշինգտոնը հունիսի 18-ի գիշերը հուշագիր ստորագրեցին, որը փետրվարի 28-ին սկսված հակամարտության ավարտ էր ենթադրում, սակայն ԱՄՆ զինվորականները հուլիսի 8-ի լույս 9-ի գիշերը հզոր հարվածների շարք սկսեցին Իրանի ուղղությամբ։ ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարեց, թե դա իբր արվել է ի պատասխան Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի դեմ Իրանի գործողությունների։
Հուլիսի 8-ին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Իրանի հետ հրադադարն ավարտվել է: Հուլիսի 12-ի գիշերը ամերիկյան ուժերը հարձակվեցին Իրանում, Պարսից ծոցի ափերի երկայնքով և Հորմուզի նեղուցում գտնվող շուրջ 140 թիրախների վրա։ Իրանի Մեջլիսի խոսնակ Բաղեր Ղալիբաֆն իր հերթին հայտարարեց, որ միակողմանի գործարքների դարաշրջանն ավարտվել է, և զգուշացրեց` եթե ԱՄՆ–ն չպահպանի հրադադարի համաձայնագրի պայմանները, պատասխանը չի ուշանա։

