Ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք. Ավետիք Չալաբյանը ՔԿՀ–ից դիմել է ժողովրդին

«ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող, քաղաքական և հասարակական գործիչ Ավետիք Չալաբյանը «Արմավիր» ՔԿՀ-ից նամակով դիմել է ժողովրդին և հորդորել է պայքարել ՀՀ ներկայիս իշխանության և երկրում ստեղծված իրավիճակի դեմ։

Չալաբյանը նամակում նշել է, որ ինքն արդեն ավելի քան 1 ամիս է` անազատության մեջ է, ու դա որակել է ապօրինություն:

Նա հիշեցրել է, որ այս մեկ ամսում ազատությունից զրկվել են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը և «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը, քրեական գործ է հարուցվել 9-րդ գումարման ԱԺ-ի պատգամավոր Նարեկ Կարապետյանի դեմ, շարունակում են անազատության մեջ գտնվել Բագրատ սրբազանը և նրա ընկերները, «Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանը, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և բազմաթիվ այլ անձինք, որոնք, Չալաբյանի խոսքով, համարձակություն են ունեցել պայքարելու այս վարչախմբի և նրա կողմից Հայաստանում իրականացվող թրքամետ օրակարգի դեմ։

«Այսօր մենք զրկված ենք մեր ազատությունից, բայց իրականում բանտում է հայտնվել մեր ողջ երկիրը։ Ողջ երկրին փորձում են զրկել մտքի և գործի առաջնորդներից, ապագայի հեռանկարից, այդ ապագան սեփական կամքով ընտրելու ազատությունից։ Այսօր և՛ Հայաստանի, և՛ Բաքվի բանտերում ազատազրկվում է մեր ողջ ժողովուրդը, նրա անցյալը, ներկան, և փորձ է արվում ազատազրկելու նաև նրա ապագան։ Պետք չէ սպասել այն օրվան, երբ քննչական կոմիտեն կգա անձամբ ձեր հետևից՝ ինչ-որ իմաստով այն արդեն եկել է։ Ուստի ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար, ինչպես 100 տարի առաջ մեր արժանավոր նախնիները պայքարում էին Սարդարապատում։ Թշնամին, պարտվելով Սարդարապատում, այսօր մեր երկիրը փորձում է գրավել ներսից՝ իր կամակատարների միջոցով»,- գրել է Չալաբյանը:

Նա նաև նշել է՝ ազատությունից զրկված յուրաքանչյուրի փոխարեն պայքարի պետք է դուրս գան հարյուրները և հազարները, որպեսզի թշնամին կրկին ընկրկի։ Քաղաքական գործիչը շեշտել է՝ այսօրվա կռիվը յուրաքանչյուրինն է:

Հիշեցնենք` ոստիկանության և քննչական մարմինների 7-8 աշխատակիցներ հունիսի 24-ի վաղ առավոտյան այցելել էին Ավետիք Չալաբյանի տուն, երբ ընտանիքի անդամները դեռ քնած էին եղել։ Նույն օրը Չալաբյանը կալանավորվեց 2 ամսով։ Նրան ընտրողների ընտրական իրավունքը խոչընդոտելու նախապատրաստության մեղադրանք է առաջադրվել (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և իշխանական լիազորությունների օգտագործմամբ):

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031