Ճապոնիայի վարչապետը չգիտի իր վարկանիշի անկման պատճառները
Ճապոնիայի վարչապետ Սանաե Տակաիչին խոստովանել է, որ չգիտի, թե որոնք են իր կառավարության վարկանիշի անկման պատճառները։
«[Վարկանիշի անկման] պատճառն անհայտ է։ Սակայն մենք հաշվի կառնենք հասարակական կարծիքը», — նշել է նա՝ խորհրդարանի ստորին պալատի բյուջետային հանձնաժողովում ընթացող քննարկումների ժամանակ պատասխանելով պատգամավորների համապատասխան հարցին։
Ճապոնիայի առաջատար լրատվամիջոցների մեծ մասը վերջին օրերին հրապարակել է հասարակական կարծիքի հարցումների արդյունքները, որոնց համաձայն՝ Տակաիչիի գլխավորած կառավարության աջակցության մակարդակն իջել է ռեկորդային ցածր նիշի՝ կազմելով 53,7%։ Իսկ անվստահության մակարդակը, ընդհակառակը, հասել է վարչապետ Տակաիչիի աշխատակազմի գործունեության ողջ ընթացքում ամենաբարձր ցուցանիշին՝ 33,7%-ի։
Վերջին ամիսներին Տակաիչիի վարկանիշը հետևողականորեն նվազում է, ինչը կապում են «Սյուկան բունսյուն» շաբաթաթերթի աղմկահարույց հրապարակումների հետ։ Պարբերականը պնդում է, որ Տակաիչիին մոտ կանգնած աշխատակիցները նախորդ տարի իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարի ընտրությունների ժամանակ ներքաշված են եղել իրենց մրցակիցների վերաբերյալ զրպարտչական տեսանյութեր տարածելու գործում։ Ինքը՝ Տակաիչին, բազմիցս հերքել է այդ մեղադրանքները։

