Այսուհետ դեղերի մեծ մասը հնարավոր կլինի ձեռք բերել միայն դեղատոմսերով. դրանց թվում են նաև մի շարք ցավազրկողներ
Հայաստանում գրանցված մոտ 4700 անուն դեղից դեղատոմսով բացթողնման ենթակա է 2700-ը: Մարտի 1-ից պարտադիր պահանջը կգործի՝ հակաբիոտիկների, հորմոնային պրեպարատների և կոդեին պարունակող դեղերի, հուլիսի 1-ից՝ բոլոր ներարկումային և հակաուռուցքային դեղերի, իսկ հոկտեմբերի 1-ից՝ դեղատոմսով դուրս գրվող մնացած բոլոր դեղերի նկատմամբ:
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ նախկինում այդ պահանջը հանված չի եղել. «Երբևէ Առողջապահության նախարարության համապատասխան կառույցները չեն դադարեցրել դեղերի գրանցման ժամանակ դեղերը որակել՝ որպես դեղատոմսով դուրս գրվող, կամ՝ ոչ: Այլ խնդիր է, որ այս պահանջը կատարվել է ոչ լիարժեք: Հիմա մենք նոր օրենքի պահանջներին համապատասխան նոր կարգ ենք մշակել, ու այդ կարգով այս պահանջը նորից թարմացվում է: Եթե նախկինում մենք չենք ունեցել վերահսկման մեխանիզմներ, հիմա սահմանված են որոշակի վերահսկման գործառույթներ, որոնցով այս ամբողջ գործընթացը տեղի է ունենալու»:
Փոխնախարարի խոսքով՝ դեղատոմսը գործիք է, որը հարաբերությունների մեջ է մտնում 3 հիմնական կողմերի հետ՝ բժիշկների, դեղատների և հիվանդների: Փոխնախարարի խոսքով՝ մինչև այս դեղերի դուրս գրումը շատ թերի է իրականացվել. բժիշկները դեղատոմսներ են գրել սովորական թերթիկների, դեղագործական ընկերությունների բլանկների վրա. «Մենք օրենքով արգելում ենք այս գործառույթը, և ասում ենք՝ դա պետք է լինի դեղատոմսերի միջոցով»:
Ս. Խաչատրյանը նկատեց, որ այսօր բազմաթիվ մարդիկ իրականացնում են ինքնաբուժում, նրանք պարզապես դեղատուն են գնում, հարցնում են՝ ի՞նչ դեղ կարելի է օգտագործել, և դեղատան աշխատակիցը, որը չունի պատշաճ բժշկական կրթություն, դեղ է վաճառում. «Այդ «դեղի վաճառք» պարզ հասկացողությունից մենք ուզում ենք անցնել դեղի բացթողնման»:
Փոխնախարարն ընդգծեց, որ յուրաքանչյուր հիվանդի համար դեղատոմսը երաշխիք է այն բանի, որ իրեն նշանակված է ճիշտ դոզայով, ճիշտ հաճախականության օգտագործվող դեղ, և այդ դեղն օգտագործվելու է իր հիվանդության բուժման համար:
«Մենք հասկանում ենք, որ կարող են առաջանալ հոսքեր, քրոնիկ հիվանդներ, որոնք նախկինում չեն դիմել բժիշկների, նույնպես պետք է գնան պոլիկլինիկաներ, բայց մի կարևոր ուղերձ կա, որն ուզում ենք ասել, որ հիվանդը գնում է պոլիկլինիկա ոչ թե՝ դեղատոմս ստանալու, այլ՝ իր բուժումը կազմակերպելու: Այդ ճանապարհին՝ նշանակված դեղը պետք է նշանակվի դեղատոմսով: Մենք հասկանում ենք, որ բազմաթիվ հիվանդներ, որոնք նախկինում չեն գնացել, նաև նրանք, ովքեր առաց դեղատոմսի հնարավորություն են ունեցել ձեռք բերելու, նրանք նույնպես գնալու են պոլիկլինիկաներ: Այս պարագայում հնարավոր է հիվանդների հոսքի ավելացում, կարող են հերթեր առաջանալ: Դրա համար կառավարության որոշման մեջ փոփոխություններ են նախապատրաստել, որոնք ներկայացնելու ենք այս շաբաթ կառավարության հաստատմանը, դա դեղատոմսերի կիրառման որոշակի ժամանակացույցի մասին է»,- նշեց Ս. Խաչատրյանը:
Նա նաև նշեց, որ այս պահին տեղի են ունենում պետական տեսչական վերահսկողության մարմնի կազմավորման աշխատանքները. «Առաջիկա ամիսների ընթացքում այս մարմինն իրավական հիմքեր է ստանալու՝ կատարելու այն վերահսկողությունը, որը պարտավոր է կատարել: Հոկտեմբերի 1-ից մենք դեղերի դուրս գրումը դեղատոմսերով վերահսկելու ենք տեսչական մարմնի գործունեությամբ, որը չենք ունեցել վերջին 10 տարիների ընթացքում»:
Դիտարկմանը՝ սա կարող է հավելյալ ծախսեր առաջացնել քաղաքացու համար, որովհետև սովորական մրսածության համար նա պարտավորվում է գնալ բժշկի, անալիզներ հանձնել, և այլն, Ս. Խաչատրյանը պատասխանեց, որ դա հավելյալ ծախս չէ. «Երբ մարդ զբաղվում է ինքնաբուժմամբ, և որովայնի ցավով հիվանդը հիվանդանոց գնալու փոխարեն՝ գիշերը խմում է շատ ուժեղ ցավազրկող, իսկ առավոտյան պարզվում է, որ իր մոտ որովայնի խոռոչում սուր պրոցես է տեղի ունենում, ինքնաբուժման հետևանքով՝ հետագա բուժման ծախսերը շեշտակի շատանում են»:
Հարցին՝ եթե ինչ-որ մեկը թեթևակի գլխացավ ունի, դրա համար պետք է դիմի բժիշկի՞, որպեսզի այդ ցավազրկողը ստանա՝ փոխնախարարը պատասխանեց, որ կան դեղեր, որոնք դեղատոմսով դուրս գրվող չեն, և այդ դեղերը կարող են ձեռք բերել. «Բայց ես խորհուրդ եմ տալիս ցավին վերաբերվել՝ որպես լուրջ հիվանդության նշան, ուղղակի հանգստանալու համար դեղ չխմել»:
Նշենք, որ դեղատոմսով դուրս գրվող դեղերի ցանկում են հայտնի ցավազրկողներից Նիմեսիլը, Սոլպադեինը, Կետոնալը, Ասպիրինը, Անալգինը, և այլն:
Դեղատոմսով և առանց դեղատոմսի ձեռք բերվող դեղերի ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ.:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: