Բաժիններ՝

«Դե արի ու այս էշի լակոտին բացատրի, որ մեծերին, անկախ ամեն ինչից, պետք է հարգել» . Սամվել Մարտիրոսյան

Մեր օրերում տեխնիկական զարգացումն առաջացնում է բազմաթիվ բացարձակապես նոր խնդիրներ։ Դրանց լուծումները կրթական համակարգից և ծնողներից նոր մոտեցումներ են պահանջում։ Կան շատ հարցեր, որոնք նույնիսկ ուսուցիչների և ծնողների կողմից չեն գիտակցվում, այն պատճառով, որ ուսուցիչները դրանց հետ նախկինում երբևէ չեն առնչվել, և, որ դրանց լուծման համար գոյություն չունեն ավանդական մոտեցումներ։

«Դեռահասները և տեխնիկական զարգացումը» թեմայով հանդիպման ընթացքում «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ, տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը վերջերս հանդիպել էր նույն դպրոցում սովորող աշակերտների ծնողների հետ: Հանդիպմանը ներկա էր նաև «168 Ժամը»։ Ներկայացնում ենք հանդիպման նյութի երկրորդ մասը (մաս առաջին):

Ծնողներն ու ուսուցիչները պետք է մոտավորապես նույն միջավայրից լինեն, որպեսզի հասկանան, թե ի՞նչ տեսակի խնդիրներ կարող են ունենալ աշակերտները, սկսած՝ նոր սերնդի լեքսիկոնից

Սերունդների փոփոխության հետ է կապված նաև լեզվի փոփոխությունը: Այս խնդիրը եղել է միշտ և շարունակելու է մնալ մշտապես: Ամեն սերունդ բառերն օգտագործում է յուրովի, արդյունքում՝ հաճախ նաև նոր բառեր են հայտնվում: Հիմա լեքսիկոնի (ժարգոնի) փոփոխությունը շատ արագ է տեղի ունենում՝ մեկ կամ երկու տարվա ընթացքում: Այսօր, օրինակ, եթե լսեք ռուս պատանուն, ով խոսում է այդ լեզվով, և, եթե անգամ դուք շատ լավ եք տիրապետում այդ լեզվին, միևնույն է, մեծ է հավանականությունը, որ նրա խոսքից կարող եք հասկանալ կեսից քիչը: Դրանք ոչ միայն ուրիշ բառեր են, այլև նույնիսկ ծանոթ բառերի տրակտովկաներ: Բառերն այս պարագայում միայն օրինակ են: Կան խնդիրներ, որոնք ծագում են՝ միջավայրից ելնելով և, եթե ինքը՝ ծնողը, այս կամ այն կերպ ներգրավված չէ այն միջավայրին, որտեղ իր զավակն է, ապա չի կարող հասկանալ, թե ի՞նչ խնդիրների հետ է բախվել կամ դեռ բախվելու իր զավակը:

Եվ, առհասարակ, երեխաներն իրենց ծնողներից մշտապես մի հարթակ առջևում են գտնվում: Օրինակ, երբ ծնողներն «Odnoklassniki.ru»-ում են, ապա երեխաները «Facebook»-ում են, նրանք իրենց երեխաների հետևից գալիս են «Facebook», սրանք գնում են «Instagram»: Հիմա ծնողները սրերով զինված՝ լցվում են «Instagram», բայց երեխաներն արդեն տարածվել են «Messenger»-ներում, և այլն: Երբ ասում ենք, որ սրանք միմյանցից տարբեր աշխարհներ են, դա իսկապես այդպես է: Հիմա, կարծեմ ավելորդ է ասել, որ ամեն մի միջավայր թելադրում է իր կանոնները, հաճախ՝ նույնիսկ տարօրինակությունների հասնող շփման ձևերը:

Օրինակ, եթե մեր տատիկ-պապիկները հատուկ լուսանկարների համար նախատեսված ալբոմներ էին կազմում, հետո մենք դրանք սկսեցինք որպես ալբոմներ հավաքել և պահպանել համակարգչի մեջ, հիմա արդեն ականատեսն ենք դառնում բոլորովին այլ՝ «Live story» երևույթին, որ լուսանկարների տարածման նոր տրադիցիա է, որը սոցիալական ցանցերում կարող է արդիական լինել ընդամենը քսանչորս ժամ: Սա, իհարկե, փոխում է նաև մարդու հոգեբանությունը՝ դարձնելով նրան ինչ-որ երևույթների նկատմամբ ավելի հանգիստ, կողքից անցնողի սովորություն ձեռք բերող: Ասյտեղ կարելի է արձանագրել մի քանի կարևոր կետեր. այսօրվա դպրոցականները միանշանակորեն ապրում են ավելի լայն աշխարհում՝ փորձելով իրենց դրսևորել այնքան լայն շրջապատի համար, որտեղ նույնիսկ իրենց անծանոթ մարդիկ կան։

Այն, ինչ մինչ այդ բնորոշ էր ավելի շատ հանրային կյանքով ապրող մարդկանց, ապա այսօր հասանելի է նաև միջին երիտասարդին, ով, փաստորեն, ապրում է նաև մարդկանց այն խմբի համար, ում ինքը չի ճանաչում: Արդեն ահռելի քանակությամբ ավելանում են նաև «բլոգերները», և այս երևույթն արդեն այնքան մեծ տարածում է գտել, որ երիտասարդներն իրենց, այսպես ասած՝ ֆանատների հետ հանդիպումներ են կազմակերպում: Սա գալիս է հաստատելու, որ ավագ սերունդը (որ այսօր արդեն համարվում ենք մենք), իրականությունից շատ հեռու է, ու այս ամենը տեղի է ունեցել ընդամենը մեկ կամ երկու տարվա ընթացքում: Սա, իհարկե, չի կարող անհետևանք մնալ, և առաջին հերթին՝ ազդում է՝ փոխելով երեխայի հոգեբանությունը՝ ժամանակից շուտ նրան մտցնելով արտաքին աշխարհի մեջ: Իրականում, մինչ սեռական հասունացումը երեխան աշխարհին նայում է իրեն մոտ կանգնած մի քանի մեծահասակների աչքերով՝ ծնողների, տատիկ-պապիկների, ուսուցիչների, և այլն: Նա ինքնուրույն չի կարող տեսնել աշխարհը:

Ստացվում է, որ հիմա երեխաները միանգամից դուրս են գալիս բաց աշխարհ՝ շրջանցելով միջնորդների հայացքը, որը, իմ կարծիքով, շատ լավ երևույթ չէ և դրական հետևանքներ չի կարող թողնել, որովհետև երեխայի ներքին բովանդակույթյունը դեռ հաստատված չէ, և նա չի կարող ամբողջությամբ և լիովին ընկալել շրջապատող արտաքին աշխարհը: Արդյունքում, նա սկսում է հեշտորեն կապկել ուրիշներին, ովքեր հիմնականում իր նմաններն ու հասակակիցներն են: Այս դեպքում շատ ակտիվ և մասսայական կերպով զարգանում է ավագ սերնդին չընդունելու, մերժելու երևույթը: Իհարկե, միշտ է այդպես եղել, բայց տեմպերով այժմ նկատելի կերպով աճ է գրանցում: Սա իր հետ առաջ է բերում նաև սպեցիֆիկ մեծամտության մի տեսակ, երբ երեխան, ասենք, նոր տեխնոլոգիաներից ավելի շատ է հասկանում, քան ավագ սերունդը, որը չի կարողանում հաղթահարել այս խնդիրը, որովհետև այդ տեսանկյունից տգետ է ու աղքատ: Դե արի ու այս էշի լակոտին բացատրի, որ մեծերին, անկախ ամեն ինչից, պետք է հարգել…

Իհարկե, տեխնիկական զարգացումն իր հետ մի շարք խնդիրներ էլ է առաջացնում. մարդկության հիշողությունը գնալով նվազում է, և սա մասսայական բնույթ է կրում: Թեև դեռ հնագույն ժամանակներում Պլատոնն էր Սոկրատի անունից բողոքում, որ հիշողությունը սկսել է թուլանալ, բայց, եթե առաջներում դա ուղղակի թուլանում էր, ապա հիմա եկել, զրոյական կետին է կանգնել: Այսօր կան երևույթներ, որ մարդիկ առանց սարքերի ուղղակի ունակ չեն հիշելու: Օրինակ, եթե ձեր կողքին կանգնած որևէ մեկը կարողանա անգիր ասել ձեր ընկերներից մեկի հեռախոսահամարը, ապա ասեք, որ արդեն զարմանալու է՝ մոտավորապես գուրուի տպավորություն է թողնում ձեզ վրա:

Բացի այս, գնալով ավելի նկատելի է դառնում մարդկանց ցրվածությունը, որովհետև այսօր մարդու գիտակցությունն անընդհատ տարբեր տեղերում է թափառում, և սա նույնպես՝ շնորհիվ նորագույն տեխնիկաների, որին հաջողվել է պառակտել մարդու գիտակցությունը: Մեզանից շատերն ունեն երկու հեռախոս, անդադար ստուգում են էլփոստի թարմացումները, հետևում մեսինջերից եկած հաղորդագրություններին, և այլն: Սա աննկատ փոխում է մարդու գիտակցությունը: Ստացվում է, որ ձեր գիտակցությունն անդադար ցանցում է: Հետևաբար, եթե ձեր ձեռքին կա սմարթֆոն, ուրեմն դուք անդադար ինտերնետային իրականության մեջ եք: Իհարկե դեռ կան մարդիկ, ովքեր դեռևս այդքան մեծ չափով կախված չեն այս ամենից, բայց երեխաների մոտ այս ցուցանիշներն անվտանգության սահմաններն անցնում են: Առհասարակ, երեխաների մոտ կախվածությունը լուրջ խնդիր է, որովհետև նրանք, ի տարբերություն մեծահասակների, իրենց ներսում չունեն երկրորդ՝ առողջ կորիզը, որը մեկ մեկ գլուխ է բարձրացնում, ստիպում, որ մարդն իրեն թափ տա: Եթե երեխան շատ է սիրում կոնֆետներ՝ ի՞նչ է նա անում, երբ չկա մեծահասակի վերահսկողությունը՝ նա իր սիրելի կոնֆետները կուտի այնքան, մինչև սրտխառնոց կունենա, և միայն դա կարող է նրան կանգնեցնել:

Նույնը տեղի է ունենում այն ժամանակ, երբ մենք երեխայի ձեռքն ենք տալիս սմաթֆոնը, ենթագիտակցորեն շատ լավ իմանալով, որ մենք ինքներս դրանից պոկվել չենք կարողանում: Երեխան ուղղակի ունակ չէ դրանից կտրվելու: Կան երեխաներ, որ ուղղակի կործանվում են, որովհետև նրանք չեն կարողանում իրենց գիտակցությունն այդ սարքերից հանել: Դա կլանում է երեխային, տանում մի տեղ ու հետ չի վերադարձնում: Սա մի խնդիր է, որը, ասենք՝ երեխայի վրա ուժ կիրառելով չես լուծի: Հետևաբար, ամփոփելու համար կարող եմ միայն ասել՝ ծնողներն իրենք պետք է ներգրավված լինեն այն միջավայրերում, որտեղ ժամանակի թելադրանքով «ապրում» են իրենց երեխաները, և վերահսկողությունը նրանց վրա պետք է լինի մշտապես, իսկ թե որ ծնողն ինչպես է լուծելու այդ վերահսկողության հարցը, սա արդեն զրույցի այլ թեմա է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս