Բաժիններ՝

«ԱԲ սերունդ» դպրոցական ծրագիրը՝ ASU+GSV միջազգային կրթական մրցույթի թոփ 10 նորարարությունների թվում

«Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» դպրոցական ծրագիրը ճանաչվել է ASU+GSV միջազգային կրթական մրցույթի լավագույն 10 նորարարություններից մեկը և ապրիլի 12-15-ին ներկայացված կլինի Սան Դիեգոյում կայանալիք ASU+GSV գագաթնաժողովում։

Ծրագրի դպրոցների համապետական ցանցը՝ ի դեմս Վաղարշապատի թիվ 5 ավագ դպրոցի, ընդգրկվել է մրցույթի «Ազդեցություն» կատեգորիայի լավագույն 5-ում։

Ծրագիրն իրականացնում է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ՝ խորացված, անվճար ԱԲ կրթությունը ներդնելով Հայաստանի հանրակրթական ավագ դպրոցներում։

Կարդացեք նաև

«Մեզ համար շատ կարևոր է, որ աշխարհում Հայաստանն առանձնանում է իր կրթական նորարարություններով և՝ ճանաչելի դառնում հենց հանրակրթական համակարգից սկիզբ առնող ծրագրով։ «ԱԲ սերունդ»-ը, այս տեսանկյունից, Հայաստանի այցեքարտերից մեկն է»,- նշել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Այս տարի Հայաստանը լինելու է ԱՄՆ-ից դուրս եզրափակչում ներկայացված միակ երկիրը՝ առանձնանալով մրցույթի 110 դիմորդների թվում։ Անդրադառնալով այս նվաճմանը FAST-ի Հանրակրթական ծրագրերի ղեկավար և ծրագրի պատասխանատու Անուշ Այվազյանը ընդգծել է․

«Սա ևս մեկ անգամ փաստում է, որ Հայաստանը՝ կրթական համակարգում ԱԲ կրթության ներդրմամբ աշխարհում առաջատարներից է, և որ մեր նման փոքր երկրները ևս կարող են մրցունակ լինել կրթական նորարարությունների ու տեխնոլոգիաների միջազգային ասպարեզում»։

2023-ից ի վեր «ԱԲ սերունդ» ծրագրի շրջանակում աշակերտները՝ որպես առօրյա դասացանկի մաս անցնում են խորացված հանրահաշիվ, Python ծրագրավորման լեզու և արհեստական բանականություն, զուգահեռ՝ ներգրավվելով մասնագիտական կողմնորոշման ու հմտությունների զարգացման ծրագրերում, միջազգային ու տեղի AI օլիմպիադաներում ու մրցույթներում։

Այս պահին ծրագիրն արդեն իսկ հասանելի է ՀՀ բոլոր մարզերի 23 ավագ դպրոցներում՝ դարձնելով Հայաստանն աշխարհի առաջին երկրներից մեկը, որ ԱԲ կրթությունը ներդնում են դպրոցական մակարդակում։

2026-2027 ուսումնական տարում նախարարությունն ու FAST հիմնադրամը նախատեսվում են ընդլայնել ծրագիրը՝ հասնելով մինչև 45 ավագ դպրոցներ։

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) ստեղծվել է 2017-ին Հայաստանում տեխնոլոգիական նորարարությունն ու գիտական առաջընթացը խթանող էկոհամակարգ ստեղծելու նպատակով: Այս ուղղությամբ հիմնադրամն իրականացնում է կրթական, գիտական եւ գիտական արդյունքի առեւտրայնացման նախագծեր՝ ամբողջացնելով նորարարական մտքի ձեւավորումից մինչեւ դրա նյութականացում տանող շղթան: Իր գործունեության ինը տարվա ընթացքում հիմնադրամն իրականացրել է 31 ծրագիր՝ հասնելով ավելի քան 27 000 շահառուի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս