«Այսպիսի թռիչքային զարգացում մարդկության պատմության մեջ առնվազն չի եղել»
Մեր օրերում տեխնիկական զարգացումն առաջացնում է բազմաթիվ բացարձակապես նոր խնդիրներ։ Դրանց լուծումները կրթական համակարգից և ծնողներից նոր մոտեցումներ են պահանջում։ Կան շատ հարցեր, որոնք նույնիսկ ուսուցիչների և ծնողների կողմից չեն գիտակցվում, այն պատճառով, որ ուսուցիչները դրանց հետ նախկինում երբևէ չեն առնչվել, և, որ դրանց լուծման համար գոյություն չունեն ավանդական մոտեցումներ։
«Դեռահասները և տեխնիկական զարգացումը» թեմայով հանդիպման ընթացքում «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ, տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը հանդիպեց նույն դպրոցում սովորող աշակերտների ծնողների հետ: Հանդիպմանը ներկա էր նաև «168 Ժամը»։
Ի՞նչ լուրջ փոփոխություններ են կրում երեխաները՝ աշխարհի և տեխնիկական զարգացման տեմպերի հետ
– Փաստ է, որ նման թեմա կա, առկա է, և դա այնքան լուրջ բնույթ է կրում, որ այսօր արդեն դպրոցն ու մանկավարժությունը լուրջ ճգնաժամի առջև են հայտնվել: Շատ դեպքերում ստեղծված իրավիճակի հիմնական պատճառը եղել և շարունակում է մնալ մանկավարժների և ծնողների անտեղյակությունը: Առհասարակ, կարծում եմ, ողջ աշխարհում հանրակրթական ուսուցումը լուրջ խնդիրների առջև է հայտնվել: Աշխարհի մասշտաբով կրթական ոլորտում անդադար ինչ-որ բարեփոխումների հետևից են ընկել, բաց թողնելով, թերևս, ամենակարևոր խնդիրը, որն է՝ ըստ էության ծանոթանալ դրանց հետ: Մեզ մոտ էլ կրթական ոլորտն անդադար բարեփոխման ինչ-որ անհասկանալի պրոցեսների մեջ է, բայց բուն խնդիրը շարունակում է մնալ անփոփոխ, պարզապես չի ընկալվում, ուղղակի անտեսվում է այս նոր սերնդի տարբերությունն իր նախորդների նկատմամբ: Խնդիրը նրանում է, որ մարդկության զարգացման ընթացքում պարբերաբար լինում են փուլեր, երբ սերունդների մեջ եղած տարբերությունը սարսափելի մեծ է:
Այսպիսի թռիչքային զարգացում, որին մենք ականատես ենք լինում հիմա, մարդկության պատմության մեջ առնվազն չի եղել, գոնե այն պատմության, որին մենք տեղյակ ենք, և որը մենք կարող ենք գնահատել: Մյուս լուրջ խնդիրն այն է, որ սերնդափոխության տևողությունը շատ է կարճացել:
Եթե հետ գնանք դեպի Հին Միջնադար (չեմ ասում՝ հին Եգիպտոս), ապա կփաստենք, որ այնտեղ այս պրոցեսը տեղի էր ունենում իրականում մի քանի սերունդների ընթացքում: Այսինքն, պապը գիտեր, թե մոտավորապես ինչպե՞ս է ապրելու իր թոռը, և, որ առանձնապես մեծ փոփոխություններ չէին լինելու, ավելին՝ պապը նույնիսկ գիտեր, թե ի՞նչ է հագնելու իր թոռը՝ իր շորերը:
Այսօր անձնական փորձից ելնելով, փաստում եմ՝ սերնդափոխությունը տեղի է ունենում այն արագությամբ, որ իմ առաջին շրջանավարտները, ովքեր հիմա 25-26 տարեկան են, իմ հետ կիսվելուց ասում են՝ այս ի՞նչ են հիմիկվա երեխաները: Եկեք համաձայնենք, որ այս արտահայտությունը երեխաների մասին 30 տարի առաջ ասում էր 50-60 տարեկանների սերունդը:
Այսօրվա երեխաները լրիվ ուրիշ մոլորակից են
– Առաջին տարբերությունը կայանում է հետևյալում, եթե առաջ հիմնարար գիտելիքներն ավագ սերնդից փոխանցվում էին հաջորդին, ապա հիմա այնքան էլ այդպես չէ: Հիմա արդեն երեխաներն իրենք են իրար մեջ փոխանակվում գիտելիքներով: Դա տեղի է ունենում երկու պատճառով՝ երեխաների գիտակցությունն այսօր դասի ընթացքում նկատելիորեն քիչ է ներկա, քան առաջ էր:
Հիմա երեխան դասի ընթացքում խիստ կտրված է դասապրոցեսից, մի պարզ պատճառով՝ նա հեռախոսով է ներկայանում դասին: Առնվազն լուրջ ուսումնասիրությունները թույլ են տալիս ասել, որ երեխաների շատ փոքր մասն է հանրակրթական ծրագիրն ընկալում ամբողջությամբ, թեև սա, իմ կարծիքով՝ երեխաների խնդիրը չէ:
Իրականում խնդիրը կրթական համակարգի մեջ է, որը չի կարողանում գիտելիքի մատուցման ավելի արդյունավետ մեթոդներ կիրառել: Երկրորդ պատճառն այն է, որ երեխաները ներգրավված են շատ ավելի մեծ տեղեկատվական շրջանառության մեջ, քան կարելի էր թույլատրել:
Եթե խորհրդային տարիներին պասիվ ինֆորմացիայի միակ աղբյուրը հեռուստացույցն էր, ապա հիմա երեխաները հնարավորություն ունեն գիտելիքների պաշար քաղել ամենատարբեր ուղղություններից՝ սկսած Google որոնողական համակարգի ընձեռած հնարավորությունից, որտեղ գիտելիքների ստացման թիվ մեկ աղբյուրը մնում է Վիքիպեդիան, մինչև Youtube-ը:
Վիքիպեդիան ինքնին մի հետաքրքիր հարթակ է, որի խմբագիրների միջին տարիքը տատանվում է 22-23 տարեկանի սահմաններում: Սա նշանակում է, որ դպրոցականներն ընկալում են իրենց շատ մոտ տարիքի մարդկանց գրառումները: Երկրորդ այն է, որ իրենք իրենց մեջ գիտելիքի փոխանակման նոր մեխանիզմներ են ստեղծել՝ վիդեոդասերը: Այսօր ահռելի քանակությամբ երեխաներ մեկ այլ խմբի երեխաներին ինչ-որ բաներ են սովորեցնում, և ուսուցիչների մեծ մասը նույնիսկ տեղյակ չէ, որ երեխաները շատ ավելի մեծ հետաքրքրությամբ լսում են նրանց, քան իրենց:
Երեխաները դպրոցներում ժամանակ են սպանում, որ հետո գնան Youtube-ով իրական գիտելիքներ ստանան
– Այդ տեսանկյունից այսօրվա ուսուցիչն աշակերտի կյանքում դառնում է բեռ: Սա առաջ է բերում սթրեսներ, որից երեխաները կարող են նաև հիվանդանալ: Շատ երեխաներ նյարդային խնդիրներ ունեն, որովհետև շատ դժվար է ժամերով նստել մի տեղում, որը քեզ հետաքրքիր չէ: Սրա արդյունքում՝ առաջանում են առնվազն տարօրինակ կրթության աղբյուրներ, որոնցից ամենավառ օրինակը համակարգչային լուրջ սցենարային խաղերն են: Դրանց մեծ մասը հիմնված է պատմական իրադարձությունների վրա, և որպես երկար տարիներ պատմություն դասավանդած մարդ՝ պետք է փաստեմ՝ երեխաների և հատկապես տղաների մի լուրջ տոկոս պատմությունը սովորում է ոչ թե գրքերից, այլ այդ խաղերից:
Սակայն այստեղ կա մի վտանգ՝ այդպիսի խաղերը պատմությունը ներկայացնում են սեփական մեկնաբանությամբ՝ պոստմոդեռնիստական մոտեցումներով, որովհետև դրանցից որևէ մեկն իր առջև խնդիր չի դնում ճշգրտությամբ ներկայացնել պատմության ընթացքը կամ դրա մանրամասները: Մյուս կողմից՝ դպրոցում այդ նույն առարկան դասավանդվում է համարյա հաշվապահական ստանդարտներով:
Օրինակ, երեխան իրավունք չունի և պարտավոր էլ չէ հիշել, թե ո՞ր թվին է հիմնադրվել, ասենք՝ Գիտությունների ազգային ակադեմիան, որովհետև, նախևառաջ՝ նա չի պատկերացնում, թե ի՞նչ է իրենից ներկայացնում այդ ակադեմիան: Նա դեռ պետք է այդ սթրեսն ապրի՝ տեսնելով Գիտությունների ազգային ակադեմիայի խորհրդի նիստերից գոնե մեկը, հետո նոր որոշի՝ ուզո՞ւմ է ինքն իմանալ՝ ե՞րբ է ստեղծվել այդ ակադեմիան, կամ թե ո՞ր թվերից են գալիս այդ ակադեմիկոսները, որ շարունակում են նստել Բաղրամյան փողոցի ամենալավ տեղերից մեկում:
Հետևաբար, նա փորձում է խաղերի միջոցով ավելի աշխույժ գիտելիքներ ստանալ պատմության մասին, այդ դեպքում էլ, ինչպես արդեն ասացի, առաջ է գալիս երկրորդ խնդիրը՝ այդ գիտելիքները ստուգված չեն: Ասեմ ավելին՝ ինձ մոտ միշտ տպավորություն է եղել, որ այդ խաղերի մեծամասնության մեջ ներդրված է շատ լուրջ հակակաթոլիկ քարոզ, բայց սա քննարկման այլ խնդիր է: Հարցն այժմ նրանում է, որ երեխան ավելի վստահում է խաղերին, քան ուսուցիչներին: Իհարկե, խոսքը բոլոր ուսուցիչներին չի վերաբերում: Եթե վերադառնանք պատմության դասագրքերի բովանդակային հարցին՝ մի օրինակի հիման վրա փորձենք հասկանալ, թե ի՞նչ է կատարվում:
Վերցնենք Արցախյան պատերազմի թեման հայոց պատմության գրքերում: Չգիտես ինչո՞ւ, դրան հատկացված է ընդամենը երեք-չորս էջ, ու այդ էջերի մեջ, չգիտես ինչու, խոսվում է միայն զոհված ազատամարտիկների մասին, որովհետև ողջ մնացածների մասին խոսելու պարագայում, հավանաբար չգիտեն, թե ի՞նչ խնդիրների առաջ կարող են հայտնվել՝ ասենք, կարելի՞ է անդրադառնալ «Իգլայի» գործով նստած Արցախյան հերոսամարտի մասնակցի կենսագրությանը, թե՞, այնուամենայնիվ, ոչ:
Լուրջ խնդիրներ՝ կապված երեխաների ծնողների, տատիկ-պապիկների հետ, որն անդրադառնում է երեխաների վրա
– Իրականում տեխնիկական զարգացումները շատ խնդիրներ են առաջացնում, և միշտ է այդպես եղել: Տեխնիկական զարգացումը ենթադրում է հեռացում բնական վիճակից, որն իր դրական և բացասական կողմերն ունի: Այսօրվա տեղեկատվական տեխնոլոգիաների և ինտերնետի զարգացման ժամանակներում սա յուրահատուկ է նրանով, որ ավագ սերնդի մեծ մասն ուղղակի չի հասցրել հասկանալ՝ ի՞նչ է կատարվել: Մյուս կողմից՝ երեխաները ծնվել են մի աշխարհում, որտեղ դրանք արդեն կան: Ավագ սերնդի մոտ կա երեխաների ու տեխնիկայի հանդեպ երկու բևեռային մոտեցում՝ սա սարսափելի մի բան է, մոտավորապես շայթանի նման մի բան, որից երեխային պետք է մաքսիմում հեռու պահել: Մյուս ծայրահեղությունը նրանում է, որ ծնողների մի զգալի մասը հպարտությամբ այստեղ-այնտեղ հայտարարում է, որ իրենց երեխան փոքրուց «յուրացրել» է համակարգիչը, հետևաբար՝ իրենց երեխաներն ամեն ինչ գիտեն ու հասկանում են համակարգչի և ինտերնետի մասին, և այլն: Իրականում այս երկու մոտեցումներ էլ իրենց մեջ լուրջ խնդիրներ են պարունակում, որն անդրադառնում է երեխաների զարգացման վրա:
Ես այն կարծիքին եմ, որ երեխան մինչև մի որոշակի տարիք ինքնուրույն ինտերնետից օգտվելու իրավունք չունի:
Շատ պարզ, պրիմիտիվ իրականություն է՝ որևէ մեկն ապահովագրված չէ, որ իր երեխան Youtube-ում մի քանի քլիքով անցանկալի և նույնիսկ զարհուրելի իրականությունում չի հայտնվի, որտեղից ոչ մի ֆիլտր չի փրկի: Մանավանդ, որ Youtube-ն այսօր բավականին թուլացրել է ֆիլտրման ֆունկցիան: Առաջ գոնե դաժանության տեսարաններն ու մերկ մարմինները մեխանիկորեն հեռացվում էին այստեղից: Ուրեմն, արդեն հիմա այստեղ կարող են պատահել այնպիսի ինֆորմացիաներ, որից նույնիսկ մեծահասակների հոգեկան աշխարհը կարող է խանգարվել, էլ չասած՝ երեխաներինը:
Կան լուրջ ուսումնասիրություններ, որոնք վկայում են՝ եթե երեխայի ձեռքին պլանշետ են տալիս ու քաշվում մի կողմ, համարելով, որ սա գոնե արտաքուստ շատ դրական մի բան է՝ երեխան երկար ժամանակ ձայն չի հանում, չի խանգարում ոչ ոքի, էլ չասեմ այն լեգենդի մասին, թե կան, գոյություն ունեն զարգացնող վիդեոներ, որոնցից երեխան իբր զարգանում է: Նման բան չկա և չի կարող լինել, էլ չեմ ասում, որ պլանշետով աշխատելը խոչընդոտում է նաև երեխաների ձեռքերի ապարատի զարգացումները՝ մոտորիկային, որովհետև ըստ էության, երեխան պլանշետով աշխատելիս շարժումներ չի անում: Այն երեխաները, որոնք անդադար զբաղվում են պլանշետներով, ունեն մակերեսային տեսողություն, թուլացած էմպատիա, որովհետև շնորհիվ այս սարքի, երեխան շատ սահուն կերպով փակվում է այդ տուփի մեջ: Իրականում շատ ազդեցություններ ծնողներն իրենք իրենց վրա կարող են զգալ:
Վերցրեք պլանշետն ու մի քանի ժամ շարունակ նայեք դրա մեջ, հետո տեսեք, թե ո՞նց եք ձեզ զգում, հետո նույնացրեք ձեր զգացողությունը երեխայի վրա, որը շատ ավելի զգայուն է ֆիզիկական վիճակների հանդեպ: Անշուշտ, ինչ-որ տարիքից սկսած երեխան պետք է օգտվի այս ամենից: Իմ կարծիքով՝ սա այն տարիքն է, երբ դպրոցում իր առջև դրվում են խնդիրներ լուծելու հարցեր, երբ երեխան սկսում է անցնել բնագիտական առարկաներ, այսինքն՝ այնտեղ, որտեղ առաջանում են հարցեր, որոնց պատասխանները երեխան պետք է փնտրի ու գտնի ինքնուրույն: Գրականությունն այսօր շատ արագ է հնանում, և միայն գրքերի հույսին մնալը նույնպես արդյունավետ չէ:
Քննարկենք մյուս բևեռը, երբ ծնողը հպարտանում է, թե իր երեխան ամեն ինչ գիտի համակարգչի մասին: Խնդիրը նրանում է, որ երեխաները գուցև որոշ գիտելիքներ ունեն դրանցից օգտվելու վերաբերյալ, բայց միայն որոշ գիտելիքներ: Մի մոռացեք, որ երեխաները շարունակում են մնալ երեխա:
Միգուցե ձեր երեխան շատ լավ տիրապետում է Youtube-ը բացել-փակելու «արվեստին». Բայց, վստահաբար, նույնչափ լավ չի գիտակցում, թե ի՞նչ բովանդակություն ինքը կարող է այնտեղ գտնել՝ նույնիսկ լավ իմաստով: Ասածս այն է, որ երեխաներն այս հարցում ունեն ուղղորդվելու խնդիր, իսկ մեծահասակների այն կատեգորիան, որ գտնում է, թե իր երեխան ամեն ինչ գիտի, թողնում է նրան ինքնահոսի: Ինքնահոս վիճակները ինչ տեսակի զարգացման ուղղությամբ ասես կարող են տանել երեխային, մանավանդ, եթե գործ ունենք ցանցի հետ:
Դուք երբեք ձեր երեխայի ձեռքը չեք տա մի գիրք, որի բովանդակությունն ինքներդ չեք ստուգել: Ինտերնետը դրա ավելի անվերահսկելի տարբերակն է, որտեղ երեխայից ավելի զգոն պետք է լինեն հենց ծնողները: