Բաժիններ՝

«Գնային առումով արդյունավետ լինելու դեպքում Հայաստանը նոր ատոմակայան կունենա». Դավիթ Հարությունյան

Գնային առումով արդյունավետ լինելու դեպքում Հայաստանը նոր ատոմակայան կունենա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։

«Էներգետիկայի ոլորտում ունենք երկու մոտեցում, առաջինը՝ փորձելու ենք երկրում էներգակիրների գինը նվազեցնել, երկրորդը՝ նվազեցնել հոսանքի գինը։ Մենք պլանավորում ենք էներգետիկ ոլորտի զարգացում՝ ելնելով երկրի հիմնական ռազմավարական նպատակներից։ Սա քաղաքական որևէ ազդեցության ենթակա չէ, այլ էներգակիրների շուկայում առկա իրավիճակով է պայմանավորված, գներով, սպառմամբ և ժամանակակից տեխնոլոգիաներով»,- նշեց նախարարը։
Հարությունյանը ատոմակայան ունենալու քաղաքական որոշման վերաբերյալ ասաց, որ նոր ատոմակայան կլինի, եթե այն գնային, սակագնային առումով լինի արդյունավետ։

«Կառավարության երկարաժամկետ ռազմավարությունում հստակ նշված է, որ այն պարբերաբար ենթակա է վերանայման։ Կիրառվում է մաթեմատիկական մոդել և կանխատեսումների հիման վրա գնահատում են, թե որ ճանապարհն է ավելի արդյունավետ սպառողների համար։ Անընդհատ վերանայելու ենք՝ կախված տեխնոլոգիական զարգացումներից։ Հիմա նոր տեխնոլոգիա է ի հայտ եկել, որը հնարավորություն է ընձեռել ատոմակայանը 50-մեգավատանոց բլոգներով աշխատեցնել, և սա փոխում է դրա գնահատումը»,- ընդգծեց Արդարադատության նախարարը։

Նա նշեց, որ այս ամենի արդյունքում կարելի է գնալ լրիվ այլ ճանապարհով, որ ստեղծվի շատ ավելի փոքր հզորությամբ ատոմակայան։ Հարությունյանն ընդգծեց, որ յուրաքանչյուր անգամ գնահատելու են, թե որ մոդելն է առավելագույնս արդյունավետ լինելու։

Կարդացեք նաև

«Եթե դուք ունեք արդեն իսկ կառուցված ատոմակայան, շատ էժան էլեկտրաէներգիա եք ստանում, բայց հենց որ սկսում եք հաշվարկել նոր ատոմակայանի վրա ներդրումները, դուք ունենում եք բացարձակապես այլ պատկեր։ Այն ամենևին նույնքան էժան չի լինելու, ինչ այսօրվա ատոմակայանի արտադրանքը»,- նշեց Դավիթ Հարությունյանը։
Ատոմակայան ունենալու փաստն անկախություն տալիս է, թե ոչ, ՀՀ արդարադատության նախարարը նշեց, քանի որ երկիրը չունի հումքի արտադրություն, ապա կախվածություն կա հումք արտադրողից։

«Պետք է հաշվի առնել նաև, որ մենք հումքի արտադրություն չունենք, այսինքն՝ այն միշտ ներմուծվում է ,և միշտ որոշակի կախվածության մեջ ենք լինում հումք արտադրողներից։ Սա հատկապես կարևորվում է, երբ խոսքը վերաբերում է հարստացված ուրանին։ Այս ամենից ելնելով՝ մենք փորձում ենք գնահատել բոլոր տարրերը։

Նրա խոսքով՝ ոչ հարստացված ուրանի շուկան ավելի մեծ է, իսկ հարստացվածի պարագայում շուկան անհամեմատ ավելի փոքր է, և արտադրողները կարող են թելադրել իրենց գները։

Դավիթ Հարությունյանի խոսքով՝ ատոմակայանի կառուցումը չի կարող լինել գիտական զարգացումների խթանիչ։

«Արագացուցիչ ունենալը և դա զարգացնելը զարկ է տալիս գիտությանը, բայց ատոմակայանի առկայությունը չի խթանի գիտական զարգացումների»,- եզրափակեց ՀՀ արդարադատության նախարարը։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս