«Իմ նպատակներից մեկն է, որ կարողանամ փոփոխություն ստեղծեմ այն երկրում, որտեղ ծնվել եմ». Արսեն Բաղդասարյան
Կինոկենտրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար-ֆիլմ հանձնակատար Արսեն Բաղդասարյանի խոսքով՝ Հայաստանում արտադրվող ֆիլմերի խնդիրներից մեկն այն է, որ կինոարտադրողը հնարավորություն չունի վաճառել իր նախագիծը համաշխարհային շուկայում, որպեսզի ճանաչում ունենա:
«Մենք մեր կապերով փորձելու ենք իրականացնել այդ պրոցեսը, որ հեշտ լինի կինոարտադրողների համար»,- ասաց Արսեն Բաղդասարյանը:
ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը խոսելով կինոկենտրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար-ֆիլմ հանձնակատար Արսեն Բաղդասարյանի մասին, ասաց, որ ժամանակները փոխվում են, գալիս է նոր մտածողություն: Նրա խոսքով՝ մշակվել է նոր հայեցակարգ, նոր պատկերացումներ կան կինոյի զարգացման մասին, և դրա համար պետք են նոր մարդիկ, որոնք կկարողանան այդ պատկերացումներն իրականություն դարձնել:
Խոսելով Հայաստանում կինոյի զարգացման նախադրյալների մասին՝ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի նորանշանակ պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանը նշեց.
«Նոր թիմով կփորձենք ճիշտ ուղու վրա դնել մեր կինոարտադրությունը, որպեսզի կարողանանք առաջին հերթին ունենալ արտասահմանյան ընկերությունների հետ համատեղ լուծումներ, ինչը շատ կարևոր է: Կինոն պետք է ունենա ճանապարհ, իսկ դա հիմնականում անում են դիստրուկտուրական ընկերությունները: Հետևաբար՝ մենք պետք է ստեղծենք այնպիսի մի ինստիտուտ, որ կարողանանք մեր արտադրությունը հանել միջազգային ասպարեզ»:
Արմեն Ամիրյանի հավաստմամբ՝ այսօր Հայաստանում կինոարտադրության համար ամենամեծ խնդիրը սպառման շուկայում է: Նրա կարծիքով՝ սպառման շուկան շատ կարևոր է նաև ֆիլմի որակի համար:
«Ներկայումս իրար հետ վերցրած՝ 4-5 կինոթատրոն է աշխատում: Եթե հաշվելու լինենք ակնկալվող շահույթը, ապա յուրաքանչյուր ֆիլմ կարող է ակնկալել 80-100 մլն դոլար: Սրանից հետևություն կարող ենք անել, որ, եթե կինոարտադրողը գիտի, որ այդքան է իր շահույթը, նա պարզապես չի կարող 20-25 մլն-ից ավելի ծախսել, քանի որ պետք է հաշվի առնի նաև հարկերը»,- ասաց Արմեն Ամիրյանը:
Մշակույթի նախարարի պնդմամբ՝ Հայաստանում նախ պետք է ստեղծել կրթական համակարգ: Եթե այսօր կան լավ մասնագետներ, ապա նրանք չեն տիրապետում կամ օտար լեզուներին, կամ արևտյան արտադրության համակարգերին:
Նախարարի խոսքով՝ խնդիրներ են առաջացնում տեխնիկական ոչ բավարար միջոցները.
«Եթե Հայաստանում երկու լիամետրաժ ֆիլմ միաժամանակ մտնում է արտադրություն, ՀՀ-ում առկա տեխնիկական միջոցները չեն բավարարում, հետևաբար՝ մասնավորին պետք է այնպիսի շահավետ միջոցներ առաջարկել, որ ՀՀ-ում ստեղծվեն տեխնիկական նոր բազաներ, որ տարեկան գոնե 8 ֆիլմի արտադրություն կարողանաք սկսել»,- նշեց Արմեն Ամիրյանը:
Վերջինիս դիտարկմամբ՝ պետք է Հայաստանում կինոարտադրության նախագծերի ընտրությունն անել բաց և թափանցիկ, հասարակության համար տեսանելի:
Կինոկենտրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար-ֆիլմ հանձնակատար Արսեն Բաղդասարյանի հաղորդմամբ՝ ուսումնասիրել են Ամերիկայի, Ֆրանսիայի, Վրաստանի որոշ նախագծեր և ընտրել են ամենաճիշտ տարբերակները, որ համապատասխանեն մեր շուկային, որպեսզի ներսի և դրսի կինոարտադրողները կարողանան հեշտ իրականացնել իրենց փորձը:
Իսկ այն հարցին, թե ինչպե՞ս եղավ, որ համաձայնեց գալ Հայաստան, Արսեն Բաղդասարյանը պատասխանեց.
«Իմ նպատակներից մեկն է, որ ես կարողանամ փոփոխություն ստեղծեմ այն երկրում, որտեղ ծնվել եմ»:
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրենի պաշտոնակատար Շուշանիկ Միրզախանյանի հրամանով Ազգային կինոկենտրոնի գեղարվեստական ղեկավար-ֆիլմ հանձնակատար է նշանակվել Արսեն Բաղդասարյանը։
Կինոպրոդյուսեր Արսեն Բաղդասարյանն աշխատել է համաշխարհային կինոյի հռչակավոր ընկերությունների հետ, կոորդինացրել առաջատար խոշորածավալ կինոմիջոցառումներ, հաջող փորձ ունի կինոարտադրության բիզնես զարգացման և մարքետինգի հարցերում։
Անի Թորոսյան