Գուգուշի՝ Երևանում կայանալիք համերգը հիստերիայի ալիք է բարձրացրել Ադրբեջանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ադրբեջանական ծագում ունեցող Իրանի ամենահայտնի դերասանուհիներից ու երգչուհիներից մեկը՝ Գուգուշը (քաղաքացիական անունը Ֆաիեգ Աթեշին) Instagram-ի իր էջում գրառում է կատարել օգոստոսի 31-ին Երեւանում կայանալիք համերգի մասին: Երգչուհին իր այդ գրառումը վերնագրել և առանձնացրել է՝ «վերջապես» (#finally) և «պատմություն է գրվում» (#historyinthemaking) հեշթեգերով:

Տեղեկացնենք, որ հայտնի երգչուհու այցը Հայաստան մի քանի առումով է հետաքրքիր: Նախ, որ այն հիստերիայի մեծ ալիք է բարձրացրել Ադրբեջանում: 2011-ին, երբ Բաքվում փորձել են կազմակերպել Գուգուշի համերգը, նա հրաժարվել է Ադրբեջան մեկնել առանց իր հայ ընկերոջ, որի պատճառով էլ համերգը չեղյալ է հայտարարվել: Այսինքն, իրանցի արտիստը ազգությամբ հայ զուգընկեր ունենալու պատճառով արդեն իսկ հասցրել է ադրբեջանական սև ցուցակում գրանցվել, ինչը նշանակում է, որ այլեւս չի կարող այդ երկիր մեկնել: Բայց սա, կարծես թե, այնքան է ազդել ադրբեջանական կողմի վրա և հիմա էլ սեփականատիրական զգացումից ելնելով մտածում են, որ հայտնի երգչուհին այնուամենայնիվ իրենցն է և չի կարող Հայաստանում համերգ տալ:

Ի դեպ, 2000 թվականին ԱՄՆ տեղափոխվելուց հետո սա Գուգուշի առաջին համերգն է նախկին ԽՍՀՄևի տարածքում: Հայաստանից հետո, սեպտեմբերի 3-ին երգչուհին ելույթ կունենա նաեւ Վրաստանի մայրաքաղաքում: Անշուշտ այս համերգը նշանակալի իրադարձություն է ոչ միայն հայկական շոուբիզնեսի, այլեւ հանդիսատեսի համար, քանի որ նման հայտնի աստղի ցանկացած ելույթ տարբեր ուղղություններով միանգամից մի քանի շղթայական ռեակցիաներ է առաջացնում: Առավել ևս, երբ նրա իրանցի բազմահազար երկրպագուները այս համերգին ներկա գտնվելու համար պատրաստ են բավականին մեծ գումարներ ծախսել:

Ի դեպ, Մարզահամերգային համալիրում համերգի տոմսի գները սկսվում են 75 դոլարից, իսկ VIP տոմսերի արժեքը 600 դոլար է: Տեղեկացնենք նաև, որ բացի մշակութային իրադարձությունից Գուգուշի Հայաստան այցը ամենայն հավանականությամբ կդառնա համաշխարհային մամուլի կողմից ամենալուսաբանվածներից մեկը, քանի, որ նա իրոք բազմաշերտ եւ ինքնատիպ անհատականություն է և այս գործոնը թե՛ քաղաքական և թե՛ այլ նկատառումներից ելնելով չի կարելի անտեսել:

Հավելենք նաև, որ Իրանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո, երբ հաստատվեցին կրոնական կարգեր, Գուգուշին արգելեցին ոչ միայն երգել, այլեւ՝ երկրից դուրս գալ: Երկար տարիներ այդ պայմաններում ապրելուց հետո, 2000 թվականին նրան վերջապես հաջողվեց մեկնել ԱՄՆ և հաստատվել այնտեղ: Եվ չնայած Իրանում ապրող քաղաքացիների գրեթե երկու սերունդ չի տեսել նրան, սակայն ավագ սերնդի կողմից Գուգուշի հանդեպ ունեցած մեծ սերն ու համակրանքը հանգեցրել է նրան, որ բոլոր սերունդներն անգիր երգում են նրա երգերը:

Իսկ անցյալ դարի 70-ականներին Գուգուշը ԽՍՀՄ-ում հայտնի դարձավ պարսիկ ռեժիսոր Փարվիզ Սայադի «Երկար գիշեր» ֆիլմից հետո, որը ցուցադրվեց նաև Հայաստանում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս