«Որպեսզի թաղամասը մաքուր լինի, շատ ավելի կարևոր է ոչ թե մաքրելը, այլ չաղտոտելը». Դավթաշենի թաղապետ

 Հարցազրույց Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հետ

Պրն Բաղդասարյան, սկսենք թերևս վերջերս մեծ աղմուկ հանած հարցից՝ Դավթաշենում 29 ծառերի հատման դեպքից։ Ի՞նչ եղավ այդ գործը, ի՞նչ փուլում է։

– Կասկածյալը կալանավորված է, ներկայումս քննություն է գնում։ Այս առումով արդեն ամեն ինչ ասել եմ՝ բազում հարցազրույցների ընթացքում։ Ավելացնելու որևէ նոր բան այս պահին չկա։

Ծառ կտրողը, ինչպես նշեցիք, կալանավորված է։ Ձեր կարծիքով՝ հասարակությունը հենց ա՞յդ տեսակ լուծման էր սպասում, և կրքերը պետք է հանդարտվե՞ն։

– Անկեղծ ասած, իմ գործողություններում ես առաջնորդվել եմ ոչ թե այն հանգամանքով, թե հասարակությանը ինչն է հուզում, այլ շարժվել եմ օրենքով։

 Ամեն դեպքում, հատկապես սոցիալական ցանցերում դեռ հայտնվում են կարծիքներ, որ դժվար թե ծառերի հատումը ինքնագլուխ արված լիներ։ Ինչո՞ւ են դեռ որոշ մարդիկ կարծում, որ հնարավոր չէր՝ Դուք տեղյակ չլինեիք։

– Կարծում եմ՝ իմ գործողությունները (անմիջապես ահազանգելը, քայլեր ձեռնարկելը, որ այս ապօրինությունը բացահայտվի և պատժվի) բավարար էին, որ նման խոսակցությունները դադարեին։ Եթե դեռ կասկածներ կան, դա միգուցե պայմանավորված է այն հանգամանքով, որ շատ լավ եմ տիրապետում իմ թաղամասին՝ յուրաքանչյուր ծառի ու քարի վերաբերյալ տեղեկացված եմ, մեր բնակչությունն էլ գիտի այդ մասին։ Սակայն տեղի է ունեցել հանցագործություն, իսկ ոչ մի հանցագործ նախապես թույլտվություն չի հարցնում կամ տեղյակ չի պահում պատկան մարմիններին՝ ապօրինություն թույլ տալուց առաջ։

Սովորաբար անգամ թեթև խախտումների դեպքում բնակիչների կողմից միշտ ահազանգ է լինում մեր թեժ գծերին։ Նույնիսկ երբ մեր կանաչապատման վարչությունը ծառերի էտում է իրականացնում՝ օրենքով սահմանված կարգով, մեր թույլտվությամբ, անգամ այդ դեպքերում են ահազանգեր լինում։ Սակայն այս անգամ ահազանգ չի եղել ո՛չ Երևանի քաղաքապետարանի, ո՛չ էլ իմ աշխատակազմի թեժ գծին, ոչ էլ Ոստիկանություն։

Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության վերջին նիստում անդրադարձավ աղբի խնդրին և համապատասխան կառույցներին կոչ արեց ինտենսիվացնել ջանքերը՝ աղբահավաքմա գործընթացը բարելավելու և մաքրություն պահպանելու հարցում։ Թաղապետարանն իր ամենօրյա աշխատանքում մշտապես զբաղվում է այս խնդրով։ Այս առումով՝ ինչպիսին է աղբահանության վիճակը մայրաքաղաքում և մասնավորապես Դավթաշենում։ Եվ եթե կան խնդիրներ, ապա դրանք ավելի շատ պայմանավորված են կազմակերպչական պրոցեսներո՞վ, թե՞ հասարակության գործոնն ավելի կարևոր է։

– Կոնկրետ մեր թաղամասում վիճակը կգնահատեի լավ, ոչ գերազանց, որովհետև իմ պատկերացրած գերազանցը այլ մակարդակ ունի։ Մաքուր թաղամաս ունենալը համատեղ աշխատանք է, որը կախված է և՛ բնակչությունից, և՛ վարչական շրջանի կազմակերպվածությունից, և՛ ծառայությունը մատուցող ընկերության գործունեությունից։ Եթե այս 3 օղակներից որևէ մեկը թերանում է, մաքրության հետ կապված խնդիրներն անմիջապես աչքի են զարնում։

Որպեսզի թաղամասը մաքուր լինի, շատ ավելի կարևոր է ոչ թե մաքրելը, այլ չաղտոտելը։ Ի դեպ, երբ համապատասխան ծառայություն մատուցող «Սանիթեկ» ընկերությունը նոր էր մուտք գործել Դավթաշեն, հենց իրենք ինձ ասացին, որ Դավթաշենի բնակչությունը դրական իմաստով տարբերվում է՝ քիչ են աղտոտում թաղամասը։ Դա ինձ, անկեղծ ասած, շատ ուրախացրեց։

– 3 շաբաթից ընտրություններ են։ Կարո՞ղ եք շատ հակիրճ ասել՝ բնակիչը ինչո՞ւ պետք է նորից ընտրի ՀՀԿին, ինչո՞ւ պետք է մայրաքաղաքի կառավարումը կրկին ձեզ վստահի։

– Իհարկե, ավելի ճիշտ կլիներ, որ այդ հարցին բնակիչները պատասխանեին, սակայն ես իմ կողմից ասեմ. եթե մենք մեր թիմով լավ ենք աշխատել՝ Տարոն Մարգարյանը՝ որպես քաղաքապետ, ես՝ որպես վարչական շրջանի ղեկավար, ապա ինչո՞ւ բնակիչը պետք է իր քվեն տա ոչ թե մեզ, այլ մեկ ուրիշ ուժի։

– 0-ից 10 բալանոց սանդղակով՝ քանի՞ բալ կգնահատեք անձամբ Ձեր գործունեությունը՝ որպես Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար։

– Թույլ տվեք՝ ես ինքս ինձ չգնահատեմ. իմ աշխատանքը գնահատում են դավթաշենցիները և Երևանի քաղաքապետը։ Ի դեպ, նշեմ՝ Դավթաշենը Երևանի քաղաքապետարանի գնահատման սանդղակներով միշտ զբաղեցրել է առաջին հորիզոնականներ։

Երևանում և, մասնավորապես, Դավթաշենում լուրջ փոփոխություններ անելու համար ռեսուրսները բավարա՞ր են ։

– Ցավոք ոչ, ռեսուրսները մեր ցանկությունների համեմատ քիչ են։ Դուք կարող եք ցանկացած եվրոպական քաղաքի կամ վարչական շրջանի ռեսուրսները համեմատել Երևանի կամ առանձին վարչական շրջանների հետ։ Ընդ որում, նկատի չունեմ ամենազարգացած եվրոպական երկրների քաղաքները։ Տարբերությունը հսկայական է։

Իսկ լուծումը ո՞րն է՝ ի՞նչ է պետք անել, որ ռեսուրսները ավելանան։

– Լուծումը մեր երկրի տնտեսական զարգացումն է՝ տարեցտարի, կայուն կերպով։ Վերջին տարիներին այդ փոփոխությունը ակնհայտ է. կոնկրետ մեր թաղամասը ամեն տարի ավելի բարեկարգ ու գեղեցիկ է դառնում։ Այլ երկրների ու քաղաքների, անգամ մեր քաղաքի այլ վարչական շրջանների հետ համեմատվելուց բացի պետք է նաև մեր եղածը համեմատենք 1 տարի, 2 կամ 5 տարի առաջվա հետ։ Ու եթե տարին տարվա վրա զարգացում կա, ուրեմն մենք մեր աշխատանքում հաջողում ենք։

– Զարգացման չափանիշը ո՞րն է՝ բյուջեի մեծությո՞ւնը, տնկված ծառերի քանա՞կը, թե՞ մեկ այլ բան։

– Դա համալիր գնահատական է՝ մեկ ցուցանիշով հնարավոր չէ գնահատել։ Չենք կարող ծառերի քանակը ավելացնել, սակայն բյուջեն չկատարել և ասել՝ զարգանում ենք։ Կամ՝ բյուջեն ավելացնել, կատարել, սակայն շինարարություն չանել և խոսել զարգացման մասին։ Չէ՞ որ մենք բազմաոլորտ կառույց ենք, և ինչ կատարվում է վարչական շրջանում, մենք գրեթե ամեն ինչում՝ մասնակի կամ ամբողջական, մասնակցություն ունենք։

– Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի տնտեսական ակտիվությունը աճել է 6.6%-ով։  Դուք՝ որպես վարչական շրջանի ղեկավար, կոնկրետ ձեր թաղամասում այդ ակտիվացումը զգո՞ւմ եք։

– Այո, մասնավորապես, շինարարությունը այս տարվա առաջին եռամսյակում ակտիվացել է։

– Սակայն հակառակի պես՝ ըստ պաշտոնական վիճակագրության, շինարարությունը անկում է ապրել։

– Ծանոթ եմ այդ տվյալներին։ Անկում ապրել է պետբյուջեի և միջազգային վարկերի հաշվին իրականացվող շինարարությունը, իսկ բնակչության և կազմակերպությունների շինարարությունը՝ աճել։ Կոնկրետ Դավթաշենում ակտիվացել է թե՛ բնակելի շինությունների, թե՛ կոմերցիոն օբյեկտների կառուցապատումը։ Իսկ շինարարության ակտիվացումը ոչ միայն այս պահին ընդհանուր տնտեսական ակտիվությունն է ավելացնում, այլև ավարտական ակտերից հետո նաև գույքահարկի բազան է ավելանում՝ այդ գծով ստացվող եկամուտները։

Վերջերս լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ թաղապետերը անհանգիստ են իրենց հետագա պաշտոնավարմամբ և հուզված։ Նյութում նաև Ձեր անունն էր շոշափվում։  Դուք անհանգի՞ստ եք։

– Նախ, ես երբեք ոչ մի պաշտոնի համար ոչ մի պարագայում անհանգիստ չեմ եղել։ Ինձ կվստահեն որևէ պաշտոն, կաշխատեմ ու կփորձեմ արդարացնել այդ վստահությունը։ Չեն նշանակի, կդրսևորվեմ մեկ այլ բնագավառում։ Ինչ վերաբերում է այդ հրապարակմանը, ապա, ցավոք սրտի, որոշ ԶԼՄ-ներ զբաղված են ոչ թե իրենց բուն գործով՝ հասարակությանը ճիշտ լրատվություն մատուցելով, այլ լուրեր հորինելով և իրենց հորինածը տարածելով։

Միշտ բաց եմ եղել լրագրողների համար, ոչ մի հարցից չեմ խուսափել։ Լինում է՝ որ զանգահարում են մարդիկ, որոնց չեմ ճանաչում, ներկայանում են որպես լրագրող և որևէ հարց տալիս։ Նման դեպքերում մարդը իրավունք ունի չպատասխանել, քանի որ չգիտի՝ զանգահարողն իրականում ով է։ Սակայն անգամ այդ դեպքերում եմ պատասխանում, քանի որ մտնում եմ իրենց վիճակի մեջ,  հասկանում եմ, որ լրատվության տեմպն ու ժամանակը հաճախ թույլ չեն տալիս, որ լրագրողն անձամ գա հարցազրույց վերցնելու։

Այնպես որ, կխնդրեի, որ մեր լրագրողներն էլ իրենց գործում բարեխիղճ գտնվեին և հորինվածքը իրականության տեղ չանցկացնեին (խոսքը բնականաբար ոչ բոլորին է վերաբերում)։

Զրուցեց Սարգիս Ղազարյանը

Տեսանյութեր

Լրահոս