«ֆեյսբուքում քարոզչությունը թիմային էր ընթանում»
Ֆեյսբուքյան հարթակներում, ինչպես օնլայն մեդիայում՝ ընտրարշավային գործընթացները շատ ավելի վաղ սկսվեցին, քան ընտրարշավի պաշտոնական ազդարարումը՝ մարտի 5-ին։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանը՝ ներկայացնելով ֆեյսբուքյան հարթակները 2017թ. խորհրդարանական ընտրություններում։
Ըստ նրա՝ առաջին անգամ մարտի 5-ի նախօրեին բոլոր մրցակից ուժերը ներկա էին իրենց պաշտոնական էջերով, ՀՀԿ-ն, բացի կայքից, հանդես եկավ նաև պաշտոնական էջով։ Լաուրա Բաղդասարյանն ասաց, որ կային նորաստեղծ դաշինքներ, որոնք նոր էին բացել իրենց էջերը Ֆեյսբուքում, միևնույն ժամանակ՝ թեկնածուներ և ուժեր, ովքեր արդեն երկու ընտրական գործընթացի ֆեյսբուքյան էջերով մասնակցելու փորձառություն ունեին, ինչն ամենևին չնշանակեց, որ դրանք ընտրարշավի վերջում ընդլայնեցին իրենց լսարանը կամ հասան ավելի լավ քարոզչական արդյունքների, քան նորաստեղծները։
«Ամենավառ օրինակն այն է, որ, օրինակ՝ «ՕՐՕ» դաշինքից Րաֆֆի Հովհաննիսյանը, ով մեկնարկեց մոտավորապես 33 հազար լսարանով, շատ փոքրիկ տատանում ունեցավ՝ ընտրարշավի ավարտին 10 ձայնով քչացավ նրա լսարանը։ Պետք է ասեմ, որ այս մոտ 33 հազար հավանողները գալիս են դեռևս 2013թ. նախագահական ընտրություններից, այսինքն՝ ոչ մի էական, շեշտակի փոփոխություն տեղի չի ունեցել։ Փոխարենը՝ շեշտակի փոփոխություն է տեղի ունեցել այս դեպքերում։ Կարեն Կարապետյանի լսարանն աճել է 11 հազարով, Նիկոլ Փաշինյանի լսարանը (սա ռեկորդային աճ է)՝ 13 հազարով և այլն»,- ասաց Լաուրա Բաղդասարյանը։ Ըստ նրա՝ Ֆեյսբուքն այն հարթակն էր, որտեղ մրցակից ուժերն իրենք կարող էին ձևավորել իրենց օրակարգը, առաջ մղել իրենց բովանդակությունը, առաջնային դարձնել այն թեմաները, որոնք իրենց տեսանկյունից առավել առաջնային են, սակայն ֆեյսբուքյան էջերում թեմատիկ առանձնահատկություններն այնպիսին էին, ինչպիսին օֆլայն հանդիպումներում առաջ մղած թեմաները։
«Դա գալիս է նրանից, որ այս էջերը հիմնական օգտագործվում էին ԶԼՄ-ներից տարբեր նյութեր share անելու կամ տեսանյութեր տարածելու իմաստով։ Այդ պատճառով այնպես է ստացվել, որ, օրինակ՝ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի ամենագլխավոր թեման եղել է ղարաբաղյան հակամարտության և անվտանգության թեման, մյուս թեմաները կա՛մ առհասարակ չեն շոշափվել, կա՛մ էականորեն ավելի քիչ են շոշափվել։ Այլ ուժերի դեպքում՝ «Ելք», «ՕՐՕ», «Ազատ դեմոկրատներ», թեմատիկ ցանկը շատ ավելի լայն է եղել»,- ասաց Լաուրա Բաղդասարյանը։
Ըստ նրա՝ Ֆեյսբուքում քարոզչությունը թիմային էր ընթանում՝ եթե բանավեճեր էին տեղի ունենում, դրանք լինում էին հեռակա կոչերի, դիմումների, հայտարարություններ տեսքով. Ֆեյսբուքում վիզուալիզացման աստիճանն ավելի մեծ է եղել։ Առաջին անգամ տեղի էին ունենում մրցույթներ՝ երգի տեսահոլովակների միոջոցով. ՀՀԿ-ի «Փոխենք աշխարհը» տեսահոլովակին հաջորդեց «Ազատ դեմոկրատների» ռեփ երգը՝ «Մենք կարող ենք», ապա սկսեց շրջանառվել «Կոնգրես-ՀԺԿ»-ի «Խաղաղության օրհներգը»։ Նրա խոսքով՝ առանձնահատկություններից մեկն այն է, որ քարոզչական և հակաքարոզչական գտործառույթները հենց իրենք՝ մրցակից ուժերն էին կատարում։ Այս անգամ, ի տարբերություն 2013թ. նախագահական ընտրությունների, չկային շատ մեմեր, ծաղրանկարներ։
Քվեարկության օրը մրցակից ուժերի էջերը լուռ են եղել. 3 ուժեր ընդհանրապես ոչինչ չեն գրել, իսկ մյուսները պարզապես ներկայացրել են, թե ինչպես են ցուցակների առաջին համարները գնում քվեարկության, կամ կասկածներ այն մասին, որ ուղղորդումներ են տեղի ունենում, և այլն։
Ըստ Լաուրա Բաղդասարյանի՝ նորից վերսկսվել է ընտրակաշառքի և ընտրախախտումների թեման։ «Նույնիսկ քարոզչության, ամբողջ ընտրարշավի ժամանակ տեսություններ էի առաջ մղվում և առաջարկություններ էին արվում, որ, եթե նույնիսկ պետք է ընտրակաշառք վերցնեք, գնացեք, ընտրեք այնպես, ինչպես դուք եք ուզում, և այլն։ Այսինքն՝ մրցակից ուժերն արդեն իսկ զիջում էին իրենց դիրքերն այն առումով, որ ընդունում էին այն հանգամանքը, որ ընտրակաշառքը, ընտրախախտումները, վարչական ռեսուրսի օգտագործումը երևույթներ են, որոնք առանձին վերցրած կամ միասնաբար ի վիճակի չեն արմատախիլ անելու կամ դեմ կանգնելու»,- ասաց նա։ Ըստ նրա՝ ընտրակաշաքի, ընտրախախտումների մասին խոսակցություններն ավելի շատ են եղել, քան կոնկրետ մատնանշումները։