«Ամեն տեղ չծախվող, չհարբեցող դիտորդներ ունեցեք, ոչ մի բան էլ հնարավոր չի լինի կեղծել». Վովա Վարդանով
Հետախուզադիվերսիոն առաջին խմբի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը գտնում է՝ Հայաստանը 2016 թվականի ապրիլյան քառօրյա պատերազմից դասեր քաղել է: 168.am-ի հետ զրույցում Վ. Վարդանովն ասաց, որ պատերազմող բանակը զարգացող պետք է լինի, որովհետև պատերազմն է մշտական զարգանում.
«Իհարկե, որոշակի դասեր քաղել ենք, ամենաքիչը՝ էլ հնարավոր չէ՝ ապրիլյան դեպքերն այդ ֆորմատով կրկնվեն, նկատի ունեմ՝ անսպասելի հարձակման ենթարկվենք: Ապրիլի դեպքերից հետո թե՛ բանակը մի քիչ զոռ տվեց իրեն, թե՛ հասարակությունը մի քիչ ձեռքերը գրպանը տարավ, ու այդ տեխնիկական հագեցումը բավականին լուրջ է դիրքերում: Դրա արդյունքը տեսաք ամիսուկես առաջ, երբ դիվերսանտները փորձում էին ճանապարհ բացել հետագա հարձակման համար:
Նմանատիպ բաներ իրենք արել էին ապրիլի դեպքերից առաջ, նախօրոք նախապատրաստվել էին, տարածքները մաքրել էին՝ որտեղով պետք է գրոհեին: Հիմա մենք ապացույցներ ունենք, որ այդ բանը հնարավոր չէ անել, դա շատ լավ է, բայց պատերազմող բանակը զարգացող պետք է լինի, որովհետև պատերազմն է մշտական զարգանում՝ նոր զենքի տեսակներ, մեթոդներ, տակտիկաներ, դրա համար մենք չպետք է տեղում կանգնենք: 1990-ական թվականների հաղթած հոգեբանության վրա հիմնված՝ մենք մի քանի լավ հարված ենք կերել հակառակորդից, որը մեզ համար պետք է դաս լինի»,- նշեց մեր զրուցակիցը:
Վ. Վարդանովը համոզված է՝ մշտական աշխատել է պետք, ու դա միայն բանակին չի վերաբերում, նաև հասարակությունը պետք է իր վրա աշխատի: Նրա խոսքով՝ պատերազմում են պետությունները և ազգերը, ոչ թե՝ բանակները. բանակներն ընդամենը գործիք են այդ հակադրությունների մեջ:
Մենք հետաքրքրվեցինք, թե հաշվի առնելով, որ առաջիկայում Հայաստանում ընտրություններ են, հնարավո՞ր է՝ սահմանին ակտիվացում լինի: Ի պատասխան՝ Վ. Վարդանովն ասաց, որ նախկինում նման դեպքերից թուրքը միշտ օգտվում էր, քանի որ այնքան էլ լավ հագեցած չէին մեր դիտարկման սարքավորումները, հիմա ինքը հնարավորություն չունի՝ «որտեղ ասես, ոնց ասես» խփելու:
«Այս օրով թուրքը հույսը դրել է նրա վրա, որ մենք ներսում իրար հետ կբախվենք: Հիմիկվանից տարբեր մարդկանց հայտարարությունները լսում ենք, որ ասում են՝ «կեղծվելու է, կեղծվելու է», լավ աշխատեք, թող չկեղծվի, ամեն տեղ չծախվող, չհարբեցող դիտորդներ ունեցեք, ոչ մի բան էլ հնարավոր չի լինի կեղծել: Թուրքը հույս ունի, որ մենք ա՛յ տենց իրար կարող է բախվենք, նույնիսկ զենքի հասնի: Հույս ունի՝ մենք ինքներս մեր հարցերը լուծենք, հետո ինքն օգտվի»,- նշեց Վ. Վարդանովը՝ նկատելով, որ ամեն ինչ մեզնից է կախված:
Նա կարծում է՝ մենք պետք է այնքան հիմար չգտնվենք, որ ներսում մեզ քանդենք, ինչից կարող է օգտվել թշնամին: