Լոնդոնի ահաբեկչության կապակցությամբ ոստիկանությունը ձերբակալություններ Է կատարել Բիրմինգեմում. Sky News
Մարտի 22-ին Լոնդոնում կատարված ահաբեկչական գործողության կապակցությամբ բրիտանական ոստիկանությունը ձերբակալություններ է կատարել Բիրմինգեմ քաղաքում: Այդ մասին հայտնել է Sky News հեռուստաալիքը:
Անցած գիշեր իրավակարգի ուժերը գործողություն են իրականացրել Բիրմինգեմում, որտեղ վարձույթով վերցրել են այն ավտոմեքենան, որն օգտագործվել էր Բրիտանիայի մայրաքաղաքում ահաբեկչությունն իրականացնելիս:
Daily Express թերթի տվյալներով՝ տասնյակ զինված սպաներ փակել են Հագլի փողոցը Բրիմինգեմի հարավարեւմուտքում: Ոստիկանությունը շարունակաբար խորհուրդ էր տալիս քաղաքի բնակիչներին՝ չհայտնվել այդ շրջանում:
Ինչպես հրատարակությանը հայտնել է Ուեսթ Միդլենսի (կոմսություն Անգլիայի արեւմուտքում) ոստիկանության ներկայացուցիչը, «անցկացվում է ոստիկանական գործողություն, այս փուլում այլ մանրամասներ չեն ներայացվելու»:
Մարտի 23-ի առավոտյան Հագլի փողոցը վերաբացվել է երթեւեկույթան համար:
Մարտի 22-ին մի ահաբեկիչ ավտոմոբիլով կանխամտածված վրաերթի է ենթարկել Վեստմինստերյան կամրջի անցորդներին: Այնուհետեւ ավտոմոբիլը թեքվել է դեպի Մեծ Բրիտանիայի խորհրդարանի շենքը եւ բախվել Վեստմինստերյան պալատի պարսպին: Ղեկի առջեւ գտնվող տղամարդը դանակով դուրս է նետվել ավտոմեքենայից եւ վազել դեպի խորհրդարանի շենքը, որտեղ նրա ճանապարհը փակել են ոստիկանները:
Տղամարդը դանակով հարձակվել է անզեն ոստիկանի վրա: Այնուհետեւ վրա է հասել զինված ոստիկանական կարգախումբը, որը գնդակահարել է հարձակվողին:
Արդեն ուշ երեկոյան Սքոթլանդ յարդի հակաահաբեկչական ստորաբաժանման ղեկավար Մարկ Ռոուլին հայտնել է, որ չարագործի ինքնությունն արդեն պարզվել է, սակայն մանրամասնությունների մեջ չի մտել:
Լոնդոնի կենտրոնում՝ խորհրդարանի շենքի մոտ, կատարված ահաբեկչական գործողության հետեւանքով զոհվել է հինգ մարդ, ներառյալ հարձակվողը, եւս ավելի քան 40-ը վիրավորվել են: Ոստիկանությունը կարծում է, որ Վեստմինստերյան կամրջին անցորդներին վրաերթի ենթարկած եւ ոստիկանին դանակահարած չարագործը կարող է կապված լինել արմատական իսլամիստների հետ: