Տարվա տնտեսական վերջը

Տարեվերջին կամաց-կամաց բացահայտվում են այն պատճառները, որոնք հանգեցրին կառավարության փոփոխության: Մինչ հիմա այդ փոփոխությունները քաղաքական դրդապատճառներով էին բացատրվում: Դրանցից հիմնականն այն էր, որ 2017-ն ընտրական տարի է:

Իսկ այդ ընտրությունները, ըստ նոր Սահմանադրության` որոշիչ են լինելու, որովհետև գործող նախագահի լիազորությունների ավարտից հետո փոխվելու է երկրի կառավարման համակարգը: Իբր գործող իշխանություններն այս տարի գնացին կառավարության փոփոխության, որպեսզի կարողանան ապահովել «ինքնավերարտադրումը» 2017-ի ընտրություններին: Քաղաքագիտության տեսանկյունից սա, հնարավոր է, որ տրամաբանական բացատրություն է:

Եթե, իհարկե, մոռանանք մի փաստ և ենթադրենք, որ մեր իշխանությունները երբևէ «ինքնավերարտադրության» խնդիր են ունեցել: Ուստի այս, թող ներվի ասել` քաղաքագիտական պարզաբանումը հասարակությունը լուրջ չհամարեց: Չհամարեց ու շարունակեց կրկնել նույն հարցը ՝ «Ինչո՞ւ իշխանությունները գնացին փոփոխությունների»: Փորձագետների մի մասը փոփոխությունները սկսեց բացատրել տնտեսության վատ վիճակով: Այս պատասխանն էլ հասարակությանը չբավարարեց: Որովհետև բոլորը գիտեին տնտեսության վատ վիճակի մասին: Գիտեին ու չէին հավատում, որ իշխանություններն անտեղյակ էին:

Անտեղյակ էին մինչև 2016-ի առաջին կիսամյակի տնտեսական տվյալների ամփոփումը: Իսկապես դժվար է անտեսել անտեղյակության կանխավարկածը: Պաշտոնական վիճակագրությունը, որ անխոնջ տնտեսական ակտիվության աճ էր ներկայացնում, ձեռքի հետ նաև բացասական տեղեկատվություն էր արձանագրում: Դրանցից ամենաակնառուն, իհարկե, ներմուծումների, մանրածախ առևտրի ծավալների կրճատումն էր: Իսկ դա խոսում է բնակչության գնողունակության անկման մասին:

Բոլոր խոշոր գործարարներն ու բարձրաստիճան պաշտոնյաները (իսկ դրանց իրարից տարբերակելը տիտանական մասշտաբի անհեթեթություն է) իրենց գրպանով են զգում այդ փաստը: Զգում էին, բայց ձևացնելու համար, որ փոփոխությունների հենքում քաղաքական պատճառներ կան, գնացին որոշակի քայլերի: Ամենաառաջինն իհարկե գազի սակագնի նվազեցման առաջարկն էր: Արդեն հաստատ է, որ սպառողների համար եկող տարվա սկզբից գազի սակագինը կնվազի հինգ տոկոսով:

Տարիներ առաջ, երբ գազի մատակարար ընկերությունը դեռ «ՀայՌուսգազարդ» էր կոչվում, այն «անխնա» գազիֆիկացրեց մեր երկիրը: Գազիֆիկացման ծախսերը, որպես ներդրում, ներառվեցին գազի սակագնի մեջ: Մատակարարվող գազն էլ անզուսպ թանկանում էր: Փորձագետներից շատերն էին խոսում այն մասին, որ աշխարհում ամենագազիֆիկացված երկիրը դառնալը մեր տնտեսության գրպանով չէ, որ դա անիմաստ ներդրում է, որ մեր գյուղական բնակչությունը չի կարող իրեն թույլ տալ օգտվել գազից: Բնականաբար, բարձր սակագնի և ցածր եկամուտների պատճառով:

Բայց ներդրումներն արվեցին: Գյուղական բնակչությունը գազ սկսեց օգտագործել հավանաբար միայն սուրճ եփելու համար: Իսկ ջեռուցման ու պահածոյացման համար էներգիայի աղբյուր մնացին «պապենական» փայտն ու աթարը: Հիմա նորից մոդայիկ է դարձել խոսել այն մասին, որ գազի սակագնի նվազումն իր հիմքում քաղաքական որոշում էր, և 2017-ի համար «Գազպրոմ-Արմենիան» կրճատել է իր ներդրումների ծավալը` հասցնելով երեք ու կես մլրդ դրամի: Իսկ այ, 2018-ի ներդրումների համար նախատեսված է 18 մլրդ դրամ: Այս փաստը շատերին հիմք է տալիս ենթադրելու, որ 2017-ի խորհրդարանական ընտրություններից հետո միակ իրական սպասելիքը գազի գնի բարձրացումն է: Տրամաբանական մոտեցում է: Եթե, իհարկե, մեր տնտեսությունը դիտարկենք աշխարհից կտրված ու փակ համակարգի մեջ:

Բայց երկու-երեք տարի առաջ դժվար թե որևէ փորձագետ կարողանար կանխագուշակել, թե էներգակիրների գների ինչ անկում տեղի կունենա համաշխարհային շուկայում: Իսկ արտաքին գործոնները չափազանց կարևոր են մեր տնտեսության համար: Ցավոք, ոչ այն պատճառով, որ մեր տնտեսությունը սերտորեն ինտեգրված է միջազգայինին:

Պատճառը շատ ավելի առարկայական է: Առարկայական, ինչպես նաև այլ կարծիք ու առարկություն չհանդուրժող: Լրատվամիջոցները տիրաժավորեցին ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանի կանխատեսումն այն մասին, որ 2016-ին Հայաստան մտնող տրանսֆերտները երկու անգամ կրճատվելու են:

Նախարարի արձանագրածը կանխատեսում համարելն իրականում չափազանցություն է: 2016-ը ավարտվում է, և տրանսֆերտների ծավալի մասին գնահատականը, ավելի շուտ, փաստ է, քան կանխատեսում:

Փաստորեն, վերջին տարիներին առաջին անգամ տրանսֆերտները մեկ մլրդ դոլարից պակաս են լինելու: Մի քանի տարի առաջ այն մոտենում էր երկու մլրդ դոլարի ցուցանիշներին, ու բնակչության համար, եթե կարելի է ասել, ներքին եկամուտներին հավասար գումար էր ապահովում: Ահա թե ինչ է տեղի ունեցել: Ահա թե ինչու է տնտեսության վիճակն օրհասական գնահատվում:

Ահա թե ինչու են նվազում ներմուծումների ու առևտրի ծավալները: Մեր եկամուտները նվազում են: Թե՛ տնտեսության աճի, թե՛ արտերկրից եկող տրանսֆերտների կրճատման պատճառով: Չնայած, որ եվրասիական միությանն անդամակցելիս` մեզ կարծես հակառակն էին խոստանում: Փաստորեն, ճիշտ է այն պնդումը, որ մեր տնտեսության հետ տեղի ունեցող գործընթացներն իրենց հիմքում քաղաքական են: Այնուամենայնիվ:

Տեսանյութեր

Լրահոս