«ՀՀԿ-ն կիլոմետրերով հեռու է բոլշևիզմից և նեոբոլշևիզմից». Արմեն Աշոտյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ համագումարի ընթացքում հայտարարել էր, որ Հանրապետականը նոր անդամներով համալրելուն զուգահեռ՝ իրենց շարքերը նաև բավականաչափ զտել են «ՀՀԿ տանիքի ներքո թաքնված՝ սեփական ինչ-ինչ խնդիրներ լուծողներից»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանեց հարցին, թե ովքե՞ր են եղել այն ՀՀԿ ականները, որոնք զտվել են կուսակցության շարքերից։

Արմեն Աշոտյանն ասաց, որ ՀՀԿ-ն այն կուսակցություններից է, որը ոչ միայն «մարդ է ընդունում, այլև մարդ է հեռացնում». «Նախագահը դրա մասին էր ասում։ Բնականաբար, անուններ չեմ տալու։ Դա կոռեկտ չեմ համարում, ոչ էլ՝ կարևոր։ Կարևորում եմ փաստը՝ մենք ոչ միայն ընդունում ենք մարդկանց, այլ նաև հեռացնում ենք կուսակցությունից։ Իհարկե, մարդ քաղաքական գործիչն ունի նաև իր անձնական շահերը։ Կուսակցական լինելով՝ շատ կարևոր է, որ անձնական շահդ կարողանաս տեղավորել թիմի շահի մեջ։ Երբ քո անձնական շահը դառնում է թիմի շահի մաս, երբ թիմը շահում է, շահում է հասարակությունը, և դու նույնպես կարողանում ես շահել, այս դեպքում, բնականաբար, շատ նորմալ է, երբ մարդկանց անհատական մոտեցումները համադրելի են թիմային մոտեցումների հետ։ Երբ այդպես չէ, բնականաբար, առաջանում են համապատասխան լուծումներ, որոնք բխում են նաև մեր կանոնադրությունից»։

Նրա խոսքով՝ իրենք չեն ընկնում թվի ետևից և չեն ասում, թե ՀՀԿ-ն ամենախոշոր կուսակցությունն է։

Հարցին, թե ե՞րբ է հասարակ քաղաքացին զգալու փոփոխությունների արդյունքը, Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ երեք «ա»-երի խնդիր է տեսնում մեր երկրում՝ անվտանգություն, արդարություն, արդյունավետություն։ Նա վստահեցրեց, որ գործող կառավարության 6-ամսյա ծրագիրը նպաստում է դրանց լուծմանը, 2017թ. հետո կլինի առավել երկարաժամկետ ծրագիր, եթե ՀՀԿ-ն հաջողության հասնի ընտրություններում։ Պետք է ժամանակ, որպեսզի քաղաքացին խոստովանի, որ զգում է այդ փոփոխությունները. փոփոխությունը պետք է այնքան տեսանելի լինի, որ քաղաքացին խոստովանի։ Նա նշեց, որ Բարաք Օբամայի վարչակազմի օրոք ԱՄՆ-ը աննախադեպ տնտեսական աճ է ունեցել. բոլոր սոցիալական հարցումները ցույց են տալիս, որ շարքային ամերիկացիները դա չեն զգացել՝ թեպետ ստեղծվել են աշխատատեղեր, գործազրկության մակարդակը կրճատվել է, ՀՆԱ-ն աճել է. «Ուզում եմ ասել՝ կտրուկ փոփոխությունները պետք է զուգակցվեն և՛ իրական կյանքում, և՛ հոգեբանական մթնոլորտի հետ»։ Ըստ նրա՝ բարձր սպասումները բերում են հիասթափության, որպես պահպանողական կուսակցություն՝ ցանկանում են լուծումներ տալ՝ կանխելով հեղափոխական իրավիճակներ։

Կարդացեք նաև

Անդրադառնալով ՀՀԿ կանոնադրությունում կատարված փոփոխություններին, մասնավորապես՝ համագումար հրավիրելու և կուսակցության նախագահ ընտրելու ժամկետներին, Արմեն Աշոտյանն ասաց, որ կանոնադրության փոփոխությունների հետ կապված քաղաքական տեսակետից որևէ ինտրիգ չկա, կա բացառապես իրավական լուծում, որը շաղկապված է կուսակցությունների մասին նոր օրենքի հետ։

Հարցին՝ արդյոք բոլշևիզմի «հոտ» չի՞ գալիս նրանից, որ, ըստ Էդուարդ Շարմազանովի հայտարարության՝ 7000 մարդ է ցանկացել անդամագրվել ՀՀԿ-ին, Արմեն Աշոտյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ն կիլոմետրերով հեռու է բոլշևիզմից և նեոբոլշևիզմից. «Հայաստանի քաղաքական կյանքում, ցավոք, դեռ կան կուսակցություններ, որոնք որքան էլ փորձում են լիբերալ ձևանալ, այնուհանդերձ նեոբոլշևիկյան գործելաոճ ունեն»,- ասաց Արմեն Աշոտյանը՝ հավելելով, թե Հայաստանում ամենաավտորիտար, անհանդուրժող և կոշտ, այլոց ազատությունները սահմանափակելու կոչ անող ուժերն իրենց լիբերալ համարողներն են։

Տեսանյութեր

Լրահոս