
Ռևմատոիդ արթրիտի դեպքում կարող են զարգանալ տարբեր դեֆորմացիաներ․ «կարապի վզիկ», «կոճակի կանթ»․ որո՞նք են պատճառները
Ռևմատոիդ արթրիտը քրոնիկ բորբոքային հիվանդություն է, որը կարող է ախտահարել ոչ միայն հոդերը: Որոշ մարդկանց մոտ հիվանդությունը կարող է վնասել օրգանիզմի մի շարք համակարգեր։ Հիվանդության մասին զրուցել ենք Հերացի համալսարանական հիվանդանոցի ռևմատոլոգիայի ծառայության ղեկավար Քնարիկ Գինոսյանի հետ։
– Երկար ժամանակ հայտնի չէր, թե ի՞նչն է հանդիսանում ռևմատոիդ արթրիտի զարգացման պատճառ․ ի վերջո հստակեցվե՞լ է։
– Ռևմատոիդ արթրիտի, այդ թվում՝ բոլոր ռևմատոլոգիական հիվանդությունների պատճառները բազմազան են։ Կապ ունեն մի շարք գործոններ։ Նախ և առաջ՝ ժառանգական նախատրամադրվածությունն է, իմուն համակարգի որոշ հիստոհամատեղելիության գործոնների առկայությունը, սթրեսը, վիրուսները։ Այս բոլորը միասին կարող են նպաստել ռևմատոիդ արթրիտի զարգացմանը։
– Սովորական գրիպից կարո՞ղ է զարգանալ։
– Գրիպ ասելը մի քիչ լայն հասկացություն է։ Տարբեր վիրուսներ կարող են նպաստել ռևմատոիդ արթրիտի զարգացմանը, օրինակ, Կոքսակի վիրուս, Պարվովիրուս և այլն։ Սակայն ոչ թե վիրուսն է առաջացնում ռևմատոիդ արթրիտ, այլ ժառանգական նախատրամադրվածություն ունեցող անձանց մոտ կարող է զարգանալ։
– Ո՞ր տարիքից է մարդու մոտ զարգանում այս հիվանդությունը։
– Արթրիտը կարող է ցանկացած տարիքում ի հայտ գալ։ Երեխաների մոտ մինչև 18 տարեկանը զարգանում են քրոնիկական հոդաբորբեր։
– Ավելի շատ ո՞ր սեռի մոտ է հանդիպում։
– Առհասարակ աուտոիմուն հիվանդություններն ավելի շատ կանանց մոտ են հանդիպում։ Աուտոիմուն ասելով՝ նկատի ունեմ Համակարգային կարմիր գայլախտը։ Կապ ունի նաև էստրոգենների գործոնը, որը կանանց մոտ ավելի շատ է։
– Ի՞նչ կասեք ծխախոտի և ռևմատոիդ արթրիտի կապի մասին։
– Բոլորս գիտենք ծխախոտի բացասական ազդեցության մասին, և այն բոլոր գործոնների հետ համատեղ՝ կարող է բերել ռևմատոիդ արթրիտի զարգացման։
– Գոյություն ունի պատանեկան արթրիտ, դա ի՞նչ է։
– Այն զարգանում է երեխաների մոտ։ Հոդաբորբը, որ զարգանում է մինչև 18 տարեկանը և ունի քրոնիկ բնույթ, կոչվում է պատանեկան արթրիտ։ Մի փոքր տարբերվում է մեծերի ռևմատոիդ արթրիտից, որովհետև մեծահասակների մոտ այն սկսվում է հիմնականում դաստակի հոդերից, ոտնաթաթի մանր հոդերից, բնորոշվում է առավոտյան կարկամությամբ, իսկ երեխաների մոտ պատանեկան արթրիտը ցանկացած հոդից կարող է սկսվել, առավելապես խոշոր, օրինակ, ծնկան հոդից։
Պատանեկան արթրիտը տարբեր պատճառներով կարող է լինել և ունենալ տարբեր ելքեր։
– Ծնողը ո՞ր ախտանշաններին պետք է ուշադրություն դարձնի, ինչպե՞ս հասկանա, որ երեխայի մոտ խնդիր կա։
– Երբ ունենում է հոդացավեր, հոդերի այտուցվածություն, շարժումների սահմանափակում։
– Ոտնաթաթի այտուցվածությունը կամ կոճերի շրջանում ցավը խոսո՞ւմ է արթրիտի զարգացման մասին։
– Արթրիտը հոդաբորբ է, այսինքն՝ հոդում պետք է լինի բորբոքում։ Եթե խոսում ենք ռևմատոիդ արթրիտի մասին, նկատի ունենք դաստակի, ոտնաթաթի մանր հոդերը, սակայն հետագայում արդեն պրոցեսի մեջ կարող են ընդգրկվել բոլոր հոդերը։ Լինում է հոդացավ, հոդերի այտուցվածություն։ Հեղուկ է կուտակվում հոդում, և մենք գործիքային հետազոտություն կատարելով՝ տեսնում ենք այն։ Կուտակված հեղուկը բերում է շարժումների սահմանափակումների, տուժում է հոդերի ֆունկցիան։ Ռևմատոիդ արթրիտի դեպքում տարիների ընթացքում կարող են զարգանալ տարբեր դեֆորմացիաներ՝ «կարապի վզիկի», «կոճակի կանթի» և այլն։ Եթե դեֆորմացիա է լինում, հոդը երկարատև չի օգտագործվում, զարգանում է մկանների ատրոֆիա։ Բացի հոդային համակարգից՝ կարող են ախտահարվել տարբեր ներքին օրգաններ։ Կարող է նաև աչքը ախտահարվել, դիտվել կարմրություն։
– Ի՞նչ է «կարապի վզիկի» արթրիտը։
– Դաստակի դեֆորմացիա։ Պրոկսիմալ միջֆալանգային հոդի տարածում է լինում, ստորին հատվածում՝ հոդի ծալում, և այդ դեֆորմացիան կարապի վզիկի տեսք ունի։ «Կոճակի կանթի» դեպքում մեջտեղի հոդը ծալվում է, չի բացվում և նմանվում է կոճակի կանթի։ Կարող է լինել նաև դաստակների թեքում, որը ծովացլի ձեռքերին են նմանեցնում։
– Նշեցիք, որ արթրիտի պատճառով շատ օրգաններ կարող են վնասվել, իսկ կա՞ն հիվանդություններ, որոնք հանդիսանում են արթրիտի պատճառ։
– Արթրիտ կարող է լինել ոչ միայն ռևմատոլոգիական հիվանդությունների ժամանակ, այլև որոշ հիվանդությունների ժամանակ նույնպես կարող է դիտվել հոդաբորբ։
– Կա՞ հատուկ սնունդ, որ կարող են օգտագործել ռևմատոիդ արթրիտի դեպքում։
– Չկա կոնկրետ սնունդ, որ կարող են օգտագործել և կանխել հիվանդության զարգացումը։ Ոսկրամկանային համակարգի համար ցանկալի է կալցիումով հարուստ սնունդ։ Բայց, օրինակ, կա հիվանդություն՝ հոդատապը՝ պոդագրան, որի ժամանակ խորհուրդ ենք տալիս սահմանափակել սպիտակուցային սնունդը, մսամթերքը, ալկոհոլը, որովհետև դրանք նպաստում են պոդագրիկ արթրիտի սրացմանը։
Ռևմատոիդ արթրիտը մի փոքր այլ է, սնունդով չի հրահրվում իր նոպան կամ սրացումը։ Շատ օգտակար է կալցիումով հարուստ սնունդը։
– Օմեգա 3 կարո՞ղ են միշտ օգտագործել։
– Այսօր բոլորն օգտագործում են Օմեգա 3, բայց ռևմատոիդ արթրիտի պարագայում պաթոգենետիկ նշանակություն չունի։ Եթե ուզում ենք Օմեգա 3-ով բուժել ռևմատոիդ արթրիտ կամ այնպես անել, որ չլինի՝ դա այդպես չէ։
Ուղղակի պետք է ցանկացած հոդացավ չանտեսվի, որովհետև կարող է անձն ընդունել, որ ուղղակի հոդը ցավում է, բայց հիմքում ընկած լինի լուրջ բորբոքային հիվանդություն։ Եթե օստեոարթրիտը 50-ից բարձր տարիք ունեցողների մոտ է զարգանում, ապա ռևմատոիդ արթրիտը կլասիկ բորբոքային հիվանդություն է։ Պետք չէ անտեսել հոդացավը, եթե խոսքը վերաբերում է հատկապես դաստակի մանր հոդերին կամ կարկամությունը։ Երբ բռնվածությունը կես ժամից ավելի է տևում, անպայման պետք է դիմել ռևմատոլոգի։ Հիվանդության պրոգրեսիան հնարավոր է կանգնեցնել դեղորայքի և ոչ յոդի կամ մերսման շնորհիվ։
– Կա նաև ձեռքի բութ մատի արթրիտ․ սա ի՞նչ է։
– Ձեռքի բութ մատը նույնպես հոդ է և կարող է բորբոքվել։ Այն ավելի շատ ախտահարվում է օստեոարթրիտի ժամանակ, որը տարբեր է ռևմատոիդ արթրիտից։ Օստեոարթիտն ավելի շատ դեգեներատիվ հիվանդություն է, ոչ թե բորբոքային։ Օստեոարթիտի ժամանակ կարող են զարգանալ երկրորդային արթրիտներ։ Բութ մատի հոդախոռոչում կուտակվում է հեղուկ և այն ավելի շատ այդ դեպքում է ախտահարվում։
Օստեոարթրիտն ի հայտ է գալիս 45-50 տարիքային խմբում։ Առաջինն ախտահարվում է աճառը, բայց այս դեպքում՝ երկրորդային է ախտահարումը։ Հիմնականում պայմանավորված է աճառի դեգեներացիայով։ Աճառային շերտը տարիքի հետ սկսում է մաշվել, բարակել, հոդաճեղքի նեղացում, շարժումների սահմանափակում է դիտվում։
– Եթե 60 տարեկանից բարձր անձինք դժվարությամբ են քայլում, արթրիտի ո՞ր տեսակն է։
– Դժվարությամբ են քայլում և՛ օստեոարթրիտից, և՛ ռևմատոիդ արթրիտից։ 70 տարեկանում անպայման օստեոարթրիտ կլինի, բայց պետք է որոշել՝ գանգատները միայն դրանո՞վ են պայմանավորված, թե՞ կա նաև բորոբոքային հիվանդություն՝ ռևմատոիդ արթրիտ։
Նշեմ, որ կարող է լինել հետտրավմատիկ օստեոարթրիտ, դաստակների, ձեռքերի։ Օստեոարթրիտը կարող է ախտահարել կոնքազդրային հոդը։ Կախված, թե որ հոդն է ախտահարված՝ փոքր բադի քայլվածքի տեսք կարող են ունենալ։ Կարող են ախտահարվել նաև ծնկան հոդերը։
– Պրակտիկայում արթրիտի ո՞ր տեսակներն են շատ հանդիպում։
– Օստեոարթրիտն ավելի շատ է՝ պայմանավորված նրանով, որ 50 տարեկանից հետո գրեթե բոլորի մոտ աճառի դեգեներացիա է դիտվում։
Օստեոարթրիտը կանխարգելելու համար պետք է խուսափել ավելորդ քաշից, որպեսզի հոդերի վրա հավելյալ ծանրաբեռնվածություն չընկնի։ Գովելի է նաև շարժունակությունը, որպեսզի հոդամկանային համակարգն աշխատի։ Քայլելը շատ լավ է, սակայն չափավոր։ Եթե անձն ունի օստեոարթրիտ, ու կա աճառի մաշվածություն, 5-6 կմ ոտքով քայլում է, շատ է ծանրաբեռնվածություն լինում՝ դա կարող է իրեն ցավ պատճառել։ Պետք է բալանսավորել։ Քայլել, շարժվել պետք է՝ սահմանափակելով ծանր ֆիզիկական աշխատանքը, ծանրաբեռնվածությունը։