Պարզվել է, որ Հայաստանը համարվում է գինու խաղողի սորտերի ծագման օջախը․ Աննա Նեբիշ

168TV-ի զրուցակիցն իսպանաբնակ կենսաբան Աննա Նեբիշն է։

Դուք համոզված եք, որ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ոչ միայն համառ աշխատանք, այլև համագործակցություն՝ գիտական ոլորտի լավագույն մասնակիցների հետ։ Ինչպե՞ս հանգեցիք այս եզրահանգմանը։

– Կարծում եմ, որ համագործակցությունն այլ գիտական խմբերի հետ կարևոր է, քանի որ կա սարքավորումների, ինչ-որ մակարդակի արդյունքների հարցը։ Այսպես ավելի հեշտ է գտնել ամենահարմար մոտեցումները՝ բուն նյութի ուսումնասիրության համար։ Օրինակ, արտասահմանցի գիտնականների հետ ուսումնասիրում, համեմատում ենք հայկական խաղողի սորտերն իսպանական կամ իտալական սորտերի հետ։ Հետո այդ ամենը հրապարակվում է միջազգային ամսագրերում։

Ո՞րն է հայկական խաղողի առանձնահատկությունը։

Կարդացեք նաև

– Մի քանի տարի առաջ չինացիները հետազոտություն են կատարել՝ տարբեր երկրներից նյութեր հավաքելով։ Պարզել են, որ Հայաստանը համարվում է գինու խաղողի սորտերի ծագման օջախը։ Հայկական խաղողն ավելի հին է, քան եվրոպականը։ Ունեն շատ կարևոր առանձնահատկություն՝ գենետիկական և ֆենոտիպային։ Եվրոպայում երբեք չեմ հանդիպել հայկական խաղողի սորտերի նման խաղողներ։

Այնտեղ սորտերն ավելի սահմանափակ են, իսկ հայկական խաղողը պահպանել է իր գենետիկան։ Գեները կապված են՝ ինչպես ցրտադիմացկունության, այնպես էլ՝ տարբեր հիվանդությունների հետ։ Ուրախ եմ, որ այդ հետազոտությունները կարողացել եմ կատարել համագործակցության, «Հորիզոն 2020»-ի Մարի Սկլոդովսկա-Կյուրի կրթաթոշակի շնորհիվ։

Հայերը կարողացել են հայկական խաղողի գենը պահել՝ չխառնելով եվրոպական սորտերի հետհիմա ևս այդպե՞ս են անում։

Իսկապես բավականին պահպանվել է։ Խնդիրն այն էր, որ Սովետական Միության ժամանակ մեզ մոտ միայն կոլեկցիոն այգի է եղել, բայց 1990-ականների սկզբին, ցավոք, Մերձավանում գտնվող այգին ամբողջովին քանդվել է, և այդ հարստությունը կորցրել ենք։ Հետո հայտնի խաղողագործ Գագիկ Մելյանը կարողացել է Հայաստանի մի շարք շրջաններից խաղողի տարբեր սորտերի նմուշներ հավաքել, և իր ջանքերով Էջմիածնում կոլեկցիոն նոր այգի է ստեղծվել, որտեղ իմ և այլ խմբերի կողմից ուսումնասիրվում են հայկական խաղողի գեները։

Ասեմ, որ եվրոպացիների համար հետաքրքիր է ուսումնասիրել հայկական խաղողի գեները, որոնք յուրահատուկ են և չկան եվրոպական խաղողի սորտերում։

Ցավոք, այս պահին ՀՀ-ում սելեկցիոն աշխատանքներ չեն իրականացվում, հուսամ՝ կվերսկսվեն, ու կստանանք նոր սորտեր։

– Նոր սորտեր ինչո՞ւ չեն ստանում և, եթե եվրոպական երկրների խաղողագործները ցանկանան հայկական խաղողի սորտերն աճեցնել իրենց մոտ, կստացվի՞։

– Նոր սորտեր ստանալու համար մեծ աշխատանքներ են պետք։ Ինչ վերաբերում է այլ երկրներում աճեցնելուն, ապա պետք է համաձայնեցնել, որպեսզի կարողանան վերցնել այդ սորտերը, իսկ տեղադրելը երկար տարիների աշխատանք է պահանջում։ Կարծում եմ՝ ինչ-որ պայմաններում կստացվի աճեցնել խաղող, բայց նույն համը չի լինի։ Հայաստանի օդը, ջուրը, ամեն ինչն ուրիշ է։ Գիտնականներից մեկը ժամանակին ասել է, որ խաղողը բնորոշ է տվյալ տարածքին, և ուրիշ տեղ աճեցնելով՝ նույն համը չես ստանա։

– Արտերկրո՞ւմ էլ է գիտնականների հույսը կրթաթոշակը, որպեսզի հետազոտություն կատարեն։

– Արտերկրում գիտաշխատողները հիմնականում կրթաթոշակով են աշխատում։ Մեր ինստիտուտում 3-4 հոգի է, որ ֆիքսված իր աշխատանքն ունի։ Գերմանիայում էլ էր այդպես։

Իսպանիայում ուսանողները, ովքեր ավարտում են բուհը, հեշտությա՞մբ են հայտնվում գիտական կենտրոնում, թե՞ երկար ճանապարհ են անցնում։

Իրենց մոտ էլ երկար ճանապարհ են անցնում, պետք է պրակտիկա անցնեն և սպասեն։ Եթե ինչ-որ տեղ է ազատվում, հատուկ մրցույթ է լինում։ Իրենց համար էլ այդքան հեշտ չէ։ Օրինակ, մեր խումբ ուսանողների են բերել պրակտիկայի, որքան հիշում եմ՝ մեկն է մնացել։

Այստեղ Հայաստանի հետ նմանություն կա։ Լինում են դեպքեր, որ հայտարարում են՝ ասպիրանտի մեկ տեղ կա՝ աշխատավարձով, և մրցակցությունը մեծ է։

– Ծանոթը դեր չի՞ խաղում։

– Կարծում եմ՝ ոչ։ Կարող է շատ քիչ տոկոս խաղա։

Ո՞ր փորձը կցանկանայիք բերել Հայաստան։

– Օրինակ, Գերմանիայում, Իսպանիայում ևս փորձերն արվում են ոչ թե բույսի վրա, այլ համակարգչում, որտեղ տեսնում ենք տվյալ սորտի նկարը, նշում հատկությունները և աստիճանաբար կարող ենք կտրել ճյուղն ու տեսնել՝ տվյալ կլիմայական պայմաններում ինչպե՞ս իրեն կպահի բույսը։ Հետաքրքրեց, որ կարելի է արհեստական բանականությունն օգտագործելով՝ հենց համակարգչի էկրանին տեսնել, թե բույսն իրեն ինչպես կպահի ինչ-որ կլիմայական պայմաններում մեկ կամ հինգ տարի հետո։ Այսինքն, չօգտագործելով բարդ սարքավորումներ՝ դու համակարգչում կարող ես տեսնել բոլոր տվյալները։

Կուզեի, որ Հայաստանում սելեկցիոն աշխատանքները վերսկսվեին, որպեսզի կարողանանք ստանալ նոր սորտեր։ Հայաստանի խաղողի կենսաբազմազանությունը մեծ պոտենցիալ ունի։

Խաղողի քանի՞ գեն կամ սորտ եք բացահայտել այս ընթացքում։

– Իմ աշխատանքն ավելի շատ կապված է խաղողի անսերմության հետ։ Մոտավորապես 30-40 գեն ուսումնասիրել եմ։

– Գինի ստանալու համար խաղողի հատուկ սորտե՞ր կան։

– Ընդհանրապես կարելի է պատկերացնել, որ ցանկացած խաղողից կարելի է գինի ստանալ, բայց գինեգործության ժամանակ օգտագործում են կոնկրետ սորտեր, որոնք ունեն այն հատկանիշները, որոնք անհրաժեշտ են գինուն։ Պետք է լինեն տարբեր նյութեր, որոնք ոչ բոլոր սորտերում կան։

Գիտե՞ք, թե իսպանացիների մոտ ինչն է հետաքրքիր․ բոլոր իսպանացիները փոքր գինեգործական ինչ-որ գործարան ունեն, զբաղվում են գինեգործությամբ։ Ընտանիքով աշխատում են, պատրաստում գինի։ Այնտեղ դա շատ ընդունված է։

– Սկզբում ցանկացել եք զբաղվել մարդու գենետիկայով, բայց չի ստացվել ի՞նչն է խանգարել։

– Դպրոցական տարիներից ինձ շատ հետաքրքրել է կենսաբանությունը, քիմիան, մարդու գենետիկան, և բուհում սովորելիս հետաքրքրում էր, թե հղիների մոտ ինչպե՞ս է զարգանում սաղմը, և գենետիկական տարբեր հետազոտություններ կատարելն այն զույգերի մոտ, որոնց մոտ եղել է ինչ-որ խնդիր։ Այդ և հետագա տարիներին այդ ուղղությամբ կարծես տեղ չկար, ու այդպես ինձ առաջարկեցին զբաղվել բույսերի բջջասաղմնաբանությամբ։

Փորձեցի, դուրս եկավ․ էկոլոգիական աշխատանք էր խաղողի, տարբեր պտղատու բույսերի գծով՝ ատոմակայանի հետ կապված։ Մենք ուսումնասիրում էինք Մերձավանում և ատոմակայանի շրջակայքում աճող մշակաբույսերի տարբեր սորտեր և տեսնում էինք, թե ինչքան է տարբերությունը, ատոմակայանն ազդո՞ւմ է, թե՞ ոչ։ Իրականում ազդեցությունը գրեթե զրոյական էր։ Ուսումնասիրությունը 1990-ական թթ․ վերջին է արվել։

Հետաքրքիրն այն էր, որ ծիրանի մոտ շատ հաճախ եղել է ծաղկափոշու ստերիլություն։ Այսինքն, մենք տեսնում էինք ծիրանի ծառ՝ հազարավոր ծաղիկներով, երբ հասնում էր պտուղ հավաքելու ժամանակը՝ 10-20 պտուղ էր։ Նորմալ չի փոշոտվում ծառը, փոշոտման ժամանակ անձրև է լինում, ծաղիկները չեն հասցնում փոշոտվել, և արդունքում ստանում ենք զրոյական բերք։ Պարզվեց, որ վարսանդները սևանում ու ծաղիկները թափվում էին։ Կլիմայական պայմաններից է կախված։ Խոսքը Երևանի և Նալբանդյան գյուղի կոլեկցիոն այգու մասին է (2015թ․)։

Աշխարհում ծիրանի բերք ստանում են, բայց, օրինակ, ասում են՝ ԱՄՆ-ում կարծես պլաստմասսե իր ուտես։ Իսպանիում կարևորություն են տալիս ծիրանի տեսքին՝ լինի կարմրավուն և այլն։ Փորձե՞լ եք այլ երկրների ծիրանը։

– Երբ հետազոտությունների համար նմուշներ ենք հավաքում, իտալական ծիրանն այնքան գեղեցիկ, խոշոր է, ուտում ես՝ ոչ մի համ չկա։ Ոնց որ պլաստմասս ուտես։ Մեր շալախին ոչ մի ծիրան չի հասնի։ Իսպանիայում ևս պլաստմասսի նման գեղեցիկ սորտեր կան, բայց այս տարի բախտս բերեց, կարողացա ծիրանի մեկ սորտ գնել, որը բավականին քաղցր էր ու շատ մոտ էր մեր շալախին։ Բայց հիմնականում ծիրանի պտուղները շատ անհամ են, քաղցրություն գրեթե չկա։

Կարծես մարդու գենետիկայից չեք ուզում հեռանալ՝ ուսումնասիրել եք Ձեր ԴՆԹ-ն. ինչո՞ւ եք որոշել այդ քայլին գնալ։

– Վաղուց էի ցանկանում այդ քայլին գնալ, որովհետև հետաքրքրում էր իմ ծագումը։ Հայրս ծնվել է Երևանում, բայց ծնողները տեղափոխվել են ՌԴ-ից, Ուկրաինայից։ Մայրս Վրաստանի հայ էր, ու ինձ հետաքրքրում էր, թե ի՞նչ գեներ եմ կրում։

Երեք շաբաթ հետո էլեկտրոնային փոստիս նամակ եմ ստանում, որտեղ շնորհավորել էին՝ գրելով, որ ունեմ 1500 ԴՆԹ բարեկամ՝ ամբողջ աշխարհում։ Կրում եմ 7 տարբեր ազգության գեն՝ հայկական, վրացական, ռուսական, ուկրաինական, նաև կա լեհական, պարսկական և 0,3 տոկոսը՝ հրեական։ Նշված էր, որ հիմնականում գենը կրողները Կենտրոնական Եվրոպայի տարածքում են բնակվում, իսկ 200 տարի առաջ իմ նախնիներից մեկը մասամբ հրեա է եղել։ Պարզ է, որ դրանք ոչ թե տվյալ ազգության գեները, այլ մուտացիաներն են, որ տարածված են տվյալ ազգության մեջ։ Որոշ ԴՆԹ բարեկամների հետ կապ եմ հաստատել, և գիտե՞ք՝ ինչն էր հետաքրքիր… այդ 1500 բարեկամների մեջ 70-80 տոկոսը հայկական ազգանուն ուներ։ Շատ տվյալներ չեն տալիս, բայց թույլ են տալիս, որ ցանկացած բարեկամի հետ կապ հաստատես։

– Ինչպես հասկացա՝ վստահում եք այդ անալիզի արդյունքներին, հայկական գենը Ձեր բնավորության ո՞ր գծում է խոսում։

Նախ առաջինը՝ ծնվել, մեծացել ու ապրել եմ Հայաստանում և ինձ հայ եմ զգում։ Ինչքան էլ հայկական գենը քիչ լինի՝ դոմինանտ է։

Տեսանյութեր

Լրահոս