ՄԱԿ ամբիոնից Փաշինյանի ելույթը հիշեցնում էր ոչ թե պետության ղեկավարի, այլ մի չինովնիկի ելույթ, որը զեկուցում է իր կատարած աշխատանքի մասին. Հակոբ Բադալյան

Վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամյան իր ալիքում անդրադարձել է ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթին։ Նա մասնավորապես գրել է. «Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ ամբիոնից ելույթի ընթացքում անդրադարձավ Ալիեւի՝ «Զանգեզուրի միջանցք» արտահայտությանը, հերթական անգամ հայտարարելով, թե այդպես չեն պայմանավորվել, Վաշինգտոնում պայմանավորվածությունն այլ է:

Այլ կերպ ասած, Նիկոլ Փաշինյանը փաստորեն հայտարարում է, որ Ալիեւը խախտում է պայմանավորվածությունը, ասելով Զանգեզուրի միջանցք:

Բայց, չնայած դրան, չնայած հանգամանքին, որ Փաշինյանը հայտարարում է, թե Ալիեւը խախտում է պայմանավորվածությունը, շեշտում է, որ Հայաստանը որ մի միլիմետր չի շեղվի ներկայիս ընթացքից:

Ի՞նչ է ստացվում: Ստացվում է, որ Ադրբեջանը կարող է խախտել, կարող է շեղվել, բայց Հայաստանի համար դա չունի որեւէ նշանակություն, դա չի ունենա որեւէ «փոխադարձություն»:

Այստեղ հարց է առաջանում, կամ ավելի շուտ՝ եզրակացություն: Կամ Փաշինյանը «ճանաչում» է շեղվելու, խախտելու Ալիեւի «իրավունքը», իսկ Հայաստանին այդպիսին վերապահված չէ: Կամ հայտարարությունները, թե այդպես չեն պայմանավորվել, իրականում ներքին սպառման համար են, իսկ գործնականում՝ Ալիեւը չի «խախտել» պայմանավորվածությունները:

Ընդ որում, երկրորդի մասին է վկայում գուցե այն, որ առ այսօր ամերիկյան կողմից որեւէ կերպ չի եղել արձագանք Ալիեւի հայտարարությունների կապակցությամբ: Կրկնեմ, գոնե մինչեւ այսօր չի եղել այդպիսի արձագանք:

Ի դեպ, այդ առումով, մերձիշխանական շրջանակներից վերջերս դաշտ էր նետվել մի «ինֆորմացիա», թե Վաշինգտոն են կանչել Ալիեւի օգնական Հաջիեւին, որ հաշիվ պահանջեն՝ «Զանգեզուրի միջանցք» արտահայտության համար:

Բայց, ինչպես տեսանք, Ալիեւի ոչ միայն չի հրաժարվել այդ արտահայտությունից, այլ Հաջիեւի Վաշինգտոն այցից հետո նույնիսկ կրկնեց այն ՄԱԿ ամբիոնից:

Հետեւաբար, կամ Վաշինգտոնում չի ստացվել հաշիվ պահանջել Բաքվից, կամ պարզապես Հայաստանի հանրության ականջին կախվել է հերթական լապշան՝ թե իբր Վաշինգտոնը հաշիվ է պահանջում Ադրբեջանից, որը սակայն «ընկավ» Հայաստանի հանրության ականջից՝ ՄԱԿ ամբիոնում Ալիեւի ելույթից հետո»:

Մեկ այլ գրառման մեջ էլ Հակոբ Բադալյանը գրում է. «Ընդհանրապես, ՄԱԿ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի ելույթը հիշեցնում էր ոչ թե պետության ղեկավարի, պետության քաղաքական առաջին դեմքի, այլ մի չինովնիկի ելույթ, որը զեկուցում է իր կատարած աշխատանքի մասին:

Ընդ որում, հատկանշական է, որ Նիկոլ Փաշինյանը հենց այդպես էլ ներկայացնում էր իր խոսքը՝ «զեկուցում է » խաղաղության մասին, եւ հույս ունի հաջորդ տարի «զեկուցել» ավելին:

Սրանք լոկ ոճական հանգամանքներ չէին, այլ հոգեբանական, որ արտացոլում են Նիկոլ Փաշինյանի դրությունն ու իրերի դրության հանդեպ նրա դիրքավորումը:

Մինչդեռ առաջանում է մի պարզ հարց՝ եթե հաստատված է խաղաղություն, ինչպես պնդում է պաշտոնական Երեւանը, ի՞նչ կարիք կա ՄԱԿ ամբիոնից մի ամբողջ ելույթ նվիրել հաստատված խաղաղությանը: Ընդ որում, դա այն դեպքում, երբ նրանք, ում Հարավային Կովկասը հետաքրքրում է էապես, թերեւս հենց Փաշինյանից ավելի լավ գիտեն՝ խաղաղություն հաստատվա՞ծ է, թե՞ ոչ: Ես նկատի ունեմ այն աշխարհաքաղաքական կենտրոնները, որոնց համար Կովկասը ներկայացնում է գործնական հետաքրքրություն:

Ավելին, եթե կա հատատված խաղաղություն, ապա այդ պարագայում առաջանում է հարց՝ իսկ Հայաստանը միջազգային հանրությանը, համաշխարհային քաղաքականությանը ի՞նչ ասելիք ունի այդ նոր իրողությունների պայմաններում, ի՞նչ ուղենիշներ ունի հայկական պետականությունը: Պարզվում է, որ խաղաղության մասին հայտարարություններից զատ՝ ոչ մի այլ ասելիք: Կարեւորագույն աշխարհաքաղաքական օրակարգերին առնչվող հարցերը Նիկոլ Փաշինյանի ելույթում արտահայտվում էին ընդամենը մեկ-երկու նախադասությամբ:

Իսկ դրա պատճառը թերեւս հենց այն է, որ Փաշինյանը գործընթացում իրեն դիրքավորում է հենց իբրեւ չինովնիկ, այլ կերպ ասած՝ կատարող սուբյեկտ, որը ձեռնպահ է մնում սեփական բովանդակությունից եւ գերազանցապես կենտրոնանում է գոյություն ունեցող բովանդակությունների միջեւ իր համար հնարավորինս ապահով տեղավորվելու խնդրի վրա:

Ինքնին հասկանալի է, որ Հայաստանը չի կարող պրոցեսներին մասնակցել հավասար նախաձեռնողականությամբ, ինչպես խոշոր տերությունները: Սակայն, այդուհանդերձ, սուբյեկտությունը կարող է ունենալ ամենատարբեր աստիճաններ: Առանցքայինն այն է, որ այն ունենա հատկանիշ, այսինքն արտահայտված լինի բովանդակությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս