
Թբիլիսիում թմրամիջոցների առևտրի մեղադրանքով 4 օտարերկրացի է ձերբակալվել

Թբիլիսիում թմրամիջոցների հետ կապված հանցագործության մեղադրանքով ձերբակալվել է 6 անձ, հաղորդում է Georgia Online-ը՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ-ին։
Գերատեսչությունը նշել է, որ նման հանցագործության համար նախատեսված է մինչև 20 տարվա ազատազրկում։
«Խոշոր և առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ձեռքբերման, պահման և ապօրինի իրացմանը նպաստելու մեղադրանքով ձերբակալվել են․ Գ. Դ․-ն․՝ ծնված 1995 թ․, նախկինում դատապարտված Ն. Ս․-ն՝ ծնված 1971 թ․, ինչպես նաև օտարերկրյա քաղաքացիներ՝ Ն. Խ․-ն՝ 2003 թ․, Ռ. Բ․-ն՝ 1969 թ․, Ա. Ի․-ն՝ 1983 թ․ և Լ. Խ․-ն՝ 1983 թ․», – նշված է ՆԳՆ հայտարարության մեջ։
Իրավապահ մարմինների կողմից անձնական զննության, բնակարաններում խուզարկության և քննչական փորձի ընթացքում որպես ապացույց առգրավվել են հետագա իրացման նպատակով պահված թմրամիջոցներ՝ «Ալֆա-ՊՎՊ», «չորացված մարիխուանա», «Մետադոն» և «Մեֆեդրոն»։