«Եկեք ապրենք, տեսնենք, թե ինչպես կաշխատի այս մեխանիզմը». Դավիթ Հարությունյանի հորդորը

ԱԺ-ում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ընթացքում ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ կողմ է, որպեսզի սանկցիաներ լինեն այլ անձի փոխարեն քվեարկելու մասին դիմումներ ներկայացնելու և նմանատիպ այլ դեպքերում: Նա հետաքրքրվեց՝ արդյոք մեր դատական համակարգը կկարողանա սպասարկել այդ վեճերը. այդպիսի դրվագները հազարավոր են լինելու։ Ըստ նրա՝ բոնուսները հետընտրական այնպիսի զարգացումներ են ապահովում, որ անհնար է բնական աշխատանք ապահովել։

Ի պատասխան՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ զանգվածային դիմումներ չի ակնկալում, քանի որ կոշտ գործիքը մտցված է։ Անդրադառնալով բոնուսներին՝ նա նշեց, որ այսօր բողոքը ոչ թե նրանից է, որ շատ բոնուսներ տրված չեն, այլ՝ ինչո՞ւ են այդքան շատ տրված։

«Քանի որ առաջին փորձն է Ազգային ժողովում կայուն մեծամասնություն ձևավորելու առումով, եկեք ապրենք, տեսնենք, թե ինչպես կաշխատի այս մեխանիզմն Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ։ Եթե հետագայում համարեք, որ հաջողված մեխանիզմ է գտնված, միգուցե նաև մտածենք՝ այն տարածենք տեղական ինքնակառավարման մարմինների համար»,- ասաց Դավիթ Հարությունյանը՝ նշելով, որ այսօր նման անհրաժեշտություն չի տեսնում։

Նրա խոսքով՝ բազմաթիվ երկրներում կա իրավիճակ, երբ իշխանությունն ու ընդդիմությունն ընդամենը մեկ ձայնով են տարբերվում։ «Իհարկե, այն առաջացնում է իր դժվարությունները։ Նույն ԵԽԽՎ-ում մենք ականատես էինք, որ շատ պատվիրակություններ դադարեցնում էին իրենց աշխատանքը, մեկնում էին հետ, որովհետև երկրում կար քվեարկության պահ, և, եթե իրենք չլինեին, ապա մեծամասնությունը դառնում էր փոքրամասնություն։ Ժողովրդավարության հիմքում, ամեն դեպքում, քվեարկության մեխանիզմն է և մեծամասնության»,- ասաց Դավիթ Հարությունյանը։

 

Տեսանյութեր

Լրահոս