Դրսում տեղադրվելիք դրոշը պետք է պատրաստված լինի պոլիէսթերային գործվածքից, ներսինը՝ բամբակից, մետաքսից, բրդից
ՀՀ կառավարությունն ընդունած որոշման նախագծով սահմանեց ՀՀ պետական դրոշի և զինանշանի ընդհանուր տեխնիկական պայմանները:
Այսօր կառավարության նիստի ժամանակ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ սահմանվում են դրոշի չափերի համամասնությունները, գույների տոնայնությունը, կտորի նյութը, ձողին ամրացնելու տարբերակները:
Օրինակ, դրսում տեղադրվելիք դրոշը պետք է անպայման պատրաստված լինի պոլիէսթերային գործվածքից, իսկ ներսում տեղադրվողները՝ նաև բամբակից, մետաքսից, բրդից եւ այլն: Նույնատիպ չափորոշիչներ են առաջադրվում նաև զինանշանին:
Ըստ այդմ, պաշտոնատար անձանց և պետական կազմակերպությունների ղեկավարների գրասենյակներում, պաշտոնական հանդիպումների սենյակներում եւ դահլիճներում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում զինանշանը տեղադրվելու է նախագահության հետևի պատին՝ նախագահողի թիկունքի ուղղությամբ: Սահմանվում է, որ զինանշանը զետեղվում է մուտքի մոտ տեղադրված ցուցանակի վրա պետական կազմակերպության անվանման հետ միասին ցուցանակի վերին կենտրոնական մասում: Զինանշանի օգտագործումը պետական մարմինների, պետական կազմակերպությունների և դրանց ղեկավարների ձևաթղթերի, կնիքների վրա իրականացվելու է զինանշանի հետ կապված ընդհանուր տեխնիկական պայմաններին համապատասխան:
Արձագանքելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նկատեց, որ նախագծով հաշվի չեն առնվում զինանշանի հետ կապված ստեղծված աշխատանքային խմբի գործունեությունը: Ի պատասխան` նախարար Պողոսյանն ասաց, որ այս նախագծով այլ խնդիր է կարգավորվում: «Մյուս որոշմամբ մենք կհստակեցնենք զինանշանի գրաֆիկական պատկերը իր բոլոր բաղադրիչներով»,- ասաց նախարարը:
Հասմիկ Պողոսյանը Հովիկ Աբրահամյանին տեղեկացրեց, որ աշխատանքային խումբն ամբողջովին պատրաստ է և խնդրեց, որպեսզի առաջիկայում կառավարությունում քննարկվեն աշխատանքային խմբի ի րականացրած գործունեության արդյունքները:
Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին առաջիկայում նախատեսել նման քննարկում:
Նշենք, որ ընդունված նախագծով հաստատվեցին ՀՀ դրոշի և ՀՀ պետական զինանշանի տեխնիկական պայմանները, որոնք, որպես պարտադիր պայման, կկիրառվեն տպագրությունում, հեռուստառադիոեթերում, համացանցում, պաշտոնական ձևաթղթերում, տարադրամում, շքանշաններում, ակցիզային դրոշմանիշներում, կնիքներում, վկայականներում, հավաստագրերում, անձնագրերում, պետական կառույցների շքամուտքերում, պաշտոնական հանդիպումների ընթացքում, պետական ծառայողների համազգեստների վրա: Նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ստեղծված պետական խորհրդանշանների ճանաչման, արժևորման և հանրահռչակման ապահովման աշխատանքային խմբի, «Մենք» ազգային արժեքների պահպանման հիմնադրամի ու հասարակական այլ կազմակերպությունների հետ համատեղ: