«Ես այն հազվագյուտ եվրոպացիներից մեկն եմ, ով ականատես է եղել հայ ժողովրդի զարհուրելի բնաջնջմանը». Արմին Վեգների բաց նամակն ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին
Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցին 168.am-ը հրատարակում է պատմական նշանակության բացառիկ արժեքավոր նամակների ընտրանի՝ գրված հայ ժողովրդի համար եղերական ջարդի տարիներին՝ ականատեսների, Ցեղասպանության մասնակիցների, վերապրածների, հայտնի քաղաքական գործիչների կողմից, թվագրված 1914-19թթ.:
Առաջին նամակը, որ ներկայացնում ենք ստորև, գրվել է գերմանացի մտավորական Արմին Թեոֆիլ Վեգների կողմից, ով Հայոց ցեղասպանության տարիներին եզակի լուսանկարների շարք է ստեղծել և վավերագրական բացառիկ վկայություններ թողել այդ ողբերգության մասին: Վեգներյան ապակետիպ լուսանկարների և դրանց նեգատիվների հավաքածուն ներկայումս պահվում է Գերմանիայի Մարբախ քաղաքի Շիլլերի ազգային թանգարանի և գրականության արխիվներում: Օսմանյան կայսության օրոք հայ ժողովրդի նկատմամբ իրագործված աննախադեպ ոճրագործությունների ականատեսն իր ձայն է ուղղել ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին, որտեղ, մասնավորապես, ասվում է.
Բաց նամակ ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին
«Այս տեղահանության նպատակը բնաջնջումն է». Թալեաթ
«Պարո´ն նախագահ, չփակե´ք Ձեր ականջներն այն պատճառով, որ մի անծանոթ է խոսում Ձեզ հետ: Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում անցյալ տարվա հունվարի 8-ին Դուք մի պահանջ եք ներկայացրել՝ ազատություն տալ Օսմանյան կայսրության լծի տակ տառապող ոչ թուրք ժողովուրդներին: Դրանցից մեկն էլ հայ ժողովուրդն է: Ահա այս ժողովրդի համար է, որ ես ձայն եմ բարձրացնում:
Ես այն հազվագյուտ եվրոպացիներից մեկն եմ, որ ականատես է եղել հայ ժողովրդի զարհուրելի բնաջնջման՝ սկսյալ Անատոլիայի բերրի տարածքներից, մինչև այդ ժողովրդի թշվառ խլյակների ոչնչացումը Միջագետքի անմարդաբնակ անապատներում. Ինձ իրավունք եմ վերապահում Ձեզ ներկայացնել սարսափի և տառապանքի պատկերները: Ավելի քան երկու տարի շարունակ դրանք անցել են իմ աչքերի առջևով՝ ինձ այլևս չլքելու համար:
…Այդպիսով՝ նրանք մի ամբողջ ժողովրդի՝ տղամարդկանց, կանանց, ծերերին, երեխաներին, հղի մայրերին, թոթովախոս մանուկներին, քշեցին արաբական անապատները՝ միայն ու միայն սովամահ անելու նպատակով: …Ընտանիքները ոչնչացնելուց առաջ տղամարդկանց խումբ-խումբ մորթեցին, շղթաներով կամ պարանով իրար կապած՝ գետը նետեցին, ձեռք ու ոտք կապած՝ լեռների բարձունքներից անդունդները գլորեցին, կանաց վաճառքի հանեցին հանրային շուկաներում և ծերերին ու պատանիներին, մտրակների սարսափելի հարվածների տակ, փողոցներում տաժանակիր աշխատանքների դատապարտեցին:
Սա էլ դեռ բավական չէր՝ մեկընդմիշտ ձեռքերը ոճրի մեջ թաթախելով՝ Թուրքիայի հայ բնակչությանը, նրա ղեկավարներին ու խոսնակներին առևանգելուց, օրվա ու գիշերվա բոլոր ժամերին անկողիններից մեծ մասամբ կիսամերկ հանելուց հետո նրանց տները թալանեցին, գյուղերը հրկիզեցին, եկեղեցիներն ավերեցին կամ իրենց սեփական աղոթատեղիի վերածեցին:
… Հայոց աշխարհից սկիզբ առած շարասյուներով տեղահանվածների թիվն անցնում էր հազարներից, սակայն Հալեպի մոտակայք հասածների ողջ մնացածների թիվն այլևս տասնյակներից չէր անցնում. նրանք իրենց հետևում թողել էին գարշահոտով պարուրված, ուռած և սևացած դիակներով ծածկված ամբողջ դաշտեր ու լեռներ: Մերկ, բռնաբարված, կողոպտված ու թալանված կուտակվում էին նրանք այստեղ ու այնտեղ, իրար վրա կամ մեջքմեջքի իրար կապված՝ նետվում էին Եփրատի ալիքների մեջ՝ ձկներին կեր դառնալու: … Հայերի պարագայում մի այնպիսի անարդարություն է կատարվել, որ ոչ մի ժողովրդի նկատմամաբ մինչև օրս չէր կատարվել: Նախնադարի վայրենի ժողովուրդներն են գուցե նման ճակատագրի արժանացել: Այստեղ, սակայն, խոսքը մի քաղաքակիրթ ժողովրդի մասին է՝ պանծալի անցյալի տեր մի ժողովրդի, որը մնայուն ծառայություններ է մատուցել գեղարվեստի, բանաստեղծության և գիտության բնագավառներում, բազմաթիվ տաղանդավոր զավակներով, խորին հավատով, գերհարգելի քահանայակազմով մի քրիստոնյա ժողովրդի մասին:
Պարո´ն նախագահ, նրա զավակներից շատ-շատերը, որոնք ավելի վաղ ցրվել էին աշխարհով մեկ և ազատվել թուրքական հետապնդումներից, ապրում են նաև Ձեր երկրում: Նրանք սովորել են երկրագնդի գրեթե բոլոր լեզուները: Նրանց կանայք ու աղջիկները սովոր էին ճոճաթոռների մեջ կամ մաքրամաքուր բացված սեղանների առջև նստել և ոչ թե անապատներում ինչ-որ խոռոչների մեջ սողոսկվել: Նրանք խելացի վաճառականներ էին, բժիշկներ, գիտնականներ, նաև արվեստագետներ, պատվարժան, բախտավոր գյուղացիներ, որ Թուրքիայում գտնվող իրենց հողամասերն էին ծաղկեցնում, և նրանց միակ մեղքն այն էր, որ մի այլ լեզվով էին խոսում և ծնվել էին որպես մեկ այլ հավատքի երեխաներ: …Այս փոքրիկ ժողովրդի ապագան չպե´տք է թաղվի մեծ պետությունների եսակենտրոն պահանջների հետևում: Պարո´ն նախագահ, փրկեցե´ք Եվրոպայի պատիվը…»:
Արմին Վեգներ
Բեռլին, հունվար, 1919թ.
Գերմանացի մտավորական Արմին Թեոֆիլ Վեգների բաց նամակը՝ գրված 1919թ. հունվարին, ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին, վերցված է «Պատասխան 100 տարի անց» երկլեզու պատկերագրքից: