«Սերժ Սարգսյանն Արցախում տարածքների վերադարձի հարց չի քննարկել, որևէ մեկը չի սպառնացել ու դուռ չի շրխկացրել». Գառնիկ Իսագուլյան
«Ցավ եմ ապրում, երբ այս օրերին չճշտված լուրեր են տարածվում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցին Արցախ։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 18-ին աշխատանքային այցով մեկնել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, որտեղ հանդիպել էր ինչպես՝ ԼՂՀ քաղաքական ուժերի ներկայացուցիչների, այնպես էլ՝ Արցախի ՊԲ հրամկազմի հետ։
«Ազատություն» ռադիոկայանն անդրադառնալով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի խորհրդակցությանը ԼՂ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ՝ զրուցել էր իշխող «Ազատ հայրենիք» խմբակցության անդամ Վարդգես Ուլուբաբյանի հետ, ով որոշ փակագծեր էր բացել։ Պատգամավորի խոսքով՝ հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը բարձրացրել է նաև տարածքների փոխզիջման հարցը։
«Այնպես եմ հասկացել, որ ինքը եկել ա մեր կարծիքը լսելու, մենք մեր կարծիքն ասել ենք։ Ինքը կարծիք չի հայտնել, ինքը մեզ էր ուզում լսի ու լսեց։ Ամեն դեպքում՝ էլի նոր բան չենք խոսել, ինչ-որ հայտնագործություններ չկար»,- պատմել էր Ուլուբաբյանը։
Իսկ մեկ այլ լրատվամիջոց տեղեկություններ էր հայտնել այն մասին, որ հանդիպումն անցել էր բավականին լարված մթնոլորտում, և հանդիպման մասնակիցներից ոմանք՝ սպառնացել, իսկ ոմանք՝ պարզապես լքել էին խորհրդակցության դահլիճը։
Գառնիկ Իսագուլյանը նախ՝ տեղեկացրեց, որ ՀՀ նախագահի հանձնարարականով ապրիլի 2-ից ԼՂՀ-ում է, այցելել է տարբեր պաշտպանական գոտիներ, հետևել իրավիճակի զարգացումներին և ցավում է, որ բոլոր այն խոսակցությունները, որոնք տարածվում են մամուլում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Արցախ կատարած աշխատանքային այցի մասին, որևէ կապ չունեն իրականության հետ, պարզապես չեն համապատասխանում իրականությանը։
«Այդ տեղեկությունները վերաբերում են հանդիպմանը, որը կայացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի ու Արցախի խորհրդարանի բոլոր խմբակցությունների պատգամավորների միջև։ Հստակեցնեմ, որ այն խոսակցությունները, թե տարածքների վերադարձի խոսակցություն բացելուց հետո ինչ-որ մեկը շրխկացրել է դուռը և դուրս եկել, ինչ-որ մեկը սպառնացել է, որ կգնդակահարի տարածքներ հանձնողին, չի եղել, ընդհանրապես տարածքների վերադարձի մասին քննարկում չի եղել։
Տեղի է ունեցել անկեղծ զրույց նախագահների ու պատգամավորների միջև, որի ընթացքում որևէ տարածք հանձնելու հետ կապված միջադեպեր տեղի չեն ունեցել, անկեղծ մտքերի փոխանակում և զրույց է եղել»,- ասաց Իսագուլյանը։
Վերջինս նշեց, որ ցավ է ապրում, երբ նման խոսակցություններ են տարածվում։ «Բոլոր նրանք, ում մտահոգում է ԼՂ հիմնախնդրի հայանպաստ կարգավորումը, բոլոր նրանք, որոնք հարգում են մեր հերոս տղաներին, զոհերին, թող նման լուրեր չտարածեն»,- ասաց Իսագուլյանը։
Մեր այն հարցին՝ եթե անկեղծ զրույց է եղել, ապա ինչպե՞ս է հնարավոր եղել շրջանցել տարածքների վերադարձի հարցը, որը կա ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային սեղանին առկա բոլոր փաստաթղթերում, Իսագուլյանը պատասխանեց, որ դրան նախորդել էին քառօրյա պատերազմական գործողությունները, որոնց ժամանակ Արցախի ՊԲ-ն, հայ հերոս տղաները կարողացել էին պարտադրել հրադադար, ուստի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այցը ԼՂՀ պայմանավորված էր վերջին օրերին տեղի ունեցած դեպքերի շուրջ մտքերի փոխանակմամբ։
«Ասել, որ այդ հանդիպումների ժամանակ փաստաթուղթ է հրամցվել, տեղին չէ, որովհետև ՀՀ նախագահը չէր եկել ինչ-որ փաստաթուղթ քննարկելու պատգամավորների և մնացած գործիչների հետ։ Նա եկել էր նախորդած դեպքերի շուրջ լուրջ և խորը զրույցի համար, ամփոփվել է այն, ինչ տեղի է ունեցել, դրա դրական և բացասական կողմերը։ Ինքս չեմ մասնակցել այդ զրույցին, բայց քանի որ ԼՂՀ-ում եմ, հանդիպել եմ բոլոր խմբակցությունների պատգամավորների հետ, կարող եմ ասել, որ քննարկվել է այս օրերի իրավիճակը և այն առաջարկները, որոնք ներկայացրել են պատգամավորները»,- նշեց Իսագուլյանը։
Խոսելով ԼՂՀ-ի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու հավանականության վերաբերյալ, որի մասին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել էր ապրիլի 2-ին հրավիրած Ազգային անվտանգության խորհրդի նիստում, Իսագուլյանն ասաց, որ ՀՀ նախագահի արցախյան այցի ընթացքում բազմաֆորմատ քննարկումներ են ծավալվել, որոնց ընթացքում ՀՀ նախագահը լսել է, ըստ էության, բոլոր կողմերին, բնականաբար, առանձնազրույց է ունեցել ԼՂՀ նախագահի հետ, քննարկվել են այդ խնդիրները ևս, որոնց մասին իրենք անհրաժեշտության դեպքում համապատասխան հայտարարություններ կանեն, կամ նման որոշումները համապատասխան կառույցների միջոցով գործողության կդրվեն։ «Խնդրանքս է՝ ձեռնպահ մնացեք տարածել որևէ չճշտված լուր»,- կրկնեց ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը։