Սերժ Սարգսյանը ԼՂ Ազգային ժողովում բարձրացրել է տարածքների փոխզիջման հարցը. azatutyun.am

«Ազատություն ռադիոկայանը» գրում է. Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի խմբակցությունները համակարծիք են՝ ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, բայց 4-օրյա բախումները ցույց տվեցին, որ Ադրբեջանը դա չի ցանկանում։

Օրեր առաջ Լեռնային Ղարաբաղ այցելած Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը խորհրդակցություն էր անցկացրել նաև ԼՂ օրենսդիր մարմնի ներկայացուցիչների հետ։ Քննարկմանը ներկա իշխող «Ազատ հայրենիք» խմբակցության անդամ Վարդգես Ուլուբաբյանը որոշ փակագծեր է բացում։ Պատգամավորի խոսքով՝ հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանը բարձրացրել է նաև տարածքների փոխզիջման հարցը։

«Այնպես եմ հասկացել, որ ինքը եկել ա մեր կարծիքը լսելու, մենք մեր կարծիքը ասել ենք։ Ինքը կարծիք չի հայտնել, ինքը մեզ էր ուզում լսի ու լսեց։ Ամեն դեպքում՝ էլի նոր բան չենք խոսել, ինչ-որ հայտնագործություններ չկար», – պատմեց Ուլուբաբյանը։

Իշխող կուսակցության ներկայացուցչի խոսքով, տարածքների հարցն ընդհանրապես կարող շոշափվել բացառապես Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումից հետո։ Հակամարտության կարգավորման տարբերակի հարցում խմբակցությունները համակարծիք են՝ խնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով։ Մինչդեռ, պատգամավորների կարծիքով, 4-օրյա բախումները ցույց տվեցին, որ Ադրբեջանը դա չի ցանկանում և այս փուլում նախևառաջ պետք է հզորացվի ՊԲ-ի սպառազինությունը։

Ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար Հայկ Խանումյանի պնդմամբ, կարգավորման փաստաթղթի յուրաքանչյուր կետ պետք է նախևառաջ հավանության արժանանա Ղարաբաղի կողմից։ Շրջանառության մեջ դրված Մադրիդյան կամ Կազանյան փաստաթղթերում, ըստ Խանումյանի, արդեն իսկ տեղ են գտել Ղարաբաղի շահերին հակասող մի շարք դրույթներ։ «Վերածնունդ» խմբակցության համար անընդունելի է հատկապես տարածքների փոխզիջման հարցը։

«Դուք եղել եք Թալիշում և տեսել եք, որ այդ մի քանի դիրքերի գրավումը ադրբեջանցիների կողմից ինչ վիճակ է ստեղծել Թալիշ գյուղի համար և որոշ թաղամասեր ուղղակի ֆիզիկական գոյության եզրին են կանգնած։ Դուք պատկերացնո՞ւմ եք, եթե ավելի մեծ տարածքներ անցնեն Ադրբեջանին։ Այդ դեպքում Արցախի ամբողջական շրջաններ, ամբողջ բնակչության ֆիզիկական գոյության խնդիրը կլինի», – պարզաբանում է Խանումյանը։

«Ժողովրդավարություն» խմբակցության ղեկավար Վարդգես Բաղրյանի պնդմամբ, խնդրի կարգավորմամբ զբաղվող Մինսկի խումբը կամ միջազգային հանրությունը տարածքային հարցերը քննարկելիս չեն կարող անտեսել Լեռնային Ղարաբաղի իշխանության և ժողովրդի կարծիքը։

«Այն տարածքները, որի մասին այսօր այդքան խոսվում է, ամրագրված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանադրությամբ։ Դուք էլ շատ լավ գիտեք, որ Սահմանադրությունը ընդունվում է համաժողովրդական հանրաքվեով։ Իսկ ո՞վ կարող է իրեն իրավունք վերապահի միանձնյա փոխի սահմանադրություն», – ասում է նա։

ԼՂ Ազգային ժողովում ընդդիմությունը ներկայացնող Հայկ Խանումյանի պնդմամբ, ղարաբաղյան իշխանությունները ի վիճակի են թարմացնել բանակի «20-րդ դարի 80-ական թվականների զենքերը»։

«Կան անարդյունավետ ծախսեր։ Մեր կուսակցությունը անընդհատ հանդես է եկել, նաև ընտրությունների ժամանակ, այդ ուռճացված բյուրոկրատիան կրճատելու, գնումների հետ կապված չարաշահումների, կոռուպցիոն ռիսկերի հետ կապված առաջարկություններով և բնականաբար այստեղ նույնպես կարելի է գտնել միջոցներ, որոնք պետք է ուղղվեն սահմանների պաշտպանությանը», – ասում է ընդդիմադիր պատգամավորը։

Տեսանյութեր

Լրահոս