Ինչ են ասում եվրոպացիները. «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Ապացուցված փաստ է` երբ մենք որեւէ մեկի հետ հանդիպում ենք, իսկ հետո պատմում ենք այդ հանդիպման մասին, ապա ավելի երկար եւ հանգամանալից ներկայացնում ենք այն, թե ինչ ենք մե՛նք ասել, եւ ոչ թե այն, ինչ ասել է մեր զրուցակիցը: Դա արտացոլվում է նաեւ պաշտոնական մամուլի հաղորդագրություններում: Եթե երկու երկրների X եւ Y պաշտոնյաների հանդիպում է տեղի ունենում, ապա X-ի մամուլի գրասենյանը 4 պարբերություն նվիրում է իր շեֆի ասածներին, որը «նշեց», «անդրադարձավ» եւ «կարեւորեց», ու մեկ պարբերությամբ հիշատակում է Y-ի ասածները:

Առավել «ամփոփ» ներկայացվում են պաշտոնյաների եւ բնակիչների հանդիպումների մանրամասները. այսինչը «ծանոթացավ մարզի (համայնքի) սոցիալ-տնտեսական վիճակին», իսկ այնուհետեւ «նշեց» եւ «անդրադարձավ»: Թարգմանաբար դա նշանակում է, որ բնակիչները (եթե, իհարկե, նրանց թույլ տվեցին շփվել պաշտոնյայի հետ) «բացեցին բողոքների տոպրակը», բայց չի ասվում, թե հատկապես ինչից են բողոքել, իսկ հետո պաշտոնյայի ճառն այն մասին, թե «ինչ ծրագրեր կան», տրվում է ամենայն մանրամասնությամբ:

Հիմա մեր իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչներն ինտենսիվորեն հանդիպում են եվրոպական կառույցների ներկայացուցիչների հետ: Հետո լրատվամիջոցներին պատմում են, թե ինչ են իրե՛նք ասել եվրոպացիներին, իսկ վերջում «մեկ պարբերությամբ» հավելում են, որ եվրոպացիներն իրենց հետ հիմնականում համամիտ էին: Ստացվում է, որ մերոնք, մեղմ ասած, տրամագծորեն հակառակ տպավորություններ ունեն եվրոպացիների դիրքորոշման վերաբերյալ եւ իրենց զրուցակիցների ասածները մեկնաբանում են այնպես, ինչպես իրենց է հարմար»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս