Հայկ Սարգսյանի գաղտնի նամակը ՊՆ-ին եւ Սուրեն Պապիկյանի արձագանքը. «Հրապարակ»

Գաղտնիք չէ, որ իշխանության ներսում դժգոհություն է կուտակվել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի եւ նրա անձնակազմի՝ տեղակալների, բանակի գեներալների հանդեպ: Օրերս «Հրապարակին» հասանելի դարձավ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի եւ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ներքին նամակագրությունը, որը դրա վկայությունն է: Նամակագրությունը նրանք վարել են անցյալ տարեվերջին, կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի միջոցով: Աշխատակազմի ղեկավարը ՊՆ-ում տիրող թերությունների վերաբերյալ գրությունը ստացել է Հայկ Սարգսյանից, ուղարկել է նախարարին, որից էլ ստացել է նրա արձագանքը: Հայկ Սարգսյանը մատնանշել է ավելորդ ու ժամանակատար թղթաբանությունը, ՊՆ շենքում բազմաթիվ գնդապետների կատարյալ անգործությունը, այն, որ զինվորական համազգեստը, որը դեռ 2022 թվականից խոստացել էին փոխել, բայց այդպես էլ չեն փոխել, մրցույթների ընթացակարգի թերությունները, գաղտնիության սկզբունքի չարաշահումը, որի արդյունքում անգամ ատամի մածուկի կամ վաքսի անհրաժեշտ քանակը կարող է պետական գաղտնիք համարվել:

«Մենք ունենք կառավարման արագության անկում՝ մեծամասամբ պայմանավորված գաղտնիության ռեժիմի գերարժեւորման հետ։ Նոր համազգեստի, սննդի մատակարարման եւ այլ մրցույթների կազմակերպումը մեզնից պահանջում է տարիներ։ Գաղտնիության հետ կապված հիմնական խնդիրներն են․
1. Սահմանափակ թվով կազմակերպություններ են տեղյակ լինում եւ մասնակցում մրցույթներին: Մասնակիցների փոքր թվով պայմանավորված, մրցույթները լինում են պակաս մրցակցային` ունենում ենք ֆինանսական միջոցների կորստի ռիսկեր:
2. Թղթաբանությունը եւ բուն մրցույթի ընթացքը դանդաղում են՝ ցանկալի նպատակին հասնում ենք շատ ավելի ուշ, քան մեզ անհրաժեշտ է, եւ ժամանակն սկսում է մեր դեմ աշխատել։
3. Դանդաղելով ունենում ենք ֆինանսական միջոցների կորուստ եւ որակապես ավելի ցածր գնումներ, քանի որ մեկ անձից գնումներ կատարելիս գինը լինում է ավելի բարձր՝ մրցույթի արդյունքներով ձեւավորվող գնից, իսկ որակը՝ ավելի ցածր»,- գրում է Հայկ Սարգսյանը, եւ նրա հետ դժվար է չհամաձայնելը:

Ըստ նրա, գաղտնիության ռեժիմը բերում է նրան, որ որոշում կայացնելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը հասանելի է դառնում օրերի ընթացքում՝ այն դեպքում, երբ այն կարող է հասանելի լինել նույն պահին, բայց ՊՆ աշխատակիցներին արգելվում է օգտագործել համակարգիչներ եւ օգտվել համացանցից։ Եվ սա՝ այն դեպքում, երբ «հակառակորդը հեշտությամբ կարողանում է դիտարկել եւ տեղորոշել մեր զորամասերը, զինտեխնիկան, մարտական դիրքերն ու դրանց սնուցման ճանապարհները»: Ո՞ւմ է պետք նման գաղտնիությունը, որը միայն խնդիրների է հանգեցնում:

«ՊՆ շենքում անձամբ եմ մտել բազմաթիվ գնդապետների աշխատասենյակներ եւ հայտնաբերել, որ նրանք մատնված են կատարյալ անգործության։ Չի կարող վարչական շենքում աշխատող բարձրաստիճան զինվորականը կամ որեւէ այլ պաշտոնյա արդյունավետ աշխատել առանց համակարգչի։ Պետք է անհապաղ քննարկել վարչական շենքում աշխատող զինվորականների մեծ մասին այլ ծառայության վայրեր տեղափոխելու հարցը՝ հաշվի առնելով հատկապես սահմանային զորամասերում սպայական անձնակազմի թերի եւ ոչ պատշաճ որակավորում ունեցող կադրերով համալրվածությունը»,- գրում է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Սարգսյանը։ ՊՆ շենքում, նույն շրջայցի ժամանակ նա «համատարած անգործության ֆոնին» տեսել է հազվագյուտ պաշտոնյաների, որոնք աշխատում են գերբեռնված, օգտագործում են միաժամանակ երկու համակարգիչ, որոնցից մեկն անձնական նոութբուք է՝ աշխարհի հետ կապ պահելու համար:

Պաշտպանության նախարարը մեծ մասամբ ընդունում է պատգամավորի նշած խնդիրները, որոնք, ըստ նրա, «խրոնիկ բնույթ ունեն», դրանք արդեն ներկայացված են «Բանակի կերպափոխման հայեցակարգում»: Բայց անձնակազմի անգործության մասին պնդումը չի ընդունում: «ՊՆ-ում համակարգիչներից եւ համացանցից օգտվելու արգելքի, ինչպես նաեւ ՊՆ շենքում բազմաթիվ գնդապետների կատարյալ անգործության մասին պնդումներն առնվազն չափազանցված են»,- պատասխանում է Արայիկ Հարությունյանին։ Բանակում հաստիքացուցակն ու վարձատրությունը բարելավվում են, ներքին փաստաթղթաշրջանառության թվայնացումը, որի բացակայության համար նրան մեղադրում է Հայկ Սարգսյանը, նույնպես ընթացքի մեջ է, իսկ գաղտնիության հետ կապված՝ «մեղավոր» է օրենքը, որը պետք է փոխվի: «Բարձրաձայնված խնդիրները մեծապես գտնվում են ոչ թե գնումների, այլ գաղտնիության հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրության տիրույթում»,- գրում է նախարարը։

Նա ընդունում է, որ մեթոդաբանության բացակայության պատճառով գնումների պլանում առանձին դեպքերում ներառվում են այնպիսի ապրանքներ, աշխատանքներ եւ ծառայություններ, որոնք առերեւույթ գաղտնիք չեն պարունակում, բայց գաղտնիության հետ կապված օրենսդրությունն այնքան լայն է, որ ՊՆ-ի հետ առնչվող ցանկացած գնման առարկա կարող է գաղտնի համարվել: «Պետական գաղտնիք պարունակող գնման գործընթացների մասով առկա է խնդիր, քանի որ, «Պետական գաղտնիքի մասին» օրենքի համաձայն, պետական գաղտնիք պարունակող գնումների հրավերը պետք է տրամադրվի միայն գաղտնիության գործավարություն իրականացնելու թույլտվություն ունեցող մասնակիցներին, ինչը նշանակում է, որ այդ մասնակիցների մոտ պետք է առկա լինի ռեժիմային գաղտնի մարմին: Սակայն ներկայում գնման ընթացակարգերին պոտենցիալ մասնակից կազմակերպությունների գերակշիռ մասը չունի ռեժիմային գաղտնի մարմին, ինչը նշանակում է, որ մի շարք գնման գործընթացներ հնարավոր է չկայանան՝ առաջացնելով ապահովման խնդիր»,- արդարանում է Պապիկյանը:

ՀԳ. Լուրերը, թե պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանից ոչ բոլորն են գոհ, վաղուց են սպրդում կառավարությանը մոտ շրջանակից: ՔՊ-ականները նրան դատապարտում են դանդաղկոտության, զինված ուժերի համար ստեղծված հնարավորությունները չօգտագործելու հարցում: Իշխանական շրջանակներում կարծիք կա, որ քաղաքական իշխանությունը վերջին 3 տարում բանակի համար զգալի թե՛ ֆինանսական ռեսուրսներ է ստեղծել, թե՛ միջազգային կապեր՝ ամերիկացիների, անգլիացիների ու ֆրանսիացիների, հնդիկների ու չինացիների հետ: Այդպիսի հնարավորություններ բանակը երբեք չի ունեցել, բայց վատ կառավարման արդյունքում ՊՆ-ն չի կարողանում իրացնել այդ հնարավորությունները: Կատարվել է հսկայական աշխատանք, որը, սակայն, չի համապատասխանում ՊՆ-ի աշխատանքային տեմպին: ՊՆ-ն փղի դանդաղկոտությամբ, հանգիստ ու դինջ, իր համար ապրում է՝ այնպիսի տեմպով ու ոճով, որը չի համապատասխանում այսօրվա իրավիճակին: Անգամ շքերթը, որը տեղի է ունենալու մայիսի 28-ին, ցուցադրելու է պետության, իշխանությունների ձեռքբերումը եւ միտված է լինելու նախընտրական քարոզչությանը, բայց ո՛չ բանակի ուժին ու կայացմանը: Եվ այս կարծիքը եւս տարածված է կառավարությանը մերձ շրջանակներում:

Տեսանյութեր

Լրահոս