Բաժիններ՝

Դասավանդե՞լ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան 2-4-րդ դասարաններում, թե՞ ոչ

Այսօր «Մեդիա Կենտրոնում» տեղի ունեցավ «Դասավանդե՞լ Հայոց եկեղեցու պատմություն 2-4-րդ դասարաններում, թե՞ ոչ» թեմայով քննարկումը, որին մասնակցում էին բանախոսներ՝ Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը, Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր դպրոցի ուսումնական կենտրոնի ղեկավար Մարիետ Սիմոնյանը, կրթության հարցերով փորձագետ Արմինե Դավթյանը, Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի կրտսեր դպրոցի ավագ մանկավարժ Գոհար Սարգսյանը:

Կրթության հարցերով փորձագետ Արմինե Դավթյանը նշեց, որ իրենց կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզել են՝ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման ընթացքում առկա են կրթական մոտեցումների ոչ կոռեկտ միջամտություններ:

«Հասարակական կարծիքի տեսանկյունից և այլ տեսակետներից մեր ուսումնասիրությունների ընթացքում բախվում ենք հետաքրքիր համայնապատկերի՝ հասարակության մեջ կան գաղափարական 4 խմբավորումներ, որոնք առաջ են քաշում այս հիմնախնդրի վերաբերյալ տեսակետներ՝

  1. Ոչ քրիստոնեական հավատի կամ դավանանքի կողմնակիցները:
  2. Առաքելական եկեղեցուն հարող զանգվածը:
  3. Աթեիստներ և իրավապապաշտպան զանգվածը, որը հիմնականում հարցին անդրադառնում է մարդու իրավունքների և խղճի ազատության տեսանկյունից:
  4. Չեզոք զանգվածն է:

Իմ խնդիրն է՝ լուծել երեխայի կրթության և դաստիարակության հետ կապված այն հիմնախնդիրները, որոնք կարող են վնասել երեխայի կրթությանը, դաստիարակությանը, զարգացմանը և այլն: Ստացվում է, որ բոլոր առումներով ես հարում եմ իրավապաշտպան կողմին, ինչ-որ առումներով՝ նաև մյուս բոլոր կողմերին, որովհետև դավանանքի իրավունքը համարում եմ նորմալ, մարդկային իրավունք: Խանգարելը ինչ-որ մեկին սեփական հավատի ընտրության իրավունքին կամ քաղաքացուն այս կամ այն կերպ ուղղորդելը համարում եմ մարդու իրավունքների կոպիտ խախտում, ինքնուրույն կողմնորոշման խախտում»,- ներկայացրեց իր տեսակետը կրթության հարցերով փորձագետ Արմինե Դավթյանը:

Կարդացեք նաև

Բանախոսն ընդգծեց. «Այս առումով դիտարկելով «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան իր բովանդակությամբ՝ ստացվում է որոշակի միակողմանի և ընդհանրական պատկերը հաշվի չառնող մի դասընթաց, որը նպատակ է դրել ինչ-որ մի ուղղություն առաջ տանելու, և նույնիսկ, եթե անգամ դա լավ է, դրական է, ապա շատ հարցերում ստացվում է, որ այն խախտում է մարդու իրավունքների որոշակի ոլորտ»:

Բանախոսը նշեց, որ փորձելով հասկանալ, թե ի՞նչ լուծումներ կարելի է այս խնդրի շուրջ առաջ քաշել, իրենք որոշակի ուսումնասիրություններ են արել՝ օն-լայն սոցիոլոգիական հարցումներ, որին, ըստ տիկին Դավթյանի, մասնակցել է մոտ 30 քաղաքացի, որի արդյունքում եկել են հետևյալ եզրակացության. «Այն թյուր կարծրատիպը, որով մենք հասարակության մեջ ուզում ենք տարածել թե եկեղեցին արժեհամակարգի ստեղծող է, իսկապես թյուր կարծիք է: Իհարկե, եկեղեցին որոշակի ժամանակաշրջանում որոշակի դերակատարություն ունեցել է, բայց այսօր արդեն եկեղեցին չունի այն դերակատարությունը, որը փորձում են իրապես հրամցնել»: Բանախոսը նշում է, որ ինքը դեմ չէ հանրակրթական դպրոցներում բարոյական արժեհամակարգի ստեղծմանը, սակայն նպատակահարմար և արժանահավատ չի գտնում դա անել կրոնի պատմության առարկայի կամ Հայ եկեղեցու պատմությունը ներկայացնող ընդունված ձևաչափի տեսքով՝ առարկայի դասավանդումը բնորոշելով՝ որպես քողարկված միտումների առաջքաշման տարբերակ, որը հակասում է քաղաքակիրթ օրենքներին: Իսկ եթե խախտվում են օրենքներ, ապա բանախոսն առաջարկում է սկսել օրենքները փոխելուց:

Անդրադառնալով առարկայի բովանդակությանը՝ կրթության հարցերով փորձագետ Արմինե Դավթյանը նշեց.

«Ես պնդում եմ, որ այս առարկայի դասավանդումը պարունակում է հստակ քարոզչություն, և դրա վառ ապացույցը դասագրքի բովանդակությունն է: Ահա ձեզ այդ առարկայի որոշակի վերնագրեր, որոնք անհնար է քարոզչություն չհամարել: Օրինակ, «Ադամի և Եվայի ընտանիքը», Կայեն-Աբել, Նոյ նահապետը, Նոյի որդիները, Տապանի կառուցումը, և այլն: Այս թեմաները մտցված են «Ընտանիք» թեմայի տակ, որը դավանաբանական հարց է պարունակում: Եթե մի թեմա առաջ է քաշում հավատալու կամ չհավատալու խնդիրը և գիտական ապացուցման խնդիրներ, ապա այստեղ արդեն առաջ է գալիս դավանաբանության հարց: Որպես ամփոփում՝ կարող եմ հստակ նշել. այս առարկայի դասավանդումը վնասում է երեխային և խոչընդոտում նրա ինտեգրացիայի բնականոն ընթացքին՝ ստիպելով հավատալ մի բանի, որի մասին իրեն տանը գուցե այլ բան են սովորեցնում: Սրանով երեխաների մեջ հստակ դասակարգում են մտցնում՝ թշնամանք առաջացնելով միմյանց նկատմամբ»:

Կրթության հարցերով փորձագետ Արմինե Դավթյանի հնչեցրած տեսակետները կասկածի տակ առնելով՝ քննարկման մասնակից, Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն Անահիտ Բախշյանը հակադարձելով՝ ասաց, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը պետք է սկսել ոչ թե երկրորդ, այլ նույնիսկ առաջին դասարանից.

«Մենք ապրում ենք մի հասարակության մեջ, որտեղ խտրականություններն ամեն տեղ են: Երբ դուք ասում եք, որ դասարաններում այսպիսի տարբերակումներ են լինում, ապա եկեք հաշվի առնենք, որ փոքրերը սովորում են մեծերից: Այնպես որ, այստեղ մեղադրել քրիստոնեական կրթությանը, ուղղակի պարզունակ է»:

Անահիտ Բախշյանը կարծիք հայտնեց, որ շատ ավելի լավ կլիներ, եթե այդ առարկան կոչվեր «Քրիստոնեական կրթություն», և նույնիսկ Կրթության մասին օրենքով է ամրագրված, որ հայ եկեղեցին պետք է մասնակցություն ունենա երեխաների հոգևոր կրթության և զարգացման գործում.

«Իմ կարծիքով՝ այս ճանապարհն այս պահին ամենաօպտիմալն է, և հազար տարի առաջ էլ, հազար տարի հետո էլ այդպես է լինելու: Ուսումնական այս առարկայի ներդրումը շատ կարևոր նպատակ է հետապնդում՝ երեխաների մեջ ամրագրել քրիստոնեական արժեքները՝ որպես բարոյական արժեքների հիմք: Իմ փորձը ցույց տվեց, երբ ես 1995 թվականից այդ առարկան ներմուծեցի հենց առաջին դասարան և դրան զուգահեռ՝ համատեղ մտցրեցի քաղաքացիական իրավունք և ներառական կրթություն ծրագրերը, ապա սրանք իրար շաղկապելով՝ տեսանք, թե մթնոլորտի ինչ դրական փոփոխություններ են տեղի ունենում դպրոցի ներսում»:

Ասուլիսի մյուս բանախոս, Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանի կրտսեր դպրոցի ավագ մանկավարժ Գոհար Սարգսյանը, անխոս, կիսում է այն մոտեցումը, որ քրիստոնեական մշակույթի ծանոթացումը, բարոյագիտական սկզբունքների ձևավորումը պետք է տեղ գտնեն դպրոցներում.

«Խնդիրն այստեղ այլ է՝ պետք է հասկանալ, թե ճեմարանի ուսուցման ո՞ր փուլում պետք է դա ընդգրկել: Իհարկե, ընտրվել է միջին դպրոցի աշակերտների շրջանը և դասավանդվում է չափորոշիչային և նպատակային պահանջներով: Այս առարկան որպես ուղղակի առարկա չի դասավանդվում: Մոտեցումն այս առարկայի նկատմամբ շատ հոգեհարազատ է, և այդ զգացումը մենք փորձում ենք կապել նաև հոգևորականների հետ ակտիվ հանդիպումներ կազմակերպելով: Այս առումով սերտ համագործակցություն ունենք Տեր Կյուրեղի հետ: Այդ հանդիպումները երեխաների մեջ ձևավորում են քրիստոնեական մշակույթը: Պատահական չէ, որ առարկայի դասավանդման պարտադիր գործընթացներից մեկը կազմակերպվող էքսկուրսիաներն են դեպի եկեղեցիներ, լինի կրթօջախի տարածքում թե դրսում, կարևոր չէ, և դրանք ինքնանպատակ չեն»:

Գոհար Սարգսյանը նշեց նաև, որ իրենց հաջողվել է ակտիվ համագործակցություն ունենալ ծնողների հետ՝ բերելով նրանց այդ դաշտ: Անդրադառնալով առարկայի դասավանդման մեջ ներգրավված ոչ բանիմաց ուսուցիչների խնդրին, Գոհար Սարգսյանը նշեց, որ սա լուրջ խնդիր է, որի դեմ պայքարում ինքը կհամագործակցի բոլոր դպրոցների հետ: Անահիտ Բախշյանն անդրադառնալով խնդրին՝ նկատեց, որ այդպիսի իրավիճակ կարող է ստեղծել միայն տնօրենը, որովհետև ուսուցչին ընտրում է հենց նա:

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրտսեր դպրոցի ուսումնական կենտրոնի ղեկավար Մարիետ Սիմոնյանը, անկասկած, կարևոր և պարտադիր է համարում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը հանրակրթական դպրոցների բոլոր տարիքային խմբերում՝ անխտիր:

«Մենք ոչ միայն՝ կրտսեր դպրոցում, այլև՝ նախակրթարանում նույնպես ներառում ենք այս առարկայի դասավանդումը: Մեր կրթահամալիրի օրացույցում մենք ունենք տաղավար տոներ, որոնք մեր կրթահամալիրի տարբեր օղակներում իրականացվում են տարբեր կերպ: Կրթությունը չի կարող կյանքից կտրված լինել, նա գալիս է կյանքից և գնում է դեպի կյանք: Այս առումով շատ կարևոր է, որ մեր սաներն անմիջականորեն ընդգրկվեն քրիստոնեական դաստիարակությանը՝ ոչ միայն տեսական գիտելիքներ ստանալով, այլև ճանաչողական բնույթի այցերով՝ եկեղեցիներ, հանդիպումներ հոգևոր ոլորտի ներկայացուցիչների հետ, և այլն»,- ընդգծեց Մարիետ Սիմոնյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս